Արա Խզմալյան. «Այսօր թատրոնը մրցակցելու խնդիր ունի կյանքի հետ»
«Հետքի» հարցերին պատասխանում է Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, «Թատրոն X» հանրապետական փառատոնի նախագահ Արա Խզմալյանը:
Ըստ ձեզ` որքանո՞վ է այսօր թատրոնը մրցակցային արվեստի ճյուղ Հայաստանում:
Մրցակցային ասելով` չպետք է հասկանալ միայն խմբերի մրցակցությունը: Մրցակցություն ասելով` պետք է հասկանալ նաև մրցակցությունը հանդիսատեսի հետ. կամ հանդիսաականը կճնշի ներկայացումը, կամ ներկայացումը հանդիսականին կտանի իր հետևից: Թատրոնի էությունն ինքնին մրցակցային է:
Սակայն ինչ վերաբերում է մեր թատրոնների միջև մրցակցությանը, ապա այստեղ ամենալուրջ խնդիրը չմտածված խաղացանկային քաղաքականությունն է: Մենք կարող ենք նույն ներկայացումը տեսնել տարբեր թատրոններում, միաժամանակ տեսնում ենք արդեն հնամաշ պիեսներ ու թեմաներ, արհեստական խնդիրներ: Մինչդեռ ամեն քայլափոխի կա բեմադրության նյութ, դրամատիզմ:
Այսօր թատրոնից դուրս է մղվել մրցակցության ոգին: Այն կա անկախ թատերախմբերում. Նրանք, զուրկ լինելով պետական աջակցությունից, պարտավոր են անվրեպ աշխատել: Նրանք չեն կարող հանգիստ գումար ներդնել մի ներկայացման մեջ առանց հաջողության գրավականի, քանի որ հաջորդ ներկայացման հնարավորությունը չեն ունենա: Պետական թատրոնների մեծագույն թշնամին այդ ներքին հանգստությունն է. լավ խաղաս, վատ խաղաս, դու ես, քո պետական սուբսիդավորումը, քո ամսական աշխատավարձը: Սա կործանում է թատրոնի մրցակցային ոգին, թատրոնի տարերքը և կորցնում է վերաբերմունքը ժամանակի հանդեպ:
Թատրոնը ներկա պահի արվեստ է. նրա անցյալը կորած է, ապագան` անորոշ: Թատրոնն ունի ընդամենը մի հենակետ` դա ներկան է: Իսկ դա նշանակում է, որ այսօրվա ստեղծագործողները պետք է անվրեպ զգան ժամանակը, անդրադառնան ժամանակակից մարդու խնդիրներին:
Մենք ընդհանրապես չենք ճանաչում մեր հանդիսատեսին, չգիտենք, թե ինչ պետք է բեմադրել, որ մեր մտահղացումն անվրեպ տեղ հասնի: Մենք դեռևս լեզու չենք գտնում հանդիսատեսի հետ:
Թատրոնն այսօր մրցակցության խնդիր ունի սոցիալական թատրոնի հետ: Կա նաև թատրոն թատրոնից դուրս. դա մեր սոցիալական կյանքն է: Քանի դեռ սոցիալական կյանքը, դրաման եղավ ավելի հետաքրքիր, ուշագրավ ու հրատապ, քան թատրոնը, թատրոնը կլինի անհետաքրքիր: Այսօր թատրոնը մրցակցելու խնդիր ունի կյանքի հետ:
Իսկ որքանո՞վ կա մրցակցության խնդիր թատրոնի ներսում, թատրոնի մարդկանց շրջանակում: Առավել ևս, որ հաճախ է թատրոնի ներքին խոհանոցը դառնում հանրության խոսակցության նյութ:
Ցավոք, ապրում ենք օրեցօր էժանացող և գռեհկացող միջավայրում, որտեղ մարդիկ մոռանում են, որ կա կարևոր մի բան` արժանապատվությունը: Մենք շատ հեշտությամբ ենք ընդգրկվում ինտրիգների մեջ, մեր դերասանները միմյանց դեմ հոդվածներ են գրում: Չեմ ասում` լռենք և զբաղվենք միայն գովաբանությամբ, բայց կա նաև բանավիճելու հարթակ:
Պետք է հստակ տարբերակել մասնագիտական անհամաձայնությունն անձնական վիրավորանքից: Մտավորականն այն մարդն է, որը հստակ գիտի, թե մինչև ուր կարող է խոսել, ինչ բառապաշարով և ինչ հարցերի շուրջ: Ամեն ինչ գալիս է մարդու ներքին մշակույթի և կրթվածության աստիճանից: Դեռ չենք սովորել մեկս մյուսին հարգել, լսել, միմյանց աշխատանքները գնահատել:
Եթե մենք շատ քիչ կրթված դերասաններ ունենք, ովքեր տեղյակ են փիլիսոփայական և հոգեբանական գրականությունից, մենք ի՞նչ ենք պահանջում: Համընդհանուր մասնագիտական պարապության մթնոլորտում մնում են զրպարտությունը, ամբիցիաները, փոխադարձ հայհոյանքները և մեղադրանքները: Այսպիսով, մենք ինքներս վարկաբեկում ենք մեր մասնագիտությունը:
Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այսօր մշակութային կյանքից դուրս են մղվում հասարակության որոշ շերտեր, օրինակ` հաշմանդամները: Բայց որքանո՞վ են այսօր մշակութային դաշտի մեջ ներգրավված հենց մշակույթի ոլորտի մարդիկ:
Ամեն սոցիալական խումբ ունի իր մտավոր, հոգևոր պահանջներն ու ճաշակը: Եվ վատ չէր լինի, եթե ամեն սոցիալական խումբ ունենար իր թատրոնը: Բայց երկրում ամեն ինչ ընդհանուր է: Օրինակ` ասում ենք Հանրային հեռուստաընկերություն, ինչը ենթադրում է, որ հանրության բոլոր խավերը պետք է գտնեն իրենց հետաքրքրությունը, բայց Հանրային հեռուստաընկերությունից տասնյակ տարիներով դուրս են մղված մտավոր խավի ցանկությունները ու պահանջները:
Ընդհանրապես, մտավորական մարդու համար ասպարեզ չկա: Եթե մեր կյանքը լիներ բազմաձև, հասարակական, քաղաքացիական կյանքը կազմված լիներ տարբեր շերտերից, այսքան երիտասարդ չէր մտնի կուսակցություններ: Բայց իբրև թե հաջողության հասնելու միակ եղանակը մնացել է կուսակցությունը: Այսօր մենք համազգային կուսակցականացման մեջ ենք: Խնդիրն այն է, որ երիտասարդի դրսևորման ասպարեզ չկա: Իսկ կուսակցականացման վտանգն այն է, որ մենք դիմազրկում ենք միջավայրը: Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ մի օր հանրապետության նախագահը կամ կրթության նախարարն ուղղակի կոչ անի` ՈւԽ նախագահներ ընտրել ոչ կուսակցական երիտասարդների, ապակուսակցականացնել միջավայրը, կրթական համակարգը:
Նման միջավայրում խոսել թատրոնի որակի բարձրացման մասին, ինտելեկտուալ, էլիտար թատրոնի մասին՝ առնվազն միամտություն է: Թատրոնն անմիջապես անդրադարձնում է միջավայրի դեմքը:
Թատրոնի վիճակի բարեկարգումը միայն թատրոնով չէ պայմանավորված: Եթե անգամ թատրոնները բարեկարգվեն, իսկ եթե օրեցօր միջավայրն է գռեհկանո՞ւմ ու բարբարոսանում: Այդ միջավայրն էլ իր պահանջներն է բերում թատրոն: Պետք է համապատասխան ինստիտուտներ լինեն, որ ճիշտ ծրագրեր մշակվեն: Թատրոնի որակի բարձրացման գրավականը հասարակական որակի բարձրացումն է:
Կարելի՞ է ասել, որ այսօր թատրոնը հասարակությանը շատ քիչ բան է տալիս ու նաև հասարակությունից վերցնում:
Երբ արտաքին կյանքը շատ ավելի սուր է և լարված, քան թատրոնը, բնականաբար, թատրոնը կորցնում է իր հետաքրքրությունը և հրատապությունը: Թատրոնը չի կարող չլինել հրատապ, այն պետք է համապատասխանի մարդու հրատապ քաղաքացիական, գեղարվեստական սպասումներին:
Այսօր մեզ այնքան քիչ ժամանակ է հատկացված, որ իրավունք չունենք գնանք նստենք դահլիճում և 2 ժամ նայենք հիմարություն: Հանուն ինչի՞ ես պետք է վատնեմ ժամանակս կատարյալ հիմարության վրա: Ներկայացումը շատ հրատապ, անհրաժեշտ պետք է լինի, որ արդարանա: Առավել ևս, որ մենք ապրում ենք շատ լարված քաղաքացիական, հասարակական և քաղաքական մթնոլորտում:
Որքանո՞վ են այսօր մրցանակաբաշխություններն ու փառատոնները նպաստում թատերական կյանքի աշխուժացմանը:
Ամեն դեպքում լավ է փառատոնային առատությունը, քան դրանց բացակայությունը: Պարզապես կուզենամ, որ փառատոնների բոլոր կազմակերպիչներս` երբեք չկորցնենք պատասխանատվության զգացումը հանդիսականի հանդեպ: Երբ նոր ես սկսում, հաստատվելու, ապացուցելու խնդիր ունես, շատ լավ ես աշխատում, հետո երբ փառատոնը դառնում է ամենամյա, ժամանակի ընթացքում թուլանում է պատասխանատվության զգացումը: Բոլորիս եմ կոչ անում` չթուլացնել պատասխանատվությունը. պետք է հստակ իմանաս` ինչ ես անում և ինչի համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել