
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
«Հետքը» բազմիցս անդրադարձել է «բացառիկ գերակա հանրային շահ» ասվածի նորքո ՀՀ քաղաքացիներին ունեզրկելու գործընթացին: Առանձին դրվագներով եւ անհատների պատմություններով մենք ցույց ենք տվել, թե իրականում ում շահն էր պաշտպանում ՀՀ կառավարությունը, եւ մեր դատարանների «արդարադատությունը» ինչ է արժենում ՀՀ պետբյուջեի վրա:
Նմանատիպ գործերով ընդդեմ Հայաստանի Հանրապետության Երվադարատարնի կայացրած վճիռները քիչ չեն: Բայց դրանից, ըստ երեւույթին, մեր դատական ատյանների գործելաոճը չի փոխվում:
Հյուսիսային պողոտայի կառուցապատման շրջանակներում Արամի 38 հասցեի նախկին բնակիչներ Փիլոյանների գործն այն բացառիկներից է, որ դեռ շարունակում է քննվել ներպետական ատյաններում: 2006 թ. Փիլոյաններին վտարել են մոտ 65 հազար ԱՄՆ դոլարի փոխհատուցում տրամադրելով միայն սեփականատիրոջը՝ ընտանիքի հորը: Վերջինիս՝ Տիգրան Փիլոյանի կնոջը, չափահաս եղբորը եւ երկու երեխաներին ոչ մի լումա չի հատկացվել:
2009 թ. ընտանիքը դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Ռուբեն Ներսիսյանը, կիրառելով հայցային վաղեմություն՝ Փիլոյաններին մերժել է՝ պատճառաբանելով, որ նրանք բաց են թողել խախտված իրավունքները վերականգնելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված 3-ամյա ժամկետը: Վերաքննիչ դատարանը, սակայն, 2010թ. փետրվարին դատավոր Ռ. Ներսիսյանի վճիռը բեկանել է եւ գործը կրկին ուղարկել առաջին ատյան: Վերադաս ատյանը վերջնականապես լուծել է հայցային վաղեմության խնդիրը՝ գտնելով, որ այն տվյալ գործով կիրառելի չէ: Վճռաբեկ դատարանը ոչինչ չի փոխել, եւ վերաքննիչի այս որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Այնուհետեւ Կենտրոնի դատարանը, Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, հայցը բավարարել է մասնակի՝ 2 միլիոն դրամի փոխհատուցում տրամադրելով միայն Տիգրան Փիլոյանի եղբորը՝ որպես պետական կարիքների համար գույքը վերցնելու արդյունքում ՀՀ կառավարության կողմից սահմանված աջակցության գումար: Ընտանիքի մյուս անդամներին փոխհատուցում հատկացնելու պահանջը դատավոր Մելքումյանը մերժել է:
Գործը կրկին մտել է վերաքննիչ դատարան: Այն նորից բեկանվել է եւ հետ ուղարկվել առաջին ատյան: Ընդ որում՝ վերաքննիչը, Կարեն Չիլինգարյանի նախագահությամբ, կոնկրետ ցուցումներ է տվել, թե ինչ պետք է արվի եւ որ հարցերին պետք է անդրադառնա առաջին ատյանը:
«Իրականում վերաքննիչ դատարանը կարող էր գործը ոչ թե հետ ուղարկել, այլ միանգամից որոշում կայացներ եւ փոխհատուցում տրամադրեր: Բայց քանի որ շատ հարցեր էր առաջ գալու՝ փոխհատուցման չափի հետ կապված, վերաքննիչը չուզեց դա անել եւ թողեց առաջին ատյանի դատավորների վրա»,- ասում է Տիգրան Փիլոյանը, ով մոտ 7 տարի է՝ ընտանիքի հետ վարձով է ապրում:
«Եվ գիտեք՝ հատաքրքիրը որն է: Ֆինանսների նախարարությունը վերաքննիչի այս՝ Կարեն Չիլինգարյանի որոշումը բոքոքարկեց՝ ասելով, որ սա կդառնա նախադեպ, բոլորը, ում մինչեւ հիմա փոխհատուցում չի տրվել, կգան ու գումար կպահանջեն, իսկ մեր բյուջեն չի բավարարի: Այսինքն՝ ոչինչ, որ մարդկանց իրավունքները խախտում են, անտուն են թողնում, իրենց միայն փողն է հետաքրքրում. կարեւորը՝ գումար չտան»,- շարունակում է Տիգրան Փիլոյանը:
Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել, եւ վերաքննիչի նշյալ որոշումը ստացել է օրինական ուժ: Առաջին ատյանում գործն այս անգամ քննել է դատավոր Կարինե Պետրոսյանը:
«Ավելի քան 4 տարի է՝ Փիլոյանների գործը դատարաններում է: Այս ընթացքում Եվրոպական դատարանը 3 նախադեպային վճիռ կայացրեց՝ Մինասյանը եւ Սեմերջյանը, Հովհաննիսյանը եւ Շիրոյանը, Երանոսյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի: Նույն իրավիճակն է բոլոր գործերով. մեկին մեկ համընկնում է Փիլոյանների գործին, եւ հստակ պաշտպանվել են օգտագործողների իրավունքները: Մենք Եվրադատարանի այս վճիռներից բոլոր հիմնվորումներն արտագրել ենք ու ներկայացրել մեր դատարաններին: Բայց, փաստորեն, ուղղակի հաշվի չեն առնում»,- նշում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Դատավոր Կարինե Պետրոսյանը վճռել է, որ Տիգրանի եղբայրը (ում նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Արայիկ Մելքումյանը 2 մլն դրամ էր հատկացրել) փոխհատուցում ստանալու իրավունք չունի, քանի որ «նա չի հանդիսանում խրախուսում ստացող սուբյեկտ»: Իսկ ընտանիքի մյուս անդամներին փոխհատուցում տրամադրելու պահանջը դատավոր Պետրոսյանը մերժել է՝ կիրառելով հայցային վաղեմություն: Սա այն դեպքում, երբ նույն գործի շրջանակներում վերադաս ատյանն արդեն արգելել էր կիրառել հայցային վաղեմություն:
«Սրանով առաջին ատյանը ոչ միայն հակաօրինական ակտ է կայացրել, այլեւ իշխանությունն է յուրացնում, որովհետեւ կա վերաքննիչի 2 հատ օրինական ուժի մեջ մտած որոշում, դրանք վերացված չեն, եւ Կարինե Պետրոսյանի վճիռը հակասում է դրանց: Սա ուղղակի դատական իշխանության յուրացում է, ինչը հանցագործություն է»,- ասում է փաստաբան Հայրապետյանը:
Փիլոյանների գործն այժմ նորից վերաքննիչում է: Թեեւ արդեն նշանակված էր դատարանի որոշման հրապարակման օրը, Գոհար Մատինյանի նախագահությամբ վերաքննիչի դատավորները որոշել են գործի քննությունը վերսկսել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել