
Իր մասնագիտությունից մինչև մատուցող. սփյուռքի նախարարության առաջարկած աշխատանքը սիրիահայ ուսանողին
Ուսման վարձ, բնակության վայր, աշխատանք, լեզվի վերաբերյալ դժվարություններ. ահա այն հիմնական խնդիրները, որոնք ունեն Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողները: Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց իրենց կատարած հարցման արդյունքները. թվերը դեռ վերջնական չեն, բայց նախնական տվյալներով սիրիահայ ուսանողների 40%-ը Հայաստանում կեցության խնդիր ունի:
Ս. Մկոյանի խոսքով՝ ավելի քան մի քանի հարյուր կազմակերպություն դիմել է սփյուռքի նախարարություն՝ ցանկանալով աշխատանքի ընդունել սիրիահայ ուսանողնորին, և այդ համագործակցության արդյունքում մեծ թվով ուսանողներ և ոչ ուսանողներ ընդունվել են աշխատանքի: Աշխատանքները տարբեր են՝ սկսած իրենց մասնագիտությունից, վերջացրած մատուցողի աշխատանքով:
Սամվել Մկոյանը նշեց նաև, որ այս հատուկ մարմինը, որը պետք է զբաղվի Հայաստանում գտնվող սիրահայ ուսանողների խնդիրներով, ստեղծվել է սփյուռքի նախարարի առաջարկ-հորդորով Սիրիայում պատերազմական գործողությունների սկսվելուց հետո:
Մոտավոր տվյալներով Հայաստանում գտնվող շուրջ 250 սիրիահայ ուսանողի 60%-ն իր պատմական հայրենիք է եկել այս տարի: Նրանցից ավելի քան 200 հոգու ուսման վարձը վճարվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը» (եթե տվյալ ուսանողի վարձը չի գերազանցել 350 հազար դրամը, վարձն ամբողջությամբ վճարել է հիմնադրամը, իսկ եթե գերազանցել է, ապա հիմնադրամը վճարել է վարձի միայն 350 հազար դրամը):
Սամվել Մկոյանն ավելացրեց, որ այժմ 10 սիրիահայ ուսանող է Հայաստանում անվճար սովորում, զրո կուրսում՝ նախապատրաստական բաժնում, սովորողների ուսման վարձը կիսով չափ զեղչվել է, իսկ վճարովի համակարգում սովորղ սիրիահայ ուսանողների ուսման վարձը հավասարվել է ՀՀ քաղաքացիների ուսման վարձին: Նշենք, որ մինչ այդ սիրահայերը, ինչպես մնացած սփյուռքահայերը, հայրենիքում սովորելու համար ավելի շատ էին վճարում, քան ՀՀ քաղաքացի ուսանողները:
Մեկնաբանել