
Հայաստանի գետերը լցվում են խողովակների մեջ
Խորհրդային միությունից անկախ Հայաստան թևակոխած 13 փոքր հէկերը բազմացել և դարձել են 136: Այս հէկերի դրվածքային հզորությունը 231 հազար կվտ/ժամ, իսկ նրանց տարեկան արտադրած միջին էներգիայի ծավալը այսօր 665.3 մլն կվտ/ժամ է կազմում:
Եվս 77 հէկ կառուցման փուլում է և շուտով կշահագործվի: Կառուցվողների դրվածքային հզորությունը կազմում է 168 հզր կվտ/ժամ, կարտադրեն շուրջ 582 մլն կվտ/ժամ էներգիա:
Այս տվյալներն այսօր «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» խորագրով համաժողովին հայտարարեց Փոքր հէկերի միության գործադիր տնօրեն Արմեն Հայրապետյանը:
Արմեն Հայրապետյանի համար ակնհայտ է, որ հիդրոէներգետիկան վերականգնվող էներգետիկայի կարևորագույն ճյուղ է. և բնապահպանական առումով քիչ ռիսկային է: Այն երկրի ներսում է կազմակերպվում, անկախ է, կարխված չէ նաև արտաքին ռեսուրսներից:
Սակայն «Խազեր» ՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը բնավ էլ այդ կարծիքին չէ: Նրա խոսքով, ջուրը իսկապես վերականգնվող է, բայց արդյոք վերականգնվող է նաև բնական էկոհամակարգը: Ասվում է, որ եթե բնական ռեսուրսը վերականգնվող է, բնությունն էլ է վերականգնվում: Սակայն, ըստ նրա, եթե այդպես լիներ, այսօրվա սոցիալական ընդվզումները չէին լինի: Եվ իրական նախապատվությունը Հայաստանում տրված է ոչ թե էներգետիկային, այլ փոքր հիդրոէներգետիկային:
«Մենք կորցրել ենք մեծ գետերը, մենք չունենք մեծ գետ` որպես էկոհամակարգ,- ասում է Ա. Գաբրիելյանն ու օրինակ բերում Հրազդան և Որոտան գետերը,- որպես ջրային էկոհամակարգ նրանք գոյություն չունեն»:
Մնացել են մանր-մունր գետերը, սակայն 136 հէկ արդեն կառուցված է, 70 հէկի լիցենզիա է տրամադրվել: «Ուղղակի հայացք գցեք Հայաստանի քարտեզի վրա, տեսեք` Հայաստանն ունի՞ այդքան գետ, որ խողովակների մեջ լցնենք: Այսօր դա լցված է խողովակների մեջ»,- ասում է Արամ Գաբրիելյանը:
Մասնագետը սրա լուծումը տեսնում է հետևյալում` պետք է կարգավորման դաշտից հանել հէկերի սակագնավորումը: Ըստ մասնագետի` փոքր հէկերի համար տրված լիցենզիաները Հայաստանի համար շատ ավելի շատ է, քան երկրի էլոկոգիական պոտենցիան:
Լուսանկարում Եղեգիս գետն է (Վայոց ձոր)
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել