«Խիո». 7 րոպեանոց ֆիլմ հայ կնոջ մասին
Երիտասարդ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Խիո» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան երեկ էր: Ընդամենը 7 րոպեանոց ֆիլմը պատմում է հայ կնոջ մասին` այն դժվարին ուղին, որ նա ստիպված է անցնել իր կյանքի ընթացքում:
Ֆիլմում բացակայում է խոսքը. կադրին համահունչ հնչում է գեղեցիկ երաժշտություն: Բացակայում են նաև դեմքեր. հանդիսատեսը տեսնում է միայն ձեռքեր: Սակայն այս մինիմալաստիկան մոտեցումն ավելի խորը և իմաստալից է դարձնում ռեժիսորի ասելիքը:
Ֆիլմի սկզբում կնոջ ձեռքերը, որոնք դեռևս երիտասարդ ու անփորձ են, խմոր են հունցում: Այնուհետև ներկայացվում է ալյուրից լավաշ ստանալու ընթացքը: Չնայած տեսարանային փոփոխություններ գրեթե չեն լինում և ներկայացվում են լավաշ թխող ձեռքերը, բայց զգացվում է այն ամբողջ նվիրումն ու սերը, որ կինը ներդրել է իր գործի մեջ:
Եվ ահա լավաշը պատրաստ է: Կարծես թե սրտատրոփ ու հուզված կինը փորձում է մի կտոր պոկել իր աշխատանքի արդյունքից, բայց տղամարդու ձեռքը բռնում է կնոջ ձեռքը, ու նրա ափի մեջ մնում է ընդամենը լավաշի մի փոքր կտոր: Լավաշը հայտնվում է երեխաների ձեռքերում, անցնում են տարիներ, իսկ արդեն ծերացած կնոջ ձեքերում շարունակում է մնալ լավաշի այդ նույն փոքրիկ կտորը:
Դետալային ֆիլմի բազմաթիվ նյուանսների միջոցով ռեժիսորը հաղորդագրություններ էր փոխանցում:
«Պարզապես ցանկացել եմ նշել իմ տեղը` որտեղ եմ ապրում, ով եմ ես և ինչն է այս պահին ինձ հուզում: Ինձ հուզում էր այս կնոջ հարցը»,- ասում է ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը:
Խոսելով ֆիլմի ստեղծման հետ կապված դժվարությունների մասին` Լիլիթը նշում է, որ խնդիր ուներ կարճ ժամանակահատվածում և սիմվոլիկ տարածքում ներկայացնել մարդու կյանքը: Մյուս կողմից, ռեժիսորի կարծիքով, ինչը սիրում ես, ապա դժվար է տրվում, որովհետև այդ դեպքում քեզ ամբողջովին դնում ես այդ գործի մեջ:
Ֆիլմի դիմահարդարը և դերակատարներից մեկը` Հասմիկ Մուրադյանը, նշում է, որ քանի որ ինքը պրոֆեսիոնալ դերասանուհի չէ, իր համար ավելի հեշտ էր ամբողջովին չերևալ կադրում: Նրա խոսքերով, երբ տվյալ գործընթացի մեջ ես, չգիտես` այն դեպի ուր է գնում: Սակայն տեսնելով պատրաստի ֆիլմը, նա հասկանում է, որ այդ լավաշը, որ շատ սիմվոլիկ է, իր համար շատ թանկ է: Դերասանուհուն այս ֆիլմը սովորեցրել է պարզապես գնահատել այն, ինչ ունի:
«Սա իմ փոքրիկ սիրուն ֆիլմն է հայ կնոջ մասին», - ասում է ռեժիսորը:
«Խիո» ֆիլմի վրա նաև աշխատել են Զառա Մինասյանը` պրոդյուսեր, Դավիթ Այվազյանը` բեմադրող օպերատոր, Կառլուս Պրոտեուսը` կոմպոզիտոր: Սցենարը գրել է Լ. Մովսիսյանը, ով նաև աշխատել է ֆիլմի մոնտաժի վրա: Ֆիլմում հնչում են հատվածներ «Խիո» ժողովրդական երգից:
Մինչ այդ կինոհանդիսատեսին Լիլիթ Մովսիսյանը ներկայացել էր իր լիամետրաժ «Մոխրաման» և կարճամետրաժ «Ես եմ» (այստեղ ևս խաղում է Հասմիկ Մուրադյանը) ֆիլմերով: Այժմ ռեժիսորն աշխատում է իր 4-րդ` «Կաուչո» լիամետրաժ ֆիլմի վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել