HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական գործողություններ կատարելու նպատակով զինվորին տեղափոխել են Նոյեմբերյան

ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը վերջին 2 օրերին գտնվել է Վանաձորի զինվորական ոստիկանության մեկուսարանում: Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը մայիսի 15-ին իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կակոց է արձակել, որի հետևանքով պահակախմբում ընդգրկված, ժամակետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, լրագրող Ժաննա Ալեքսանյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսօր «Հետքի» հետ զրույցում կատարված հանցագործության բացահայտման համար կարևորեցին Դավիթ Խաչատրյանի պաշտպան ունենալու հանգամանքը:

«Դա հանցագործության բացահայտման համար կարևոր է այն առումով, որ Դավիթ Խաչատրյանին չխոշտանգեն և բռնությամբ ցուցմունքներ չկորզեն, այլ օրինական ցուցմունքներ տա, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը: Արթուր Սաքունցն էլ հայտնեց, որ երեկ երեկոյան մարդու իրավունքների պաշտպանի Վանաձորի գրասենյակի 2 աշխատակիցներ`Հայկ Կալչյանը և Արամայիս Մելքոնյանը փորձել են այցելել Վանաձորի զինվորական ոստիկանության մեկուսարան և տեսնել Դավիթ Խաչատրյանին, ինչը, սակայն, Վանաձորի զինվորական ոստիկանության պետ Արման Հովհանիսյանը արգելել է:

«Պաշտպանին ես եմ զանգել, ասել եմ`տեսեք կրակող զինվորը պաշտպան ունի, թե ոչ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը: Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը իրեն տեղեկացրել է, որ պաշտպանի գրասենյակը իրավունք չունի ռազմական ոստիկանության մեկուսարան մտնելու: «Բայց պաշտպանի գրասենյակը կարող է անարգել մտնել ցանկացած մեկուսարան, դա այսօր հաստատել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` ինձ հետ հեռախոսազրույցում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Որպեսզի մեկուսարանում այցելեն կրակող զինվորին Վանաձոր էր եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զինվորական գործերով խորհրդական Երանուհի Թամանյանցը: Սակայն այսօր առավոտյան խումբը տեղեկացել էր, որ Դավիթ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Նոյեմբերյան: «Կասկածներ ունեմ, որ տեղափոխել են այնտեղ, արդեն բռնությամբ կորզված ցուցմունքները ֆիքսելու, նկարահանումներ անելու և այլ»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Այսուհանդերձ, Արթուր Սաքունցը, Ժաննա Ալեքսանյանը հանդիպեցին Վանաձորի ռազմական ոստիկանության պետ Արման Հովհաննիսյանին: Վերջինս հայտնեց, որ այսօր ուշ երեկոյան կլրանա Դավիթ Խաչատրյանին Վանաձորի զինվորական ոստիկանության մեկուսարան տեղափոխելու երկու օրը: «Նա ձերբակալված է 6-րդ կայազորային քննչական բաժնի կողմից»,- տեղեկացրեց զինվորական ոստիկանության պետը: Նա նաև հայտնեց, որ տեղյակ չէ կրակող զինվորի փաստաբան ունենալու փաստին, քանի որ կատարվածը իր տարածքի դեպք չէ, իսկ Դավիթ Խաչատրյանին տեղափոխել են զինվորական ոստիկանության Վանաձորի մեկուսարան, քանի որ 6-րդ և 7-րդ կայազորների մեկուսարանը գտնվում է Վանաձորի տարածքում:

Արման Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Դավիթ Խաչատրյանին այսօր քննիչը տեղափոխել է գունդ`քննչական գործողությունների նպատակով: «Միգուցե այսօր միջնորդությամբ կդիմեն նաև դատարան`կալանքի որոշում ստանալու նպատակով: Ինքը ձերբակալված է քննիչի կողմից: Հասկանալի է՝ երեք օր: Դրա համար ես Ձեզ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նախաքննությունը մերը չի, դեպքը մերը չի»,- ասաց ոստիկանապետը:

Վանաձորի զինվորական ոստիկանապետին Արթուր Սաքունցը խնդրեց մեկնաբանել, թե ինչու է պաշտպանի Վանաձորի գրասենյակի աշխատողներին արգելել մեկուսարանում տեսակցել Դավիթ Խաչատրյանին: «Չէ որ նրանք իրավունք ունեին տեսնել այդ զինվորին»,- հարցրերց Ա. Սաքունցը: «Իհարկե, ճիշտ եք ասում, բայց հունվարին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մարդիկ են եկել այստեղ, և մեզ Կարեն Անդրեասյանի ստորագրությամբ և կնիքով ներկայացրել են գրություն, որտեղ նշված է, թե ովքեր իրավունք ունեն խոշտանգումների կանխարգելման նպատակով մուտք գործել մեկուսարան: Պաշտպանը 14 մարդու ցանկ է տվել, դրանք արագ արձագանքման խմբի փորձագետներն են, ցանկի մեջ չկար այդ տղաների անունները, ովքեր եկել էին»,- ասաց ոստիկանապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter