
Հարազատները սպանված զինվորի դիակը փորձում են ոտքով հասցնել Կառավարության շենք
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում էջում գրել է, որ այս պահին նախարար Սեյրան Օհանյանը զրուցում է սպանված զինվորի՝ Լյուքս Ստեփանյանի ծնողներին հետ: Իսկ galatv.am-ը, որի նկարահանող խումբը Սևանում է, տեղեկացնում է, որ ոստիկանության հատուկ ջոկատայիններն արգելում են լրագրողներին տեսանկարահանումներ կատարել:
«Ինձ «Կենտրոնի» լրագրողը փոխանցեց, որ իրենց տեսախցիկը կոտրել են և վերցրել: «Երկիր մեդիա» լրատվամիջոցի տեսաերիզները ևս վերցրել են»,- դեպքի վայրից պատմում է «ԳԱԼԱ»-ի թղթակիցը՝ նշելով, որ զինվորի հարազատները ավտոմեքենայից դուրս են բերել դագաղը և փորձում են ոտքով շարժվել Երևան:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Դավիթ Խաչատրյանը մայիսի 15-ին իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կակոց է արձակել, որի հետևանքով պահակախմբում ընդգրկված, ժամակետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և ներկայումս գտնվում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Դ.Խաչատրյանը ձերբակալվել է, ընթանում է նախաքննություն:
Լյուքս Ստեփանյանի հարազատները, ի նշան բողոքի, այսօր որոշել են տղայի դին տեղափոխել Երևան՝ Կառավարության շենքի դիմաց, և սպառիչ պարզաբանում ստանալ, թե ինչ է իրականում կատարվել: Նրանք Մարտունի քաղաքից ուղևորվել են Երևան, սակայն իրավապահները Երևան-Սևան մայրուղում փակել են վերջիններիս ճանապարհը և մինչ այս պահը թույլ չեն տալիս շարժվել առաջ:
Լուս.՝ Facebook-ի օգտատեր Դիանա Բոստանջյանի, tert.am-ից
Մեկնաբանել