HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկահայ գործարարի այրին պահանջում է ամուսնու մահվան փաստով քրեական գործ հարուցել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած ամերիկահայ գործարար Ժորժ Բաղումյանի կինը` Ռուզաննա Նիազյանը այսօր հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին, որը ներկայացնում ենք ստորը.  

«Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է ամուսինս՝ Ժորժիկ Լևոնի Բաղումյանը: Նրա վերաբերյալ քրեական գործը քննվում էր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում: Նա կալանքի տակ է գտնվել 2012թ. հոկտեմբերի 27-ից:

Ժորժիկ Բաղումյանը «Գոլդ Էներջի» ՍՊԸ սեփականատերն էր: Ընկերությունը զբաղվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը զրահատեխնիկայի համար էլեկտրական մարտկոցների (ակումուլյատորների) արտադրությամբ և մատակարարմամբ:

Ամուսինս մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով (հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն պահելը): Ժ. Բաղումյանի կալանքի ժամկետը պարբերաբար՝ 2 ամիսը մեկ, դատարանի որոշումներով երկարաձգվել է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին որոշումը կայացվել է 2012թ. հոկտեմբերի 30-ին, որը հետագայում՝ 2012թ. դեկտեմբերի 21-ի, 2013թ. փետրվարի 22-ի, 2013թ. ապրիլի 22-ի դատարանի որոշումներով պարբերաբար երկարացվել է, իսկ այդ որոշումների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները մերժվել են:

Ամուսինս ունեցել է բազում առողջական խնդիրներ՝ հետինֆարկտային կարդիոսկլերոզ, շաքարային դիաբետ, 2-րդ տիպ, ինսուլին պահանջող ձև, զարկերակային հիպերտենզիա և այլն:

Պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից խախտվել է ամուսնուս կյանքի իրավունքը, և սույն հաղորդմամբ պահանջում եմ ամուսնուս մահվան փաստով հարուցել քրեական գործ, կատարել իրավական, պատշաճ և արդյունավետ քննություն, բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել նրա մահվան համար մեղավոր բոլոր պաշտոնատար անձանց:

Ուշադրություն եմ հրավիրում հետևյալ հանգամանքների և փաստերի վրա.

1. Շարունակական երկարաժամկետ կալանքը Ժ. Բաղումյանի նկատմամբ կիրառվելէ որպես պատիժ, նա պահվելէ պատանդի կարգավիճակում, իսկ կալանքը հետապնդելէ նրան ունեզրկելու և նրա գույքին տիրանալու նպատակ:

Քրեական հետապնդման ողջ ընթացքում Ժ. Բաղումյանի նկատմամբ անմեղության կանխավարկածի փոխարեն գործել է մեղավորության կանխավարկածը, երբ անձի մեղավորությունը չի ապացուցվում, այլ հայտարարվում է: Սա փաստվում է թեկուզ միայն կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումներով, որոնցում քննիչը ոչ ավել, ոչ պակաս կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ Ժ. Բաղումյանը «պետությանը պատճառած վնասը որևէ չափով չի հատուցել»[1]: Վերջին ձևակերպումից ուղղակի հետևում է, որ ամուսնուս մեղավորությունը ներկայացվել է որպես կատարված, ինքնին հավաստված, որևէ ապացույց չպահանջող փաստ: Ի սկզբանե հայտարարելով Ժ. Բաղումյանի հանցանք կատարած լինելու մասին (անտեսելով, որ մեղավորության ճանաչմամբ մեղադրանքը ավարտվում է, ոչ թե սկսվում) և մինչև նախաքննության ավարտի մասին հայտարարելը,զրկելով մեղադրանքից փաստացի պաշտպանվելու հնարավորությունից[2], մեղադրանքի նպատակը եղել է ստանդարտ, շաբլոնային օրենսդրական ձևակերպումների օգտագործմամբ (առ այն, որ նա կատարել է այս ևայն) մեղավորության պատրանք ստեղծելը և առանց մեղադրանքի հիմնավորվածության մեջ համոզվելու հնարավորություն ընձեռելու՝ ամուսնուս հարկադրելը իբր թե առկա հարկային պարտավորությունների դիմաց բիզնեսի և գույքի նկատմամբ իրավունքների փոխանցումը:

Գործը քննող ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյանը և քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը միանգամայն այլ վերաբերմունք են դրսևորել նույն քրեական գործով մեկ այլ մեղադրյալի՝ <<Սաքրեն>> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գրիգորյանի նկատմամբ:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ (որոնք ծանոթանալու համար փաստաբանին տրամադրվել են ս.թ. ապրիլի 5-ին՝ նախաքննության ավարտի մասին հայտարարվելուց հետո) պարզվել է, որ 23.01.2012թ.-ին ձերբակալված Կարեն Գրիգորյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով, 26.01.2012թ.-ին ազատվել է արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նա գրավոր պարտավորվել է չմեկնել այլ տեղանք, չբացակայել բնակավայրից: Չնայած բնակավայրից չբացակայելու մասին պարտավորությանը՝ Կարեն Գրիգորյանը 2012թ. վերջերին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, այնտեղից իր կնոջը (կամ՝ նախկին կնոջը) պատկանող «Ֆաստ Տրանս Վան» ՍՊԸ-ի բեռնատար ավտոմեքենայով ապրանք է տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, և տեղափոխված ապրանքը մաքսային հսկողությունից թաքցնելով՝ մաքսային ապահովման միջոցներից մեկը վնասելու միջոցով բացել է բեռնատար ավտոմեքենայի դուռը և բեռնաթափել իրեն պատկանող ապրանքը: Նշված արարքի համար Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, այն է՝ մաքսանենգության համար, նրան առաջադրված մեղադրանքների ընդհանուր թիվը հասցնելով 5-ի[3]: Սակայն նշված հանցանքի բացահայտումից հետո անգամ, երբ փաստվել է, որ Կ. Գրիգորյանը լքել է ՀՀ տարածքը, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, խախտելով իր ստանձնած պարտավորությունը, քննիչ Է. Անտոնյանը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, թողել է անփոփոխ: Փաստորեն, մի դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով մեղադրվող Կ. Գրիգորյանի նկատմամբ քննիչը կիրառել է մեղմ տեսակի խափանման միջոց և այն չի վերանայվել անգամ այն դեպքում, երբ այդ անձը կոպտորեն խախտել է խափանման այդ միջոցի համար սահմանված ռեժիմը, իսկ մյուս դեպքում կալանքի տակ գտնվող Ժ. Բաղումյանի նկատմամբ, ով երբևէ չի թաքնվել քննությունից և ունեցել է բազում առողջական խնդիրներ, քննիչը և դատախազը պարբերաբար հանդես են եկել կալանքը երկարաձգելու նախաձեռնություններով: Ամուսնուս կալանքի ժամկետը երկարացնելու մասին բոլոր միջնորդություններում քննիչը որպես կալանքի հիմք մշտապես նշել է, որ ազատության մեջ հայտնվելով Ժ. Բաղումյանը կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված այլ արարք: Այսինքն՝ Կ. Գրիգորյանի դեպքում նոր հանցանքի կատարման փաստն անգամ պատճառ չի դառնում նրա խափանման միջոցը վերանայելու համար, իսկ Ժ. Բաղումյանի պարագայում՝ նրան տևաբար կալանքի տակ պահելու համար բավարար է համարվել նոր հանցանք կատարելու հնարավորության մասին  մերկախոս ենթադրություն հայտնելը: Քննիչ Է. Անտոնյանի և դատախազ Բ. Պետրոսյանի նմանօրինակ վարքագիծը վկայում է այն մասին, որ մեկ մեղադրյալը կարող է օգտվել նրանց բարձր հովանավորությունից, իսկ մյուս մեղադրյալի նկատմամբ նրանք կարող են դրսևորել անմարդկային վերաբերմունք, անձի նկատմամբ արձակելով յուօրինակ մահվան վճիռ, հաշվի առնելով հատկապես Ժ. Բաղումյանի առողջական վիճակի հանգամանքը: Ի դեմս քննիչ Է. Անտոնյանի և դատախազ Բ. Պետրոսյանի՝ գործ ունենք իրավապահ համակարգում գործող կազմակերպված հանցավոր խմբավորման հետ, որն իրեն դնելով օրենքից դուրս՝ առանց օրենքով թույլատրելի որևէ հիմքի և ընտրողաբար հանդես է եկել Ժ. Բաղումյանի ազատությունը սահմանափակելու նախաձեռնությամբ, նրան պատանդի կարգավիճակում պահելու և նրա նկատմամբ ներազդելու միջոց ունենալու նպատակով, ինչն էլ ի վերջո հանգեցրել է Ժ. Բաղումյանի կյանքի իրավունքի խախտման:

Քննիչի և դատախազի բարձր հովանավորությունը նմանապես վայելել է 2009 թվականին <<Գոլդ Էներջի>> ՍՊԸ-ի տնօրենի տեղակալը հանդիսացած, Աշտարակի տարածքային հարկային տեսչության աշխատակից Վահան Ամիրյանը, ով զբաղվել է ընկերության հաշվապահությունը վարելով, հարկային հաշվետվությունները/հաշվարկները կազմելով և ներկայացնելով, սակայն նշված պաշտոնատար անձինք զարմանալիորեն հարկ չեն համարել այդ ուղղությամբ քննություն կատարել՝ պարզելու համար, թե արդյոք «հարկայինում ցանկացած հարց լուծող»փոխտնօրենը մեղավոր չէ ենթադրաբար առկա չվճարված հարկերի առաջացման համար:

Նմանապես, նույն անձանց կողմից զարմանալի մեղմ վերաբերմունք է դրսևորվել նույն քրեական գործով անցնող մեկ այլ մեղադրյալի՝ «Պերֆֆանտոմ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Հարությունյանի նկատմամբ, ով, օգտվելով իր նկատմամբ դրսևորած բարեհաճ վերաբերմունքից, պարզապես հեռացել է ՀՀ-ից, խուսափելով քրեական հետապնդումից:

2. Ժ. Բաղումյանը, գտնվելով Հայաստանի Հանրապետության հսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկում, չի ստացել պատշաճ և արդյունավետ բժշկական օգնություն:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ի դեմս դատավոր Է. Ավետիսյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ի դեմս դատավորներ Արարատ Պետրոսյանի և Մանուշակ Պետրոսյանի, բացարձակապես անտեսել են փաստաբանի կողմից վկայակոչված փաստերն առ այն, որ ամուսինս ունի առողջական բազում խնդիրներ, մասնավորապես՝ 2004 թվականին սրտամկանի ինֆարկտ ախտորոշումով ընդունվել և բուժում է ստացել «Արմենիա» ՀԲԿ-ում, կալանքի երկարացումները քննելու պահի դրությամբ տառապում է շաքարային դիաբետ, միջին ծանրության, ինսուլին պահանջող ձև, հետինֆարկտային կարդիոսկլերոզ, զարկերակային հիպերտենզիա հիվանդություններով:

Փաստաբանը նաև նշել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկը լավագույն վայրը չէ նման առողջական խնդիրներ ունեցող մարդու համար իր առողջությունը կայուն վիճակում պահելու համար և Ժ. Բաղումյանին չի ցուցաբերվում և չի էլ կարող ցուցաբերվել պատշաճ բժշկական օգնություն քրեակատարողական հիմնարկում և Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ իր հսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորների և դատապարտյալների համար ապահովել պատշաճ բժշկական օգնության տրամադրում: Փաստաբանը ուղղակի հայտարարել է, որ ամուսնուս 6 ամիս շարունակական կալանքի տակ պահելը գործը քննող քննիչի և կալանքը արտոնած դատավորների կողմից Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի դրսևորում է նրա նկատմամբ և,ըստ էության, վերը հիշատակված առողջական խնդիրների առկայության պայմաններում առանց «վերաբերելի» և «բավարար» հիմքերի տևաբար անազատության մեջ պահելը նրան մահվան դատապարտող դատավճիռ է: Փաստաբանը նշել է, որ իր նմանօրինակ պատասխանատու հայտարարությունը նախազգուշացում է բոլոր նրանց համար, ում դաժան վերաբերմունքի հետևանքով վտանգված է Ժ. Բաղումյանի կյանքի իրավունքը: Չնայած այդ նախազգուշացումներին, դատարանը ս.թ. ապրիլի 22-ին կայացրած որոշմամբ հերթական անգամ երկու ամսով արտոնեց Ժ. Բաղումյանի կալանքի երկարաձգումը:

Միայն մահվան օրը՝ 2013 թ. ապրիլի 25-ին, մահվանից մի քանի ժամ առաջ է հայտնի դարձել, որ դրան նախորդած վերջին երեք օրերին ամուսնուս ինքնազգացողությունը (որն մինչ այդէլ՝ նախորդած առնվազն 2-3 ամիսներին վատացել էր, նրա մոտ նկատել եմ հիշողության վատացում, տեսողության վատացում, դանդաղել էր խոսքը) ամեն օր կտրուկ վատացել է և միայն բուժակի կողմից ներարկում կատարելուց հետո է ժամանակավորապես կարգավորվել: Հաջորդ օրը փաստաբանը պատրաստվում էր պահանջ ներկայացնել նրան ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու վերաբերյալ, սակայն ուշ երեկոյան ստացվեց նրա մահվան լուրը: 

Բացի քննիչ-դատախազ-դատավորներ հանցավոր շրջանակից, որոնց անմարդկային և դաժան վերաբերմունքի հետևանքով բազմաթիվ հիվանդություններով տառապող ամուսինս հայտնվեց այնպիսի վայրում և պայմաններում, որտեղ անձին արհեստավարժ և պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու նվազագույն պայմաններն իսկ բացակայում են, նրա մահվան համար պատասխանատու են նաև այն բոլոր անձինք, ովքեր պարտավոր էին ապահովել պատշաճ, ժամանակին և արդյունավետ բժշկական օգնության ցուցաբերումը, ինչը չի կատարվել: Ամուսնուս պարտավոր էին տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց՝ համապատասխան հետազոտություններ անցնելու և հետագա բուժման կազմակերպման նպատակով, ինչը չի արվել:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունից և բուժանձնակազմից բացի և նրանցից առավել, ամուսնուս պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու համար պատասխանատու է այն հանցավոր քրեակատարողական համարգը (նախ և առաջ արդարադատության նախարարը և քրեակատարողական վարչության պետը), ով 1200 կալանավոր ունեցող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համար նախատեսել է բուժակի ընդամենը մեկ հաստիք: Դեռ չասած այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները արդեն իսկ անհամատեղելի են անձի արժանապատվության և արժանապատիվ պայմաններում կեցության հետ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ուժով Հայաստանի Հանրապետությունը կրում է վերը նկարագրված փաստերի և հանգամանքների լույսի ներքո Ժ. Բաղումյանի նկատմամբ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորման և դրա հետևանքով կյանքի իրավունքի խախտման փաստի առթիվ պատշաճ, անաչառ և արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը՝ խնդրում եմ՝

1. Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած ամուսնուս՝ Ժորժիկ Լևոնի Բաղումյանի մահվան փաստով հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն,

2. ինձ ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ»:

 

Ռուզաննա Նիազյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացի

հասցե՝ ք. Երևան, Շիրակի 58, բն. 4

03 հունիսի 2013թ.



[1]Սա մի իրավիճակ է, երբ գործ ունենք ոչ միայն շանտաժի, այլև Սահմանադրության 17-րդ և Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի հետ, երբ հանցանքի մեջ մեղադրվող անձի ազատությունը կախվածության մեջ է դրվում նրա կողմից նախաքննության մարմնի համար ձեռնտու վարքագծի դրսևորման հետ:

[2]Ժ. Բաղումյանի պաշտպան՝ փաստաբան Մ. Շուշանյանի բոլոր միջնորդություները՝ չվճարված հարկերի առկայությունը հաստատող ապացույցներին ծանոթանալու, որով և՝ մեղադրանքից պաշտպանվելու հնարավորություն ստանալու վերաբերյալ, քննիչի կողմից մերժվել են:

[3]Կարեն Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 21.03.2013թ. որոշման համաձայն՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասով, 38-205 հոդվածի 2-րդ մասով, 38-189 հոդվածի 3-րդ մասով, 325 հոդվածի 1-ին մասով և 215 հոդվածի 1-ին մասով: 

Մեկնաբանություններ (1)

hasmik
Hajastani datairavakan msaxaci sovorakan depq, ardjunqy mexavory azat e, anmexy bantum, vortex kam mahanum en kam invalid darnum, tikin Niazjan pajqareq minchev verj, es Zer het em

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter