
«Բաժանված կինը, ով չունի որդի, մեր երկրում ունի նվազագույն իրավունքներ...»
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահին, վարչապետին և գլխավոր դատախազին
Հարգելի պարոնայք, առաջին հերթին թույլ տվեք Ձեզ շնորհավորել Սահմանադրության օրվա առիթով, երկրորդ` ուզում եմ նկատել, որ չնայած վերջին ամիսների իրադարձություններին` ես նախկինի պես ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, որ օրենքները մեր երկրում գրված են բոլորի համար... Չնայած, հնարավոր է, արդեն լիովին համոզված չեմ... Իրականությունը, ցավոք, ապացուցում է հակառակը: Ես այնպես եմ հասկանում, որ բաժանված կինը, ով չունի որդի, մեր երկրում ունի նվազագույն իրավունքներ...
Բայց ամենի մասին հերթականությամբ: Ես` 37 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ-օրդինատոր Լոռա Բաբկենի Մովսիսյանս, հանկարծ զրկվում եմ աշխատանքի իմ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունքից: «Աշխատանքի իրավունքը» ոչ միայն աշխատավայրում գտնվելու իրավունք է, այլև իրավունք` զբաղվել սեփական գործով` բուժել հիվանդներին, իրավունք` Հայաստանի փոքրիկ քաղաքացիներին տալ կյանքի իրենց իրավունքը:
Բայց հենց դրանից էլ ինձ զրկել են, ինձ մեծահոգաբար թույլ են տվել ներկա լինել հիվանդանոցում` ընդ որում, ցինիկաբար նշելով, որ ես չեմ ունենելու ոչ հիվանդներ, ոչ հերթապահություններ: Բայց նույնիսկ իմ իրավունքների այս ԽԱԽՏՈՒՄԸ չէ, որ ստիպել է ինձ գրել Ձեզ: Դուք իմ վերջին օղակն ենք, վերջին օղակը, ուր ես դիմում եմ, քանզի Եվրոպական դատարան չէ, որ դիմելու եմ ես. ում եմ պետք ես ու իմ խնդիրները Եվրոպայում, եթե ոչ ես, ոչ իմ խնդիրները ոչ ոքի պետք չենք նույնիսկ իմ Հայրենիքում:
Ընթացիկ տարվա ապրիլի 5-ին ես դարձա 62 տարեկան: Իմ ծննդյան օրը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքում ավարտելով իմ բոլոր գործերը` ես իմ անմիջական ղեկավարուհու թույլտվությամբ աշխատանքից դուրս եկա մի փոքր շուտ:
Հենց նույն օրվա երեկոյան իմ անմիջական ղեկավարուհին, ով և ինձ շուտ էր արձակել, ինձ տեղեկացրեց, որ ես Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ` պարոն Ա. Վ. Ասոյանից խիստ նկատողություն եմ ստացել: Դա կյանքում իմ առաջին նկատողությունն էր, մինչ այդ ես ստանում էի միայն երախտագիտություններ և պատվոգրեր: Դա ծննդյան տարեդարձին ամենաօրիգինալ նվերն էր:
Ճանապարհելով հյուրերին, հավաքելով սեղանը, լվալով ողջ սպասքը` ես` որպես կրթված մարդ, որոշեցի վերընթերցել Աշխատանքային օրենսգիրքը (որն ընդունում եմ): Աշխատանքային օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված է, որ մինչ խիստ նկատողություն տալը գործատուն պարտավոր է աշխատակցից բացատրություն ստանալ: Ես` որպես օրինապաշտ քաղաքացի, նստեցի և բացատրագիր գրեցի:
Որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հաջորդ օրն իմացա, որ խիստ նկատողության հրամանը չեղյալ է համարվել, իսկ պարոն Ա. Վ. Ասոյանն ինձնից բացատրություններ է պահանջում ոչ սահմանված ժամին աշխատանքից հեռանալու մասին: Գլխավոր բժշկի ընդունարանում թողնելով բացատրագիրը` ես վերադարձա իմ անմիջական պարտականությունների կատարմանը:
2011 թվականի ապրիլի 8-ին ինձ դարձյալ արվում է խիստ նկատողություն: Պարոն Ա. Վ. Ասոյանը համարում է, որ ոչ իմ ծննդյան տարեդարձը, ոչ փաստն այն բանի, որ բաժանմունքում ես ավարտել եմ բոլոր իմ գործերը, ոչ իմ անմիջական ղեկավարուհու թույլտվությունը հիմք չեն ընդունված ժամանակից շուտ աշխատանքից հեռանալու համար:
Գուցե նա ճիշտ էր օրենքի տեսանկյունից, բայց խոզի գրիպի համաճարակի ժամանակ, երբ պարոն Ա. Վ. Ասոյանը ելույթ էր ունենում բոլոր հեռուստաալիքներով, ես և իմ գործընկերները միանգամայն անվճար (!!!) մեկուկես ամսվա ընթացքում, գրեթե առանց հանգստյան օրերի, աշխատում էինք արտաժամ:
Իսկ մի անգամ անմիջապես հերթապահությունից հետո պարոն Ա. Վ. Ասոյանի կարգադրությամբ ես ուղևորվեցի երևանյան երկու միջնակարգ դպրոցներ, որտեղ իրականացրի անհայտ ծագմամբ ցանով երեխաների հետազոտություն: Այդ անգամ իմ աշխատանքային օրը շարունակվում էր 33 ժամ:
Այս ամենը, չգիտես ինչու, օրինաչափություն է համարվում` վշտալի օրինաչափություն: Օրինաչափություն է նաև այն, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները 5 տարվա ընթացքում չեն ստանում աշխատանքային պայմանագրով գիշերային հերթապահությունների համար իրենց հասանելիք աշխատավարձը: Դա կոչվում է «ընկերական ծառայություն» մատուցել գլխավոր բժշկին: Բայց ընկերությունը միակողմանի չի լինում:
Եվ այսպես, կարդալով Աշխատանքային օրենսգիրքը` ես իմացա, որ նկատողությունը կարելի է վիճարկել միայն դատական կարգով: Եվ ես որոշեցի դիմել դատարան: Խիստ նկատողությունը բողոքարկելուց զատ` ես որոշեցի նաև պահանջել 5-ամյա հերթապահության և խոզի գրիպի համաճարակի ժամանակ արտաժամ աշխատանքի դիմաց ինձ օրենքով հասանելիք աշխատավարձը:
Զուգահեռաբար ես դիմեցի նաև Աշխատանքային վարչություն: Դիմելով իրավաբանական գրասենյակ` ես միանգամայն համոզված էի, որ օրենքն իմ կողմն է, և որևէ խնդիր չի կարող լինել, բայց ես սխալվում էի:
Իմ փաստաբանի` հերթապահությունների ժամանակացույցը տրամադրելու հայցին ի պատասխան` կատաղած պարոն Ա. Վ. Ասոյանը ոտքի հարվածով ջարդեց դուռը, ներխուժեց բժիշկների սենյակ և մեկ ժամվա ընթացքում իմ գլխին էր տեղում փողոցային հայհոյանքներ և սպառնում էր ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Այս ամենը տեղի էր ունենում իմ 4 գործընկերների աչքերի առաջ: Ամբողջ այդ ընթացքում պարոն Ա. Վ. Ասոյանը ձգվում էր ինձ հարվածելու համար, բայց մշտապես մեր միջև էին կանգնում իմ կոլեգաները:
Դուրս գալով այս դժոխքի միջից` ես անմիջապես դիմեցի իմ փաստաբաններին, հիշեցնում եմ Ձեզ, որ ես չունեմ ամուսին և որդի... Մենք անմիջապես դիմեցինք ոստիկանություն, երիտասարդ քննիչն անմիջապես ամեն ինչ արձանագրեց` գրի առնելով ներկաների անուն-ազգանուններն ու կատարվածի մասին իմ պատմածը:
Ես միամտորեն ենթադրում էի, որ իմ ոստիկանությունը ինձ կպաշտպանի, բայց ես չէի մտածում, որ իմ խոսքերը կասկածի տակ կդրվեն միայն այն պատճառով, որ ներկաներից ՈՉ ՈՔ չհաստատեց պարոն Ա. Վ. Ասոյանի լկտի պահվածքի փաստը: Մարդիկ վախենում են, և նրանց կարելի է հասկանալ. չէ որ նրանց աշխատանքը, հետևաբար նաև գոյությունն անմիջականորեն կախված է պարոն Ա. Վ. Ասոյանից:
Երկու օր հետո ինձ կանչելով ոստիկանություն` երիտասարդ քննիչը հաղորդեց այն մասին, որ դուռը տեղում է, և եթե նույնիսկ գլխավոր բժիշկը այն ջարդել է ոտքով, հենց ինքն էլ փոխել է այն... Հարցը սպառված է: Վկաները պնդում են, որ չեն լսել ոչ մի հայհոյանք և սպառնալիք, այդ կերպ դատական գործը փակեցին...
Մի քանի օր ինձ մոտ «խաղաղության» խնդրանքներով ու առաջարկություններով «պատվիրակներ» էին գալիս: Ես աներեր էի. պարոն Ա. Վ. Ասոյանը վիրավորել էր ինձ, իմ ծնողների հիշատակը և դրա համար պիտի պատասխան տա օրենքի առաջ:
Մի պահ պատկերացնելով, թե ես ունեմ ամուսին և որդի` ես շնորհակալ եղա Աստծուն, որ դա այդպես չէ, քանի որ կուլ չտալով այդպիսի վիրավորանքը` նրանք կարող էին կտրուկ քայլեր անել, և այդժամ ինչ էի անելու ես. ամբողջ կյանքս անիծելու էի ինձ: Իսկ այսպես ամեն ինչ լավ է, և օրենքն ինձ կօգնի, քանի որ չի կարելի ոտքով ջարդել հիվանդանոցի դռները, չի կարելի վիրավորել մարդկանց, չի կարելի նսեմացնել նրանց արժամապատվությունը, չի կարելի գրպանել նրանց աշխատավարձերը!!! Թե՞ կարելի է:
Երբ ոստիկանությունում գործը փակեցին, ես ընդարձակ նամակով դիմեցի դատախազություն, որտեղ ամեն ինչ մանրամասն նկարագել էի: Ես համաձայն էի նույնիսկ նրան, որ ինձ քրեական պատասխանատվության ենթարկեին ԿԵՂԾ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ համար: Չէ՞ որ ոչ ոք դուռը չի ջարդել, ոչ ոք չի հայհոյել, ոչ ոք չի սպառնացել ինձ... Համենայն դեպս ՈՉ ՈՔ դա ՉԻ ԼՍԵԼ!!!
Ես այնպիսի տպավորություն ունեի, որ դատախազության աշխատակիցները շատ զբաղված էին և իմ նամակի ժամանակը չունեին, ԿԱՐԾԵՍ ԹԵ ՈՉ ՈՔ ԱՅՆ ՉԻ ԿԱՐԴԱՑԵԼ: Դատախազությունը նույնանման որոշում կայացրեց: Գործը փակված է հանցագործության իրեղեն ապացույցների բացակայության պատճառով, ոստիկանությունը ճիշտ է: Իսկ ես երևի ունեցել եմ լսողական և տեսողական տեսիլքներ:
Դատախազության որոշումը կարելի է վիճարկել միայն դատարանում, ես ամենայն հավանականությամբ կդիմեմ այնտեղ, քանի որ ես ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, որ մեր երկրում օրենքները գրված են բոլորի, նույնիսկ բաժանված կանանց համար, ովքեր չունեն որդիներ, ովքեր կարող են պաշտպանել իրենց մայրերի պատիվը:
Հարգանքներով`
Լոռա Բաբկենի Մովսիսյան
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել