HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեւոր վթար (Էսսե)

Մաշկ ունեցող ամեն մարդ կարող է գրել: Գիրն առաջին հերթին արտահայտվում է մարդու մաշկի, նրա հատկանիշների միջոցով: Քանի որ մաշկն ամփոփում է մտքի եւ զգացողությունների բոլոր տարրերը: Մաշկը արվեստի թիվ մեկ զգայարանն է:

Իմ վթարի պատմությունը երկու տարվա վաղեմություն ունի: Բայց մինչ այդ ուզում եմ պատմել ուրվականներիս մասին, որոնց գոյությունը հետագայում հանգեցրեց մի տարօրինակ հիվանդության, որը, թերեւս, կարելի է Մաշկացավ անվանել: Ֆանտոմներն իմ ներսում պտտվում էին վաղ մանկությունից: Ես այդ մասին ոչ ոքի չէի պատմում:

Մինչեւ քսանութ տարեկան դառնալս մաշկիս մեջ բավականաչափ պատմություններ էին կուտակվել: Այդ ֆանտոմներն այնքան հաճախ ու երկար ժամանակով էին ինձ այցելում, որ սովորական, նույնիսկ առօրեական էին դարձել: Եվ հանկարծ մի տարօրինակ միջադեպ տեղի ունեցավ:

Քանի որ ես համոզված էի, որ կյանքիս առաքելությունը չտեսնված մի բան անելն է, որոշեցի գրել: Այն ֆանտոմը, որն առավել շատ էր ինձ այցելում, վերածվեց պատմվածքի: Ինձ թվում էր` գրածը ոչ մեկին չի հետաքրքրի, քանի որ ակնհայտ փաստ է, բոլորն էլ գիտեն այդ մասին: Բայց արի ու տես, որ պատմվածքը մեծ աղմուկ բարձրացրեց` ինձ հավաստիացնելով, որ իմ ֆանտոմները մարդկանց ոչ միայն ծանոթ չեն, այլ որոշակիորեն ազդում են նրանց զգայարանների վրա:

Այդ պահից սկսած` մոտ չորս տասնյակ ֆանտոմները, մեկը մյուսին հրմշտելով, լույս աշխարհ եկան: Պատահում էր, որ ես ինքս էի «կարճաժամկետ» ֆանտոմներ հորինում, բայց արդյունքում առավել հետաքրքիր ու հաջողված էին դառնում այն երկերը, որոնց աղբյուր հանդիսացող ուրվականատիպ զգացողություններն առավել երկար էին չարտահայտված մնում:

Գրականությունը դարձել էր իմ կյանքի իմաստը. ես ապրում էի գրելու համար եւ գրում էի, որ ապրեմ, քանի որ առանձին երեւույթների բացահայտումը եւ այդ երեւույթների ինձ համար պարզաբանումը իրագործվում էր միմիայն գրի միջոցով:  Մի խոսքով, իմ ֆանտոմները շուրջ տասը տարի, բավականին հաջող, այսպես ասենք, ինքնաարտահայտվում էին:

Բայց երկու տարի առաջ ամեն ինչ փոխվեց: Մեր երկրում չիրականացած հեղափոխության պատճառով, հատկապես մտավորության շրջանում, խորը ջրբաժան առաջացավ: Եթե հեղափոխությունն ինձ վախեցնում է հետագա «վհուկների որսով», ապա չիրականացած հեղափոխությունն առավելապես արտահայտվում է Հոգեւոր վթարի աննախադեպ հետեւանքներով:

Ցավոք, մեր երկրում մտավորականների բեւեռացումը սարսափելի չափերի հասավ: Մի մասը` շահից կամ պարզապես փողոց նետվելու վախից, դարձավ խավարամետ, մյուս մասը` ծայրահեղ մաքսիմալիստ, հետեւաբար, որոշ իմաստով, ընչազուրկ: Նման իրավիճակում, կարծում եմ, ավելորդ է խոսել մթնոլորտի մասին, քանի որ ստեղծագործական կյանքը հյուսվում է տվյալ ժամանակահատվածում, օդում սավառնող զգացողությունների ամենանուրբ թելերից: Արվեստում առուծախի միջոցով արտահայտվող ցանկացած արտանետում խաթարում է մի ընդհանուր, աննյութական պատկեր, որը հոգեւոր կյանք ենք համարում:

Մեր երկրում Հոգեւոր վթարը հիմնականում իրագործվեց հեռուստատեսություն անվանյալ զուգարանակոնքատիպ արկղի միջոցով: Չիրագործված հեղափոխության արդյունքում պանդորային հեռուստատուփից ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մարդկանց բնակարաններ սկսեց ներխուժել ճենճոտ-ճռճռան թեւերով «լղրճուկ դինոզավրերի» մի սահմռկեցուցիչ երամ: Բոլոր իշխանային ժամանակների ու բոլոր վարչակարգերի ծառա այդ արվեստագետիկները Հոգեւոր վթարի իրեղեն ապացույցներն են:

Փաստ է, որ ներսից ծնված քիչ թե շատ որակյալ ստեղծագործությունը մի քանի քայլ բարձր է այն գործիքից, տվյալ դեպքում` անձից, ով մաշկի միջոցով լույս աշխարհ է բերում իր ֆանտոմները: Եթե այդ ֆանտոմների բացահայտմամբ կարեւորված անձը ծախվում է հացը հաստաշերտ կարագով ուտելու, սեփական արձանախումբը կանգնեցնելու, փողոցում մատնացույց լինելու, դասագրքային պերսոնաժ դառնալու ու նյութական փալաս-փուլուսներին տիրանալու մոլուցքին, Հոգեւոր վթարը դառնում է անխուսափելի:

Այսօրինակ առուծախը արվեստագետին միանգամից դարձնում է անձայն, անհոգի ու անշնորհք դինոզավր` բրածո, որի գոյությունը թեեւ անժխտելի է, սակայն այլեւս կենդանի կամ հետագայում կենդանանալու ընդունակ չէ: Արդյունքում ստեղծվում է բրածոներով հասարակությունը վարժեցնելու մի անխափան մեխանիզմ: Իսկ մեռելները, ինչ խոսք, ավելի ուժեղ են, քանի որ հետեւողականորեն քամում են ողջերի կյանքը` նրանց դարձնելով «Հոգեւոր ձեռնասուն»...

Բայց իմ Վթարը փոքր-ինչ այլ պատմություն ունի, թեեւ ուղղակիորեն կապվում է «լղրճուկ դինոզավրերի» գործունեության հետ:

Ցավոք, հեռուստատեսային պանդորայատուփը բացվում է ոչ միայն անսպասելի, այլեւ` աննկատ: Հասարակության զոմբիացումը իրականանում է նաեւ արվեստի մարդկանց փոխհարաբերություններում հայտնված ճաքերի միջոցով: Այն, ինչ շողշողուն է, արվեստ չէ: Բայց գալիս է մի պահ, երբ փայլատ, չլաքած զգացողությունները հոգնեցնում են արվեստագետին, եւ նա սկսում է փոռիկավոր «տրուսիկի» մասին երազել: Արդյունքում մտերիմների հետ հարաբերությունները եւս դառնում են ներքին իմաստով տրուսիկային եւ հաճախակի փոփոխման ենթակա:

Իսկ անժխտելի է այն, որ սերիալային ներքնաշորը ժխտում է ցանկացած տեսակի հարազատություն: Ինչ ուզում ես արա` ստեղծագործությունն ինտիմ ինքնաարտահայտում է: Ինձ հետ կատարված վթարը եւս առավել անձնական բնույթ էր կրում: Ցավը ֆանտոմների ծնունդն արագացնում է: Ես սկսեցի գրել իմ ցավի մասին` ենթագիտակցաբար ընկալելով մի պարզ ճշմարտություն. եթե գեղարվեստը ինքնակոծկում է` սեփական դիրքորոշումն ու ներքին կյանքը թաքցնելու միջոց, միանգամից բրածո հատկանիշներ է ձեռք բերում: Այսօրվա արվեստում ժամանակակից բառի հոմանիշը վավերագրությունն է:

Մաշկ ունեցող ամեն մարդ կարող է գրել: Բայց Գիրը գրամոլությունից տարբերվում է մաշկազերծությամբ: Իրական Գիրը ստեղծվում է ոչ թե մաշկի, այլ մաշկացավի միջոցով: Ես գրում էի, որ ցույց տամ իմ բաց երակները, մի բան, որ, բնականաբար, դուր չէր գալիս այդ երկում հայտնված կերպարներին եւ նրանց նախատիպերին: Գրելիս վերջում անպայմանորեն մնում ես մենակ: Գրային անկեղծությունը կրոնական գաղտնի արարողություն է հիշեցնում, որի բացահայտումը ոչ միայն վտանգավոր, այլեւ ինչ-որ իմաստով անբարոյական է:

Գործս կիսատ մնաց, քանի որ ինձ շրջապատող «մարդկային  ցենզուրան» հազար խութ ու խոչընդոտ առաջացրեց: Մարդկանցից (նաեւ պաշտելի ու հարազատ) գրեթե բոլորը, ստեղծագործությունը հատվածաբար կարդալով, սարսափած վանում էին ինձ: Իսկ կեղծել ես չէի կարող: Որոշ ժամանակ անց Գիրը եւս վանեց ինձ: Ես հասկացա, որ եթե շարունակեմ գրել, իմ անձն ավելի կկարեւորեմ, քան Գրականությունը: Այդպես հազար տարի էլ կարող էի գրել, բայց արդյունքում թղթի վրա կստեղծվեր բրածո-սերիալային իրականություն: Գրի դռները հավիտյան փակ կլինեին ինձ համար: Եվ ես որոշեցի հրաժեշտ տալ գեղարվեստական արձակին:

 Մոտ կես տարի ֆանտոմները լռում էին: Բայց քանի որ ինձ հետ կատարվածն անձնական բնույթ էր կրում եւ հեռու էր նույնիսկ մեկ կոնֆետ կաշառք վերցնելու միտումից, որոշ ժամանակ անց Գիրը վերադաձավ, բայց բոլորովին ուրիշ տեսակով:        

Այժմ ուզում եմ մեկ-երկու խոսք ասել թատրոնի հոգեւոր վթարի մասին:

Հեռուստատեսային չիրականությունը բազում գայթակղիչ խայծեր ունի: Թատրոնի արարողակարգը ժխտում է ցանկացած ձեւի մակերես: Էկրանային մատնացույցի ու աչք խոթոցիի զգացողությունը դերասանի ներսում որոշակի ինքնավստահություն է առաջացնում: Այսպես կոչված «ճանաչողությունը» նրան օգնում է հավատալ, որ ինքը պաշտպանված է, որ որեւէ թատրոնային կոնֆլիկտ հասարակությունը կլուծի իր օգտին: Իսկ այս վիճակն իր հետ ինքնաբավություն է բերում:

Սերիալային «ռեժիսորների» ամենագովեստները դերասանին տանում են խորքը մեռցնելու ամենակարճ ճանապարհով: Մասնագիտական նրբությունները վերափոխվում են` կորցնելով իրենց նշանակությունը: Օրինակ` դադարը դառնում է տեքստ հիշելու, ատամները կրճտացնելը`  զայրույթ արտահայտելու միջոց: Զոմբիացված հեռուստադիտողի վրա փորձարկված եւ ճանաչողություն ու սեր վիժած մեթոդները դերասանը երբեմն գիտակցորեն, երբեմն ենթագիտակցորեն բերում է բեմ:

Արդյունքում ստեղծվում են դինոզավրային ներկայացումներ, որտեղ սերիալատրուսիկային զգացողությամբ դերասանները վազվզում, հանդիսատեսին զուգարանակոնքային ճշմարտությունների մասին են հավաստիացնում: Հանդիսատեսը քրքջում ու յուրաքանչյուր տեսարանից հետո ծափահարում է: Ինչո՞ւ: Մի՞թե քաջատեղյակ է օպերային արվեստի արարողակարգի նրբություններին, որտեղ գործողությունը ավարտվելուն պես երգիչները գլուխ են տալիս: Կասկածում եմ... Պարզապես հանդիսատեսը տեսնում է ներկայացում, որի բեմական մեկ մետր բարձրությունը ունի էկրանային տափակությունը եւ իրեն սիրաշահելու, քծնելու միտում է պարունակում...

Կան թեմաներ, որոնք վերջաբան չունեն: Անկեղծ ասած` երկար մտածեցի, բայց էսսեի համար տասնոցին խփող, ջարդուխուրդ անող ֆինալ այդպես էլ չկարողացա գտնել: Իսկ ամառը` իր ռաբիս-լահմաջոային հոտով, համառորեն ներխուժում էր իմ սենյակ եւ ստիպում մերկանալ, դեն նետել շորերս, դուրս գալ` միաժամանակ մնալով ներսում, չմտածել արվեստի դարակազմիկ խնդիրների ու բարձրագոչ զգացմունքների մասին:

Ես դուրս եկա. Ամերիկյան համալսարանի մոտով իջա Բաղրամյան պողոտա: Նայեցի միայն վաղ մանկություն ու հիվանդ ծերություն ունեցող իմ «վթարային» քաղաքին: Ամեն ինչ նույնն էր` հաշմանդամության աստիճան խեղճ ու ճանաչելի: Բայց ուրախալի մի փաստ, այնուամենայնիվ, գտա: Փաստորեն, ես ապրում եմ մի քաղաքում, որտեղ տարվա բոլոր եղանակները ոչ միայն գույն ունեն, այլ շարունակում են այցելել... Դեռ...

Մեկնաբանություններ (2)

hovhannes
Չէ, Անի ջան չեմ լուծել... Ուղղակի, կարծես թե, չեմ ծախվել: Չմոռանամ նշել, որ ամբողջ կյանքում գիշերը չեմ քնել, հազար գործ եմ արել. տեքստ հավաքելուց սկսած` մինչև պիեսների թարգմանություն, որ սովից չմեռնեմ... Կներես, ես իմ գործերի տակ հայտնվող մեկնաբանություններին չեմ պատասխանում... Սա առաջինն էր... Իսկ ներքևն ու վերևը սերտորեն են կապված....
Ani
Էէէ...Թեքգյոզյան ջան ...էրևում ա դու քո հացի խնդիրը լավ լուծել ես... Մի մեղադրի ոչ մեկին ...ձկան գլխից բռնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter