HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչպե՞ս է իրանցի ամբաստանյալը ճողոպրել ոստիկանության ու ԱԱԾ-ի քթի տակից

ՀՀ քաղաքացի Ժաննա Զաքարյանին ծեծելու մեջ մեղադրվող իրանցի Հասսան Աբոլֆազլ Ղոլամ Դոլաթխահը, ինչպես գրել ենք, կարողացել է հեռանալ Հայաստանից: Չնայած նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, ամբաստանյալն այլեւս Իրանում է:

Ապրիլի 23-ին նշանակված դատական հերթական նիստում դատավոր Մխիթար Պապոյանը ապշել է, երբ իմացել է, որ ամբաստանյալը Հայաստանում չէ: Նրա նկատմամբ հենց դատարանում հայտարարվել է հետախուզում: 

Հանրային պաշտպան Արթուր Ալիխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն էլ դատական նիստից մեկ օր առաջ է իմացել, որ ամբաստանյալը երկրում չէ: Զանգահարել է նրան, սակայն հեռախոսահամարները անջատված են եղել, կապվել է ավագ եղբոր՝ Ալիի հետ, որն էլ ասել է, որ Հասսանը մրցումների է մեկնել Իրան, ինչը զարմացրել է Ալիխանյանին, քանի որ իրանցու անձնագիրը պետք է պահվեր ոստիկանությունում: Պաշտպանը ենթադրում է, որ խափանման միջոց ընտրելու ժամանակ քննիչն իրանցուն չի բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները, կամ էլ թարգմանությունը պատշաճ կերպով չի կատարվել: Ալիխանյանը նշում է, որ, ըստ էության, մեղադրյալից նաեւ չեն վերցրել անձնագիրը: Նա հավելում է, որ գործում իր ներգրավվելուց հետո պաշտպանյալը որեւէ կերպ չի հարցրել իր իրավունքների եւ պարտականությունների մասին:

Շեշտենք, որ եղբայրներից ավագը՝ Ալին, շատ լավ հասկանում ու խոսում է հայերեն: Նա դատարանում հայերեն է ցուցմունք տվել, իսկ Հասսանը օգտվում էր թարգմանչի ծառայություններից: Տուժող Ժաննա Զաքարյանը մեզ պատմել է, որ իրանցիներն իրականում Երեւանում բրոքեր են աշխատում, եւ երկուսն էլ տիրապետում են հայերենին: 

ՀՀ ոստիկանությունից «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Իրանի քաղաքացին անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել, սակայն նախաքննական մարմինը ձեռք է բերել նրա անձնագրի պատճենը: «Քանի որ նախաքննական մարմնի գործողություններում քրեական գործի քննության ընթացքում  խախտումներ եւ թերացումներ չեն արձանագրվել, ուստի ծառայողական քննություն չի նշանակվել»,- հայտնել են ոստիկանությունից, սակայն հարց է, թե ինչպես է, այդուհանդերձ, իրանցին լքել Հայաստանը, եթե նրա նկատմամբ խափանման միջոց կար: Փաստն այն է, որ ամբաստանյալը ճողոպրել է ոստիկանության ու ԱԱԾ-ի սահմանապահների քթի տակից: Ու հիմա ոստիկանությունը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է ձեռնարկում՝ նրան գտնելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter