
Լոս Անջելեսի տատիկ-պապիկները կերգեն Հայաստանում
Սեպտեմբերին համերգային ծրագրով Հայաստան է ժամանելու Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ» աշուղական երգչախումբը: Օրը դեռ հայտնի չէ եւ համաձայնեցվում է սփյուռքի նախարարության հետ: Այս խումբը բաղկացած է 20 հոգուց, որի անդամները 45-90 տարեկան են: Նրանց ուղիղ կեսը 70-ից բարձր տարիքի են:
Խմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ժողովրդական երգիչ Գեւորգ Չաքմանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը 2010թ. աշխատանքի բերումով մեկնել է ԱՄՆ: Այնտեղ մենահամերգ է ունեցել եւ մասնակցել մի շարք միջոցոռումների: Համերգներ, միջոցառումներ, հրավերներ…երգիչը մնացել է ԱՄՆ-ում, իսկ մեկ տարի անց` 2011թ. հիմնել մեծահասկաների երգչախումբը: Երգող տատիկ-պապիկներից բաղկացած խումբն արդեն հայտնի է ԱՄՆ-ի հայաբնակ քաղաքներում, քանի որ հանդես է եկել մի շարք համերգային ծրագրերով:
Գեւորգ Չաքմանյանը պատմեց, որ խումբ հավաքելու մտադրության մասին մեկ անգամ Ամերիկայում գործող հայկական հեռուստահաղորդման ժամանակ է հայտարարել եւ մտքով չի էլ անցել, որ օրեր անց մեծ թվով հայտեր կլինեն եւ ստիպված նրանցից ընտրություն կատարելու փաստի առաջ է կանգնելու:
Պարապմունքները շաբաթական 2 օր են` 1.5 ժամ տեւողությամբ: Գ. Չաքմանյանի ասելով, հատկապես տարեցներն ավելի ուրախությամբ են հաճախում պարապմունքներին, երբեք չեն ուշանում եւ ոչ մի պարապմունք բաց չեն թողնում: Նրանք գալիս են իրենց ամուսինների կամ զավակների ուղեկցությամբ:
«Երբ պարապմունքի 1,5 ժամը լրանում է, ասում եմ` ցտեսություն, բայց նրանք տուն չեն գնում, ասում են՝ էլի երգենք, ես էլ իրենց ասածով եմ անում, որ չնեղացնեմ նրանց: Փորձերի օրերին նույնիսկ մեկ ժամ շուտ են գալիս նստում, որ չուշանան»,-ասում է Գեւորգ Չաքմանյանը:
«Կանթեղ» աշուղական երգչախմբում ընդգրկված են միայն ազգությամբ հայեր: Խմբի անդամները նախկինում ապրել են Հայաստանում, բայց արդեն 15-25 տարի է՝ ԱՄՆ-ի քաղաքացիներ են:
Երգչախմբի մենակատարը 90-ամյա Հովհաննես Եղիազարյանն է: Նա Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է եւ փորձերի ու համերգային ծրագրերի ժամանակ էլ ներկայանում է իր տոնական կոստյումով` ստացած մեդալներն ու շքանշանները կրծքին ամրացված: Հովհաննես պապը լավ է երգում հատկապես Արամ Մերանգուլյանի հեղինակած «Լեռներ հայրենի» երգը: Երգչախմբի լավ ձայներն են համարվում նաեւ 78-ամյա Արշալույս Արամյանը, 75 տարեկան Մարո Խաչիկյանը, 80 ամյա Վեներա Վարուժանյան եւ 83-ամյա Հասմիկ Մարգարյանը եւ այլք:
Նրանք այնքան լուրջ են վերաբերում երգին, որ ապագայի հետ կապված առաջարկություններով են հանդես գալիս: Օրինակ` նախկին էջմիածնաբնակ Արշալույս տատը նույնիսկ որոշել է ձայնը մշակել եւ նման խնդրանքով դիմել է խմբի ղեկավարին:
Գեւորգ Չաքմանյանը նշում է, որ խմբի երգիչ-երգչուհիները մեծ ուրախությամբ ու խանդավառությամբ են պատրաստվում հատկապես հայաստանյան համերգին: Այստեղ էլ շատ ակտիվ են տարեցները: Նրանց մի մասը Հայաստանում ազգականներ ունեն, բացի այդ «հող ու ջրին կարոտել են»:
«Հատկապես Հայաստանում համերգային ծրագրով հանդես գալու մտքից շատ են ոգեւորվել տարեցները, մի տեսակ երիտասարդացել են, չեն ասում՝ հոգնել ենք եւ այլն: Նրանք ամեն օր ապրում են Հայաստանով, խոսում ու քննարկում են հայրենիքում կատարված իրադարձությունները: Նույնիսկ երգի «Հայաստան» բառը մի ուրիշ ձեւով են արտաբերում: Բոլորն էլ հուզվում են, երբ հայրենիք կամ Հայաստան անունն են լսում երգի մեջ: Նրանք մեծ հոգու տեր մարդիկ են»,-ավելացրեց Գեւորգ Չաքմանյանը:
Նա հույս հայտնեց, որ հայաստանյան հանդիսատեսը ջերմ կընդունի «Կանթեղ» երգչախմբին, ինչն էլ ավելի կոգեւորի տատիկ-պապիկներին:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել