
Ռոբերտ Ամիրխանյան. «Ես նույնացրել եմ զույգ սերն իմ մեջ»
«Ինձ համար շատ կարևոր է սերը, ինչպես ամեն մեկիս համար: Այն կարող է պարգևել երջանկություն: Բոլորս այն փնտրում ենք, բայց իրականում այն մեր մեջ է»,- ասում է Ռոբերտ Ամիխանյանը:
Երեկ տեղի ունեցած համերգի ժամանակ Ռ. Ամիրխանյանը ներկայացրեց իր վերջին շրջանի ստեղծագործությունների շարքը` «Կանտատ սիրո»: Արդեն Գերմանիայում ներկայացված, գերմաներեն և անգլերեն տարբերակներով հնչած այս ստեղծագործությունը Հայաստանում հայերենով առաջին անգամ էր ներկայացվում:
Կոմպոզիտորի համար այն կարևոր խոսք է սիրո նվիրումի մասին, միաժամանակ երկխոսություն է Աստծո հետ: Այդ պատճառով էլ ստեղծագործության սկզբում հնչում է խոսք առ Աստված: Միաժամանակ այստեղ կարևորվում է անհատի դերը, նրա զգացմունքերը և այն ճանապարհը, որը նրան տանում է դեպի մյուս մարդը: Ստեղծագործության միջոցով կոմպոզիտորը ցանկացել է իր հիացմունքն արտահայտել այդ սիրո նկատմամբ, որը ներդաշնակություն է ստեղծում:
«Այսօր ես լցված եմ անհուն սիրով»,- բեմից խոստովանում է Ռ. Ամիրխանյանը:
Ստեղծագործության մեջ, որը բաղկացած է 9 հատվածներից, կոմպոզիտորը ներկայացնում է «Ես նույնացրել եմ զույգ սերն իմ մեջ» խորագիրը: Առաջինը սերն է Աստծո նկատմաբ, երկրորդը` սիրեցյալի: Ռ. Ամիրխանյանի խոսքերով` ինքն Աստծուն ընդունում է որպես սիրեցյալի, իսկ սիրեցյալին` որպես աստված:
Իսկ իր ուսուցչի ստեղծագործությունը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ներկայացնում էր Սեդա Ամիր-Կարայանը: Երիտասարդ մենակատարուհին այժմ սովորում է Գերմանիայի Շտուտգարտի երաժշտական ակադեմիայում: Մայսի 9-12 Գերմանիայի Ցվիկաու քաղաքում տեղի ունեցած «Podium Junger Gesangs Solisten 2013» միջազգային մրցույթում Ս. Ամիր-Կարայանը զբաղցերել է առաջին տեղը:
«Կանտանտ սիրո» ստեղծագործության խոսքերի հեղինակը հիմնականում Ռ. Ամիրխանյանն է, որի բանաստեղծությունները ներկայացվել են նաև առանձին գրքույկով:
Կյանքն իմ ճանապարհն է, որ բերում է դեպի քեզ,
Եվ ճանապարհն այն, որ զատում է ինձ քեզնից,
Սիրում եմ անսահման ես կյանքը,
Եվ դեռ առանց քեզ իսկ,
Բայց քեզ հետ ես հասկանում եմ, թե ինչու, ինչու…
Համերգին մասնակցում էր նաև Երևանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ինչպես նաև Կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը: Դիրիժորն էր Ռոբերտ Մլքեյանը: Համերգին ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:
Մեկնաբանել