HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոչամբարների ու պոչանքային թափոնակույտերը` Ախթալայի շրջակայքում

Ախթալայի  քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը այս տարվա ապրիլին ահազանգել է Լոռու մարզպետին` նշելով բնապահպանական այն վտանգների մասին, որ առաջանում է քաղաքի վարչական տարածքում գտնվող  «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի պոչամբարների ու պոչանքային թափոնակույտերից: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ի պատասխան  ահազանգի,  իր 14.04.2013թ.-ի գրությամբ  «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանին և քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին  հանձնարարել է Ալավերդու «Օրհուս» կենտրոնի  եւ  ՀԿ-ների  ներկայացուցիչների հետ Ախթալա համայնքում առաջացած  բնապահպանական խնդիրները կարգավորելու համար  20-օրյա ժամկետում մշակել ծրագիր և ժամանակացույց:

«Հանձնարությունը  մեր կողմից կատարվել է, դրան մասնակցել է նաև ԼՀԿ-ի գլխավոր ինժեներ Գագիկ Շահնազարյանը: Սակայն Մադլեն Թաշճյանը չի ընդունել մեր ներկայացրած ծրագիրն ու ժամանակացույցը և իր ծրագիրն է ներկայացրել մարզպետին, որը չի բխում Ախթալայի բնապահպանական իրավիճակից»,- ասում է Հայկազ Խաչիկյանը:   

Վերջինս 2013թ.-ի իր N48-53/13 գրությամբ Ախթալայի բնապահպանական վիճակի մասին տեղեկացրել է նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին և խնդրել է նրա միջնորդությունը` Ախթալայի Բարիտ թաղամասի ոռոգման ջրագծի ջրահավաքի հարակից տարածքի պոչային 16 000 խ.մ.  և   «Նահատակ» ձորում  գտնվող պոչամբարի ներքին հատվածի  ճանապարհի եզրին թափված 95 400 խ.մ. թափոնները փակված պոչամբարներ տեղափոխելու և «Նահատակի» պոչամբարը ամբողջովին ռեկուլտիվացնելու համար:  

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը, նախարարին ուղղված Հայկազ Խաչիկյանի դիմումին գրավոր  պատասխանել է, թե Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը ընդգրկված է  ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի  բնապահպանական տեսչության կողմից 2013թ.-ի ստուգման ենթակա  կազմակերպությունների ցանկում: «Ստուգման արդյունքում լուծում կտրվեն վերոնշյալ (այսինքն` քաղաքապետի) գրությունում բարձրացված հարցերին»,-  հայտնել է Է.Փիրումյանը:

Այս պատասխանը Ախթալայի քաղաքապետին հույսեր չի ներշնչում: Նա նշեց, որ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը դեռ 2010թ.-ից  է տեղեկացված Ախթալայի  Բարիտ թաղամասի  ոռոգման ջրահավաքի 16 000 խմ և «Նահատակ» ձորի պոչամբարի ներքին հատվածի, Ախթալա - Մեծ Այրում միջհամայնքային ճանապարհաեզրին  կոտակված 95 400 խմ պոչային թափոնների մասին: Այս թափոնների վերաբերյալ էր 2010 թ. բնապահպանական տեսչության հայտնի ակտը: Դրան հաջորդեց բնապահպանության նախարարության մի քանի պաշտոնյաների ազատազրկումը:

«Դրանից  հետո նախարարությունը և  նախարար Արամ Հարությունյանը մոռացան  Ախթալայի վտանգավոր  պոչային թափոնների ու  պոչամբարների մասին»,- ասաց Հայկազ Խաչիկյանը: 

Մեկնաբանություններ (1)

Գաբրիել
ո՞նց կարա մարզպետը մի մասնավոր ընկերության գլխավոր տնօրենի բան հանձնարարի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter