
Երվանդ Զախարյանի խնամին սնա՞նկ է. ո՞ւր է անհետացել 1,5 միլիարդը (վիդեո)
«Ու՞ր են կորել մեր գումարները, ե՞րբ են մեզ հանձնելու մեր բնակարանները»,-այս հարցի պատասխանները փնտրելով՝ Մամիկոնյանց 51/2 հասցեի կիսակառույցում նախնական պայմանագրով բնակարաններ ձեռք բերած քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել հենց կիսակառույցի առաջ:
Քաղաքացիները հստակ չեն պատկերացնում՝ կոնկրետ ո՞ւմ է ուղղված իրենց բողոքը: Կառուցապատող «ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ն 2007 թվականին, նախնական պայմանագրեր կնքելով, վաճառել է դեռեւս անավարտ շենքի 68 բնակարան: Շենքը պետք է շահագործման հանձնվեր 2010-ի ամռանը, սակայն մինչ օրս այն կիսակառույց է:
«ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ն Սամվել Հովհաննիսյանին է: Նա Երվանդ Զախարյանի՝ Երեւանի նախկին քաղաքապետի խնամին է, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետը:
Բնակիչները կառուցման ողջ ընթացքում պարբերաբար վճարումներ են կատարել, ոմանք արդեն վճարել են բնակարանի ողջ արժեքը: Սակայն մայիսին քաղաքացիները պատահաբար տեղեկացել են, որ կիսակառույցը, որի գրեթե բոլոր բնակարանների դիմաց վճարված է, «Զարգացման հայկական բանկի» (ADB) կողմից հանվել է հարկադիր աճուրդի:
Բանկը 2 անգամ վարկ է տվել «ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ին եւ 2009 թվականին դատի է տվել ընկերությանը՝ վարկային պարտավորությունները չկատարելու համար: Ընդ որում՝ բանկ-ՍՊԸ «հարաբերություններին» քաղաքացինոերից ոչ ոք տեղյակ չի եղել: Ավելին՝ անգամ գործը դատարան մտնելուց հետո «ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ն շարունակել է նախնական պայմանագրով նշյալ շենքում վաճառել նորանոր բնակարաններ:
Քաղաքացիների տեղեկություններով՝ մի քանի օր առաջ՝ հունիսի 20-ին, «ՍԱՄՈՇ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Լեւոնը Մանուչարյան նշում է, որ ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սամվել Հովհաննիսյանն իրենց այդպես էլ կոնկրետ պատասխան չի տալիս. «ԻՆքն ասում է՝ ես անզոր եմ, ես չկամ, չգիտեմ՝ ինչ անել: Այնպիսի տպավորություն է, որ ձեռքերը լվացել է այս ամեն ինչից»:
«Եթե չոր օրենքով մոտենանք, բանկը ճիշտ է. այն ուզում է վերականգնել իր գումարները: Բայց իրականում, երբ բանկը գործարքի էր գնում «ՍԱՄՈՇ»-ի հետ, գիտեր, որ կա նաեւ երրորդ կողմ՝ բնակիչները, ովքեր ներդրումներ ունեն այդ շենքում,- շարունակում է Լեւոնը,- 1,5 միլիարդ դրամի ներդրումը մենք ենք կատարել, իսկ բանկը՝ ընդամենը 400 միլիոն: Շենքի վրա ծախսված ընդհանուր գումարի 90%-ը մուծել են բնակիչները: Այսինքն՝ միայն մեր մուծած գումարով գրեթե բավարար էր շենքը կառուցել: Ու՞ր են կորել մեր գումարները, ե՞րբ են մեզ հանձնվելու մեր բնակարանները, իսկ եթե բնակարանները չեն հանձնվելու, ուրեմն պահանջում ենք մեր գումարները»:
Այժմ բնակիչները պահանջում են Սամվել Հովհաննիսյանից կնքել հիմնական պայմանագիր: Նրանք մտահոգված են, որ շենքը աճուրդով վաճառվելու դեպքում կկորցնեն նախնական պայմանագրերով ձեռք բերված բնակարանները՝ վճարած ողջ գումարի հետ միասին:
Խնդրին «Հետքը» առաջիկայում մանրամասն կանդրադառնա:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել