HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Նստացույցը արդյունք կտա, բայց փոփոխություն չի լինի». պահեստազորի գնդապետ

«Միջինը 40-50 հազար դրամը հաշմանդամ, բուժման կարիք ունեցող մարդու համար բավարար լինել չի կարող: Դա ուղղակի ծաղր է, իմաստ էլ չունի այդ մասին խոսել: Դա այն գումարը չէ, որը կարելի է քննարկել, և ասել, որ սա միգուցե հնարավոր է, երկիրը ծանր վիճակում է, և այլն»,- ասուլիսի ժամանակ ասաց իրավաբան, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով մայիսի 12-ից Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկների պահանջներին: Վ. Ավետիսյանը նշեց նաև, որ անձամբ նստացույցին չի մասնակցում, սակայն սատարում է ազատամարտիկներին:

Նստացույց անող ազատամարտիկների պաստառներից մեկի վրա գրված «Մենք վարձկան չենք» արտահայտությունը պահեստազորի գնդապետը մեկնաբանեց այսպես. «Փաստորեն, ստացվում է այսպես՝ երբ մենք պետք ենք, երբ երիտասարդ ենք, առողջ ենք, ծառայում ենք, մեզ ինչ-որ չափով տանելի գումար տալիս են: Հենց ծառայությունից ազատվում ենք, այլևս ոչ մի բանի պիտանի չենք, և մեզ ուղղակի փշրանքներ են նետում, վերաբերվում են ինչպես վարձկանին, որովհետև միայն վարձկանին է, որ ծառայությունից հետո չեն վճարում»:

Վ. Ավետիսյանի դիտարկմամբ՝ նստացույցը որոշակի արդյունք գուցեև տա, բայց արմատական փոփոխություն չի լինի, այսինքն՝ ազատամարտիկների պահանջները չեն բավարարվի, որովհետև, ըստ բանախոսի, մեր երկրում պետական կառավարման համակարգը մակաբուծական, սպառողական է, որի համար ազատամարտիկը արժեք չունի, և ուղղակի վախենալով հասարակական հնչեղությունից՝ իշխող վարչախումբը պարզապես կարող է իրեն հասու մեթոդներով այդ մարդկանց մի մասին ցրել, մի մասին խաբել, համոզել, խոստումներ տալ, փոքր-ինչ բարելավել նրանց վիճակը:

Խոսելով նստացույցին հասարակության արձագանքի մասին՝ Վ. Ավետիսյանն ասաց, որ ավելին չէր սպասում, թեև մեկ-երկու տարի առաջ կվրդովվեր, եթե տեսներ, որ տասնյակ հազարավոր մարդիկ հրապարակում՝ ազատամարտիկների կողքին չեն, կամ ոչ բոլոր ազատամարտիկներն են մասնակցում նստացույցին: Ըստ բանախոսի՝ դա չի նշանակում, որ մնացածն ունակ չէ ընդվզելու, պայքարելու, պարզապես արթնացման, իմաստավորման և այլ գործընթացներով անցնելու կարիք ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter