HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դավիթ Բեկում ամենածանր վիճակում գտնվող վարկառուն գյուղապետն է

Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղում ապրում է 815 բնակիչ: Նրանցից մոտ 100-ը, գյուղապետ Արտավազ Հակոբյանի հետ միասին, վարկեր ունեն: Բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Տարվա ապրուստն ապահովելու համար գյուղացիները հիմնականում ցորեն են ցանում, սակայն այս տարի եղանակային անբարենպաստ պայմանները բարձր բերք չեն խոստանում. գրեթե կիսով չափ պակաս բերք է ակնկալվում:

Երբ խոսք եղավ վարկերի մասին, համայնքապետը հենց սկզբից ասաց, որ չի ցանկանում լուսանկարվել եւ հայտնի դառնալ որպես վարկառու գյուղապետ: Նա չասաց նաեւ իր ստացած վարկի գումարի չափը, միայն նշեց, որ 16 %-ով վարկ վերցրել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից: «Պատկերացրու` մտնում ես մի խանութ, որ բան առնես ու այդ ծառայության դիմաց քեզնից փող են ուզում, նույնն էլ բանկերն են անում: Մտնում ես վարկ ստանալու, ստացածի համարյա մի մասը թողնում ես իրանց, բայց ինչի՞ համար: Բարձր տոկոսը տալիս ենք` իբր քիչ ա, մի հատ էլ իրա ծառայությունների համար մենք պիտի վճարե՞նք: Հենա, որ այդ փողն ունենանք, վարկ չենք վերցնի, էլի»,- ասում է Արտավազ Հակոբյանը:

Գյուղապետը պատմեց, որ եթե վարկ վերցնելիս գրավադրման գույք են ունենում, ապա կադաստրի, նոտարի գործարքները հաշված` ծախսերը կազմում են մոտ 100.000 դրամ, որը վճարում է վարկառուն: Ըստ Ա. Հակոբյանի` 1մլն դրամի համար էլ են նույն ծախսերն անում, 3 մլն-ի համար էլ:

Դավիթ Բեկում վարկեր վերցնում են հիմնականում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից: «Մարդ կա` վարկ է վերցրել, ցորեն է առել ցանել, բայց հիմա բերք չկա, ի՞նչ պիտի անի, դժվար վիճակ ա»,- ավելացրեց գյուղապետը:

Գյուղացիները պատմեցին, որ իրենց համայնքապետը վարկ է վերցրել անասուն գնելու համար, որպեսզի տնտեսությունը զարգացնի, սակայն արդեն փոշմանել է, որ վարկառու է դարձել, քանի որ վնաս է կրում:

Պարզվում է` Դավիթ Բեկում ամենավատ վիճակում հենց գյուղապետն է: Նա վնասներ է կրում նաեւ կառավարության առաջարկած բարձր բերքատու ցորենի սերմացուից: Ինչպես տեղեկացրեց գյուղապետարանի հաշվապահ Նարինե Օհանջանյանը, ապրիլին գյուղում բարձր բերքատվության ցորեն են ստացել, որ պետք է բաժանվեր գյուղացիներին` պայմանով, որ բերքի ժամանակ պետությանը հետ վերադարձնեն վերցրած ցորենի կրկնապատիկի չափով, սակայն անձրեւների եւ, իր բնորոշմամբ, «խիստ պայմանների» պատճառով ընդամենը մի քանի գյուղացի է սերմացու վերցրել, մեծ մասը մնացել է պահեստում: «Այնքան ահավոր գներ են, որ պիտի կրկնակի հետ վերադարձնեն, հակառակ դեպքում, եթե բերք չեղավ, 1կգ-ի համար պիտի վճարեն 500 դրամ: Դրա համար էլ գյուղացիները չվերցրին: Իհարկե, վերցնողներ եղել են: Գյուղապետն էլ է վերցրել, բայց արդեն փոշմանել է, քանի որ վնաս է կրում, բերք չկա ու պիտի կիլոգրամի համար 500 դրամ վճարի»,- ասում է Նարինե Օհանջանյանը:

Նա նույնպես վարկի ունի` ուսանողական: Գյուղատնտեսության համար մեծ գումարներ են պետք, իսկ իր ընտանիքն ի վիճակի չէ այդքան վարկ վերցնել ու հետագայում փակել: 200,000 դրամ վարկ վերցրել է «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից եւ ամսական վճարում է 20 հազար 450 դրամ: «Մատչելի չի, բայց ստիպված ենք, բոլորն էլ այդ վիճակում են հայտնվում` մեկը` ցորեն գնելու, մյուսը` կարտոշկի սերմացու, ու վերջում չեն կարողանում փակել կամ էլ փակում են մեծ դժվարությամբ»,- նշում է գյուղապետարանի հաշվապահը:

Ինչպես գյուղապետ Հակոբյանն այնպես էլ Նարինե Օհանջանյանը, գյուղի հիմնական խնդիրը համարեցին աշխատատեղերի բացակայությունը: Դա է պատճառը, որ երիտասարդները հեռավոր գյուղում ապագա չտեսնելով կամ հեռանում են հանրապետությունից, կամ էլ տեղափոխվում են քաղաքներ:

Դավիթ Բեկում, ըստ գյուղապետի, մոտ 50 երիտասարդ, որոնց տարիքը 27 եւ ավելի է, չի ամուսնացել: Պատճառը նվազագույն սոցիալական պայմանների բացակայությունն է, ինչը աշխատանք չունենալու հետեւանք է: «Աշխատատեղ չկա, ապրուստի միջոց չկա, ամուսնանան ի՞նչ անեն»,- ասում է Ա. Հակոբյանը:

Իսկ Նարինե Օհանջանյանի ասելով` ով հնարավորություն ունի, թողնում գնում է գյուղից, իսկ ով էլ ապրուստի միջոց չունի, պարզապես չի ամուսնանում:

«Կոնկրետ ես ունեմ համալսարան ավարտած 2 աղջիկ, մեկը պոլիտեխնիկն է ավարտել, մյուսը` բժշկական համալսարանը, վճարովի էլ սովորել են, բայց հիմա գործ չկա, տանը նստած են: Երեւանում սովորող մի ուսանող էլ ունեմ, մտածում եմ` լավ, սովորեց, այդքան գումարներ ենք ծախսում, իրա համար վարկ ենք վերցնում, որ ուսման վարձը փակենք, բայց ավարտի որտե՞ղ գա աշխատի: Ուղղակի ծնող ենք, որպես պարտականություն տալիս ենք սովորելու, թե չէ հույս չկա, որ աշխատանք կգտնեն»,- ավելացրեց տիկին Օհանջանյանը:

Դավիթ Բեկում խիստ ցածր է  ծնելիության ցուցանիշը: Տարեկան մահանում է մոտ 20 մարդ,  ծնվում է 7-8 երեխա: Օրինակ` այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս գյուղում ընդամենը մեկ երեխա է ծնվել, մահացել է 5 հոգի: Ինչպես գյուղապետն ասաց, տարի է եղել` գյուղում 3 ծնունդ են ունեցել:

Դավիթ Բեկի վարչական տարածքը 1230 հա է, սեփականաշնորհված է 450 հա վարելահող: Գյուղում նախկինում գործել է կոշիկի արտադրամաս, որտեղ 40-50 մարդ է աշխատել, բայց հետագայում շենքը սեփականաշնորհվել է, իսկ արտադրությունը` դադարեցվել: Արտավազ Հակոբյանը նշեց, որ իրենց համայնքի գործատուները 5 աշխատատեղով քարի արտադրամասը, գյուղապետարանը, բուժկետը, ինչպես նաեւ դպրոցն ու մանկապարտեզն են:

Թեեւ միակ եկամուտը գյուղացիները ստանում են հողից, բայց արդեն սկսել են  հող էլ չմշակել եւ բավարարվել միայն նպաստով ու թոշակով: Նարինե Օհանջանյանի խոսքով` այսօր հող մշակելը «թանկ հաճույք» է գյուղացու համար: Ամեն ինչ թանկ է, վար ու ցանքից սկսած` մինչեւ բերքը տուն հասցնելը: Գյուղացիները բերքը տուն տանելու համար բենզին ու ավտոմեքենա պիտի վարձեն, եւ ովքեր գումար չունեն, այլ հնար են գտել` ավանակ են պահում ու կենդանուն օգտագործում որպես փոխադրամիջոց:

«Այս տարի կարտոֆիլի սերմացուն նույնպես շատ թանկ էր` 250-300 դրամ, հետո` եղանակը խոնավ էր, ուշ ենք ցանել եւ բարձր բերք չենք ստանալու: Պարարտանյութն ահավոր գներ է, գյուղում հազարից մեկը, որ կարողանա պարարտանյութ գնի, պարկը 8-9 հազար դրամ է, շատերը չեն գնում: Օրինակ` մենք չենք գնում պարարտանյութ, բերք ստանում ենք Աստծո հույսով, որովհետեւ այդքան հնարավորություն չունենք»,- նշում է Ն. Օհանջանյանը:

Դավիթ Բեկում ոչ ոք չգիտի, թե ինչ է իրեն սպասվում. «Առաջ գնալու փոխարեն տարեց տարի ավելի վատ են ապրում»:

Դատարանում չհայտնվելու համար` պլանավորել ծախսերը

Դավիթ Բեկի բնակչուհի Կարինե Պողոսյանն աշխատում է գյուղի էլեկտրիկի խանութում որպես վաճառողուհի: Նրա ամուսինն էլ աշխատում է քարի արտադրամասում, եւ տիկինը չի դժգոհում իր ապրուստից: Սակայն իրենց վաստակն այնքան շատ չէ, որ կարողանան զերծ մնալ վարկերից: 12 % տոկոսադրույքով եւ մարման 1 տարի ժամկետով 450 հազար դրամ վարկ են վերցրել եւ ներդրել անասնապահության մեջ. հորթեր եւ խոզեր են գնել: «Ճիշտ է, լինում է, որ վարկի գումարից վերջում մեզ ոչինչ չի մնում, բայց եթե բանկն աջակցում ու օգնում է, պիտի դրա համար շնորհակալություն ասենք: Իհարկե, եթե ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր տային, ավելի լավ կլիներ` գոնե 10 %-ից ցածր, որ գյուղացուն ձեռք տար»,- ասում է Կ. Պողոսյանը:

Ըստ նրա` եթե վերցրած գումարը ներդրվի առեւտրի մեջ, էլի որոշ չափով հնարավոր կլինի վարկը փակել, սակայն գյուղատնտեսությունը ռիսկային է, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վարկառու գյուղացին այդ տարի բերք կստանա եւ կկարողանա այն իրացնելով եւ ապրել եւ վարկ փակել: Բացի այդ, իրացման շուկա էլ չկա, յուրաքանչյուրն ինքն է իր գլխի ճարը տեսնում:

«Իմ վերցրած վարկը շատ քիչ է նույնիսկ 1հա հող լիարժեք մշակելու համար: Ամեն ինչ շատ թակ է, բայց ես ի վիճակի էլ չեմ շատ վարկ վերցնեմ, ասենք թե վերցրեցի, բա հետո ո՞նց փակեմ»:

Նա բոլորին կոչ է անում վարկը վերցնելուց առաջ պլանավորել ծախսերը եւ կանխատեսել` եթե բերք չստանա, ինչպես պետք է փակի վարկը, որպեսզի դատարանի դռները չընկնի: «Ես հաշվարկներ արել եմ, նոր եմ վերցրել, առանց դրա չի լինի»,- ավելացրեց Կ. Պողոսյանը:                

Մեկնաբանություններ (1)

Andranik
eeeeeeeeeeeeeeee sax sax sax sax sax sax sax en araji nkanr en

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter