
Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը
«Դինո Գոլդ մայնինգ» կանադական ընկերությունը 2013 թ. հուվարին դատական հայց է ներկայացրել հայ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ:
Բանն այն է, որ Ե. Ներսեսյանը 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հանքագործների նկատմամբ «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունն էլեկտրաշոկ է կիրառել[1]:
Սակայն ընկերությունը ժխտում է էլեկտրաշոկի մասին լուրերը, պահանջում է հերքել բարձրաձայնված տեղեկությունը և չարատավորել իր բարի համբավը: Հայկական մամուլը բազմիցս անդրադարձել է «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությանը, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ ընկերության գործունեությանը և պարզել, թե որքանով է այդ համբավը «բարի»:
«Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը կանադական «Դանդի փրեշըզ մետալզ» միջազգային հանքարդյունաբերական ընկերության մասնաճյուղերից մեկն է: Հայաստանում այն հիմնադրվել է 2004 թ.-ին` Սյունիքի մարզի Կապան քաղաքում: «Դանդի Փրեշըզ Մեթալս» կազմակերպության պաշտոնական կայքում (http://www.dundeeprecious.com)[2] հստակ նշված են այս ընկերության կողմից դավանած արժեքները՝ թափանցիկ աշխատելաոճ, հարգանք դեպի մարդու արժանապատվությունը, անվտանգ աշխատանքային պայմաններ, շրջակա միջավայրին վնաս չհասցնելու պարտավորություն և այլն: Այսպիսի արժեքներ նշված են լինում գրեթե բոլոր հանքարդյունաբերող ընկերությունների կայքերում, սակայն այդ արժեքները իրականում չեն գործում Հայաստանում և նմանատիպ երկրներում, որոնք, ըստ էության, դարձել են այլ երկրների հանքահումքային կցորդներ: Բացառություն չէ նաև «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը, որն իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել և խախտում է վերոնշյալ արժեքները: Այդ մասին են վկայում մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները, որոնց ցանկանում ենք անդրադառնալ հերթականությամբ.
Բնապահպանական խնդիրներ
1.«Դանդի փրեշըզ մետալզ»-ն իր հրապարակած արժեհամակարգի մեջ նշում է, որ ստանձնել է բնապահպանական որոշակի պարտավորություններ, որոնք ենթադրում են շրջակա միջավայրին չվնասող գործունեության ծավալում: Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ «Դինո Գոլդ մայնինգ»ն իր բնապահպանական պարտավորությունները չի կատարում կամ կատարում է խիստ թերի: Այսպես, ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարում արդեն մի քանի վթար է տեղի ունեցել[3]: Ուսումնասիրության արդյունքներով`2012 թ.-ի նոյեմբերի 15-ին[4] և նույն թվականի դեկտեմբերի 1-ին[5] այս վթարները շրջակա միջավայրին, հողատարածքին և ջրային ռեսուրսներին հասցրել են զգալի վնասներ (վնասը գնահատվել է համապատասխանաբար 2 մլն 280 հազար դրամ և 2 մլն 4 հազար 8 հարյուր դրամ): Ի դեպ, բնակիչներն ի սկզբանե դեմ են եղել պոչամբարի կառուցմանը[6], սակայն այն կառուցվել է, որով, փաստորեն, ոտնահարվել է համայնքի բնակիչների՝ իրենց վերաբերող որոշումներին մասնակցելու իրավունքը: Ընդ որում՝ ընկերությունն ի սկզբանե հավաստիացնում էր, թե Գեղանուշի պոչամբարի նախագիծը կազմվել է` հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը, և հետևաբար` պոչամբարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հասցված է նվազագույնի: Պոչամբարում տեղի ունեցած վթարները վկայում են հակառակը: Իսկ 2013 թ.-ին ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կազմած եզրակացության համաձայն՝ Գեղանուշի պոչամբարի ջրատարը կառուցվել է հին պոչամբարի վրա՝ խախտումներով և նախագծային շեղումներով: Ֆինանսավորումը իրականացվել է «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» (EBRD) 4 միլիոն դոլար վարկային միջոցներով[7]: Եթե կառուցման մեջ նախագծային շեղումներ կան, և պոչամբարում վթարներ են գրանցվում, հետևաբար գումարը նպատակին չի հասել, իսկ որ պակաս կարևոր չէ, շրջակա միջավայրն ու բնակիչները ապահովվագրված չեն հետագա այլ վթարներից:
2007 թ.-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում իրականացված բնապահպանական ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր մի շարք խախտումներ ընդերքի ոլորտում: Ընկերությունում հայտնաբերված խախտումների տուգանքի չափը, ըստ Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչության, կազմել էր ավելի քան 300 մլն դրամ, այսինքն` ապօրինաբար յուրացվել էր 550 կգ ոսկի[8]:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2008 թ.-ին ընկերությունում նշանակվեց կրկնակի ստուգում, և 2007 թ.-ի տուգանքների չափը նվազեց մոտ 20 անգամ` դառնալով 12 մլն դրամ, այսինքն` ապօրինաբար յուրացված էր 50 կգ ոսկի: Առաջին ստուգման հանձնաժողովի անդամ, ընդերքի փորձագետ Սամվել Գասպարյանը, որն էլ հայտնաբերել էր վերոհիշյալ խախտումները, 2008-ի կրկնակի ստուգման ժամանակ չընդգրկվեց ստուգման հանձնաժողովի կազմում և պայմանագիրը նրա հետ խզվեց[9]:
Ուստի, հիմնավոր կասկածներ են առաջ գալիս, որ հայաստանյան պաշտոնյաների գործունեության մեջ կան կոռուպցիոն ռիսկեր, իսկ հանքարդյունաբերող ընկերության անպատասխանատու գործունեությունը հանգեցնում է նրան, որ կազմակերպությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, որից հետո` խույս տալիս լիարժեք պատասխանատվության ենթարկվելուց: Մի՞թե կանադական ընկերությունը բնապահպանական պարտավորություններ վերցնելով ի նկատի ունի դրանք մասնակիորեն կատարելը, բնությանն ու մարդկանց հասցված վնասը լիարժեք չփոխհատուցելը և կոռումպացված պաշտոնյաների հետ համաձայնության գալը:
Բացի այդ, ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ նաև «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գործունեության արդյունքում Կապան համայնքը և շրջակա համայնքներն աղտոտված են ծանր մետաղներով և թունավոր տարրերով, սակայն ընկերությունն այս վնասները վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում[10]:
Ավելին, ընկերության կողմից Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործման պատճառով անհնար է դառնում տվյալ տարածքում ապրելը և գյուղատնտեսությամբ զբաղվելը[11]:
Հարգանք դեպի մարդու աշխատանքը
2. «Դանդի փրեշըզ մետալզ» ընկերությունն իր արժեքների մեջ նշում է հարգանքը դեպի մարդու աշխատանքն ու կարիերայի զարգացումը, գործընկերների հետ շփման մեջ կարևորում է ազնվությունը և այնպիսի լուծումներ գտնելը, որոնց դեպքում կհարգվեն թե´ մարդկանց անհատական կարիքները, թե´ կորպորատիվ շահերը: Սակայն 2009 թվականից սկսած` «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունում պարբերաբար բարձրանում են բողոքի ալիքներ, օրեր շարունակվող գործադուլներ: Պատճառը` աշխատողներին չվճարված գիշերավճարներն են, վնասակար աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձերը, ընկերությունում կատարվող կրճատումները, ցածր աշխատավարձերը[12]: Ավելին, գործադուլներին ու բողոքներին հաջորդում են աշխատանքից հեռացումները, ինչը դժգոհության նոր ալիք է բարձրացնում[13]: Ընդ որում` աշխատանքից ազատվում են հիմնականում նրանք, ովքեր գործադուլի են դուրս եկել և պահանջել են իրենց ոտնահարված իրավունքների վերականգնում: 2011 թ. դրությամբ՝ հաշվարկների համաձայն` ընկերությունը միայն գիշերավճարի դիմաց աշխատողներին պարտք էր ամսական 11 մլն դրամ: Այսինքն` միայն գիշերավճարների մասով ուներ տարեկան 264 մլն դրամ պարտք, որը կուտակվել էր օրենքը սխալ կիրառելու հետևանքով[14]: Աշխատակիցներից շատերն իրենց հասանելիք աշխատավճարները կարողացան ստանալ միայն դատական կարգով: «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն 2005-2007 թթ. նախկին և ներկա աշխատակիցներին գիշերավճարների պարտքը ամբողջությամբ վճարեց միայն 2011 թ. գարնանը[15]: Դատական մի գործ ցայտուն կերպով ցույց է տալիս, թե որքանով է «Դինո Գոլդ Մայինինգ»-ը հոգում իր աշխատակիցների առողջության ու իրավունքների պաշտպանության մասին: Հանքում աշխատելու պատճառով հիվանդություն ձեռք բերած մի աշխատակցի ընկերությունն ազատում է աշխատանքից՝ խուսափելով տեղափոխել նրա առողջական վիճակին համապատասխան մեկ այլ աշխատանքի և հրաժարվելով հոգալ նրա բուժման ծախսերը: Աշխատակիցը ստիպված է լինում դատական գործ հարուցել ընկերության դեմ, և միայն սրանից հետո կարողանում է վերականգնել աշխատելու և բուժում ստանալու իր իրավունքները[16]:
Թափանցիկ աշխատանք
3. Ընկերությունը նշում է, որ իր գործընկերների և աշխատակիցների հետ աշխատում է թափանցիկ և բաց: Սակայն աշխատակիցներին աշխատանքից ազատելիս մեծամասամբ չեն բերվում օրինական հիմնավորումներ: Բացի այդ, թափանցիկ աշխատելաոճի կարևորագույն խախտումներից է այն, որ «Դինո Գոլդ մայինինգ»-ը պարբերաբար հրաժարվում կամ խուսափում է տրամադրել իր գործունեության մասին տեղեկատվություն, որն անմիջականորեն վերաբերում է ՀՀ քաղաքացիների առողջությանը և բնապահպանական խնդիրներին: ԶԼՄ-ները բազմիցս նշել են, որ իրենց չեն տրամադրվում 2007-2009 թթ. կատարված բնապահպանական ստուգումների արդյունքները: Բնապահպանական նախաձեռնությունները նույնպես դիմել են «Դինո Գոլդ մայինինգ»-ին՝ ստանալու համար մինչև օրս իրականացված բնապահպանական ստուգումների ակտերի կրկնօրինակները, հարցում է ուղարկվել, թե արդյոք աշխատակիցներն ունեն առողջապահական ապահովագրություն, թե ոչ, բժշկական ի՞նչ հետազոտություններ են անցնում աշխատակիցները, ի՞նչ հիվանդություններ են հայտնաբերվել և այլն:
Ի դեպ, թերթերից hetq.am-ը նշում է, որ իրենց տրամադրության տակ կա մի փաստաթուղթ, որտեղ նշված են մեկ այլ ստուգման արդյունքներ` կատարված 2010 թ.: Ըստ այս ստուգման` 2010 թ. առաջին եռամսյակի հաշվետվությունում չեն հաշվարկվել մետաղների հետևյալ չափաքանակները' Zn-152,20 տ, Pb-22,7 տ, Au - 38,81 կգ, Ag -100 կգ: Հայտնաբերված չարաշահումների համար «Դինո Գոլդ Մայնինգ»-ը տուգանվել է մոտ 250 մլն դրամ: Սակայն այդ ակտն այսօր պարզապես չկա: Եվ այս ստուգումների մասին նախարարությունը թերթի հարցման պատասխանում չի հիշատակել: Ո՞ւր է անհայտացել այս ակտը և ի՞նչ պատասխանատվության ու թափանցիկության մասին կարող է խոսք գնալ այստեղ:[17]
Սակայն հարցումներից շատերը մինչև օրս մնում են անպատասխան: Վերջերս կայացած ասուլիսում ընկերության նորանշանակ տնօրեն Հրաչ Ջաբրայանը հրապարակային հայտարարեց, որ չի պատրաստվում իրենց գործունեության մասին որևէ տեղեկատվություն տրամադրել բնապահպաններին, քանի որ «նրանք իրեն վիրավորել են»[18]: Սա որևէ կերպ չի ապացուցում, որ ընկերությունն աշխատում է թափանցիկ ու բաց:
Անվտանգություն
4. Ընկերությունը նշում է նաև, որ աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը կարևորագույն տեղ ունեն իրենց արժեհամակարգում, որ մարդկանց անվտանգությունը չի կարող վիճարկվել: Սակայն «Դինո գոլդ մայնինգ» ընկերությանը պատկանող հանքավայրում, ցավոք, մահվան մի շարք դեպքեր են գրանցվել: Հայկական մամուլում առկա է առնվազն 6 հոգու մահվան դեպք՝ 2006թ., 2008թ., 2009թ., 2011թ.:[19] Մեզ հայտնի է միայն մեկ մահվան դեպքի հետաքննության արդյունքը, ըստ որի՝ աշխատանքի համար պահանջվող մի շարք պայմաններ բավարարված չեն եղել, որոնք, ուղղակիորեն դժբախտ պատահարների պատճառ չհանդիսանալով, կարող էին նպաստել դժբախտ պատահարների տեղի ունենալուն[20]: Հարց է առաջանում. որո՞նք են անվտանգության այն երաշխիքները, որոնք վիճարկման ենթակա չեն և որոնք պետք է պաշտպանեն ընկերության աշխատակիցների կյանքը, առողջությունն ու անվտանգությունը, ունեն արդյո՞ք աշխատակիցները կյանքի ապահովագրման պայմանագրեր: Ի դեպ, «Դանդի փրեշըզ մեթալզ» ընկերության պաշտոնական կայքում նշված է մահվան միայն մեկ դեպք «Դինո Գոլդ Մայնինգ»-ում[21]: Ի՞նչ պատասխան ունի «Դինո Գոլդ մայնինգ»-ը մամուլում նշված այս բոլոր մահվան դեպքերի առնչությամբ, որո՞նք են եղել այս աշխատակիցների մահվան պատճառները, ինչո՞ւ մինչև օրս որևէ հրապարակային պարզաբանում չի տրամադրվել:
Համայնք և սոցիալական ծրագրեր
5. Դժվար է չկիսել «Դանդի Փրեշըզ մեթալզ»-ի այն համոզմունքը, որ ընկերությունները պետք է ձգտեն ավելի լավը դարձնել այն համայնքի բնակիչների կյանքը, որտեղ իրենք գործունեություն են ծավալում և անհրաժեշտության դեպքում այս ուղղությամբ ներդրումներ կատարեն: Սակայն «Դինո Գոլդ մայնինգ» ընկերության գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ լքել են իրենց բնակավայրերը կամ տարհանվել: Հարց է առաջանում. համայնքին օգնելը և տվյալ բնակավայրն ապրելու համար ավելի լավ վայր դարձնելը ինչպե՞ս է պատկերացնում ընկերությունը. արդյո՞ք տվյալ համայնքի բնակիչներին իրենց բնակավայրից տարհանելով:
Դատական հայց՝ բնապահպան ակտիվիստի դեմ և նոր հանքի շահագործման նախագիծ
Փաստորեն, «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը բազմիցս ոտնահարել է իր աշխատակիցների իրավունքները, իր գործունեությամբ վնաս է հասցրել շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը, չի ապահովել իր կողմից շահագործվող հանքի պոչամբարի անվտանգությունը, մինչև օրս չի տրամադրել հանրության կողմից պահանջվող տեղեկատվությունը, և այսքանով հանդերձ՝ դեռ ծրագրեր ունի բաց եղանակով շահագործելու Շահումյանի ոսկու հանքը, այն դեպքում, երբ նոր հանքի շահագործման դեմ բազմաթիվ մասնագիտական փաստարկներ կան[22]:
Ճիշտ է, ընկերությունը մերժում է էլեկտրաշոկ կիրառելու մասին լուրերը և դատական հայցով փորձում է վերականգնել իր, այսպես կոչված, բարի համբավը: Սակայն հարկ է նշել, որ այս մասին տեղեկությունը մամուլում հայտնվել է Եղիա Ներսեսյանի ելույթից շատ ավելի վաղ: Ըստ «Սյունյաց երկիր» պարբերաթերթի՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան անհնազանդ հանքագործների հանդեպ էլեկտրաշոկ կիրառելու պատրաստություն էր տեսնում: Թերթի ունեցած տեղեկություններով, «այդ մասին ընկերության սեփականատերը տեղեկացվել է փոքր-ինչ ուշացումով, ինչը և դարձել է առանձնահատուկ քննարկման առարկա»:[23] 2011թ. ապրիլին բնապահպան ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանն այս մասին նշել է իր հարցազրույցում[24], սակայն ընկերությունը նրանից առ այսօր ոչ մի հերքում չի պահանջել: Ի դեպ, 1in.am-ում տեղադրված մի նյութում նշվում է, որ ««Առաջին լրատվական»-ին հաջողվեց ճշտել, որ իրականում էլեկտրաշոկ գնել էին: Բայց դա ոչ թե անհնազանդ բանվորների համար էր, այլ պիտի օգտագործվեր հատուկ դեպքերում»:[25] Այժմ ընկերությունը ժխտում է, որ ձեռք է բերվել էլեկտրաշոկ: Սակայն լրատվական կայքին միգուցե նո՞ւյնպես պետք է հարցաքննության կանչել. հնարավոր է` նրանք ճշգրտեն, թե կոնկրետ ումից են ստացել այդ տեղեկությունը: Հատկանշանական է նաև այն փաստը, որ ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետտան պաշտոնանկ արվեց 2011թ.՝ ընկերությունում բարձրացած գործադուլների ալիքից, դատական գործերից ու էլեկտրաշոկի մասին տեղեկությունների տարածումից հետո: Հարց է ծագում, թե ինչո՞ւ դատական հայց ներկայացվեց Եղիա Ներսեսյանի դեմ և ինչո՞ւ հենց 2012 թ. ԱՄՆ-ում ունեցած ելույթից հետո։ Կարելի է եզրակացնել, որ Եղիա Ներսեսյանի՝ ԱՄՆ-ում հնչեցված խոսքերն ավելի լայն արձագանք գտան, և «Դինո Գոլդ Մայնինգ»ը, լինելով մեծ չափի վարկ ստանալու ճանապարհին, պահանջում է չարատավորել իր բարի համբավը՝ ցանկանալով մեծացնել բանկից վարկ ստանալու իր հնարավորությունը: Սակայն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ թերահավատ են ընկերության ասածների հանդեպ, քանի որ արդեն տեսել են ընկերության կողմից հռչակված արժեքների, ասված խոսքի և գործնականում կատարվող քայլերի միջև լուրջ հակասություններ: Իսկ ընկերության բարի համբավը արատավորվում է հենց ընկերության կողմից թույլ տված բացթողումների, օրինախախտ ու մահաբեր գործունեության արդյունքում: Ուստի, մենք հիմքեր ունենք մտածելու, որ ակտիվիստի նկատմամբ կիրառվող ճնշումը նպատակ ունի լռեցնելու բնապահպանների ձայնը և իրագործելու ընկերության հաջորդ նախագիծը՝ բաց հանքի շահագործում բնակելի տարածքից ընդամենը 1,5-2 կմ հեռավորության վրա:
Պահանջում ենք, որ «Դանդի Փրեշըզ մեթալզ» ընկերությանը պատկանող «Դինո Գոլդ Մայինինգ» ընկերությունը հավատարիմ մնա իր կողմից հռչակված արժեքներին, հետևի շրջակա միջավայրին չվնասելու` իր կողմից ընդունված պարտավորությանը, հարգի աշխատակիցների իրավունքներն ու ապահովի աշխատանքային այնպիսի պայմաններ, որտեղ չեն վտանգվի մարդկանց կյանքն ու առողջությունը:
Կանադայում և այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին կոչ ենք անում հետևել բոլոր այն ընկերությունների գործունեությանը, որոնք հանքեր են շահագործում Հայաստանում և չեն կատարում իրենց պարտավորությունները՝ վնաս հասցնելով հայ ժողովրդին ու Հայաստանի բնությանը։
Ողջ հայությանը կոչ ենք անում անմասն չմնալ հայրենի բնության պաշտպանության գործից, քանի որ իրենց անմիջական մասնակցությունն ու աջակցությունն այդ հարցում խիստ կարևոր է: Ցանկալի կլինի, որ մեր հայրենակիցները նույնպես իրենց բողոքի ձայնը բարձրացնեն գերմանական, կանադական, ամերիկյան, ռուսական ընկերությունների անպատասխանատու և ապօրինի գործունեության դեմ: Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին կոչ ենք անում արտահայտել իրենց բողոքը օրենքով չարգելված բոլոր միջոցներով՝ կոչեր, հայտարարություններ, դիմումներ, բողոքների կազմում և հրապարակում, հարցազրույցներ ԶԼՄ-ով, բողոքի ակցիաներ այս ընկերությունների գլխավոր գրասենյակների վարչական շենքերի դիմաց և այլ միջոցառումներ: Բնապահպանների դեմ հարուցված որևէ գործ չի կարող մեզ կանգնեցնել` պայքարելու ընդդեմ Հայաստանի էկոգաղութացման և հանուն մեր հայրենի բնության պահպանության ու սոցիալական արդարության հաստատման: Համատեղ ջանքերով մենք ավելի հեշտությամբ ու ավելի արագ կկարողանանք վերջ տալ Հայաստանում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրներին: Տեղեկացեք, միացեք, աջակցեք և մի´ մոռացեք, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է:
Իսկ բոլոր այն կազմակերպություններն ու բանկերը, որոնց գործունեության արդյունքում կվնասվի մեր բնությունը, կվտանգվի ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը և հարցականի տակ կդրվի նրանց անվտանգությունը, կարժանանան հանրության խորը անվստահությանն ու կվարկաբեկեն իրենց գործարար անունն ու համբավը:
Համահայկական բնապահպանական ճակատ
Facebook group: https://www.facebook.com/groups/armecofront/
E-mail: [email protected]
Լեւոն Գալստյան, Աննա Աղլամազյան, Մարիամ Սուխուդյան
[4]http://www.ecolur.org/hy/news/mining/already-second-breakdown-at-deno-gold-mining-in-2012-photos/4348/
[9]Տե´ս 7-րդ հղումը:
[11] http://www.ecolur.org/hy/news/mining/environmentalists-and-deno-gold-mining-crossed-swords-again/656/
[19]1) http://hetq.am/arm/print/10709/, 2)http://www.armtown.com/news/am/a1p/20080110/56200/, 3) http://old.hetq.am/am/society/deno-gold-mining-4/, 4)http://www.aravot.am/2011/02/09/172147/
[20]http://www.ecolur.org/hy/news/mining/deno-gold-mining-company-workers-death-cause-revealed/2262/
[21]http://www.dundeeprecious.com/English/sustainability/our-people/health-and-safety/health-and-safety-data/default.aspx
[22] http://www.ecolur.org/hy/news/mining/we-oppose-to-opencast-development-of-shahumyan-polymetallic-mine-in-kapan-armenia/2008/
[25]Տես 21-րդ հղում
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել