
Իրական ֆանտազյոր Բելա Տարը «Ոսկե ծիրանի» հյուրն է
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարևորագույն հյուրերից մեկը հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարն է: Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելոպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի «ֆանտազյոր»:
Բելա Տարի սև-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինեմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել:
Հռչակավոր ռեժիսորի երևանյան հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն «Նզովք», «Լոնդոնցի մարդը» և նրա վերջին «Թուրինյան ձի» ֆիլմերը: Բելա Տարը, Բեռլինում ներկայացնելով «Թուրինյան ձի» ֆիլմը և արժանանալով «Արծաթե արջ» մրցանակին, հայտարարեց համաշխարհային կինոյից հեռանալու մասին:
«Թուրինյան ձի» ֆիլմի նկարահանման շարժառիթ է եղել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարվա մասին միֆական պատմությունը: Ռեժիսորը այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին: Իսկ Աստծու մահվան ու նիհիլիզմի տեսությունները ոչ միայն գերմանացի փիլիսոփայի, այլև հունգարացի ռեժիսորի ֆիլմերի հիմնաքարն են կազմում:
Ինքը` Բելա Տարը, չի սիրում, երբ իր ֆիլմերն անվանում են «մետաֆիզիկական», և շրջանցում է փիլիսոփայական ընդհանրացումները: Նա հորդորում է իր հանդիսատեսին չզբաղվել ինտելեկտուալ աշխատանքվ, այլ «հավատալ աչքերով ու լսել սրտով»:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնի տեղեկացմամբ` երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը : Գլխավոր հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է, պետական աջակիցը` ՀՀ մշակույթի նախարարությունը:
Մեկնաբանել