HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրանց այլընտրանքային հայրենիքը

Ռազմիկ Մարկոսյան 

Մի կողմից աշխարհը գլոբալիզացվում է, մյուս կողմից` ակտիվորեն մասնատվում կրոնական, քաղաքական ու ամեն տեսակ խմբավորումների ու ենթամշակույթների միջև: Մեկը գումարում է այս աշխարհը, մյուսը` բաժանում: Եվ մինչ որոշ ուժեր ջանում են իրար ձեռքից խլել, աշխարհը ձեռքից գնում է:

Այս ու նման երևույթներն առավել տեսանելի են փոքր երկրներում: Փոքր երկրներում դրանք նախ և առաջ առավել վտանգավոր են: 

Խղճի ազատությունն ընկած է ցանկացած ժողովրդավարական երկրի հիմքում: Տեսական դաշտում այս անվիճելի դրույթով քողարկված՝ մեծ երկրները թողարկում են զանազան աղանդներ ու ենթամշակույթներ և ազատ գործունեության հնարավորություն տալիս դրանց: Այնուհետև իրենց գերտերության համար վտանգ չներկայացնող այդ «թողարկումները» նրանք  փորձում են փաթաթել աշխարհի վզին: Ու թե վիզդ չես պարզում, ուրեմն ժողովրդավար չես ու պիտի կրես դրա հետևանքները, իսկ թե պարզում ես, գլուխդ շոյում են, վզիդ են փաթաթում իբրև թե մարդու հոգևոր ու գաղափարական կարիքները հոգալու համար ստեղծված այդ անջատողական խմբավորումները, ու առաջնորդում են դեպի գլոբալիզացում:

Այսպես, անկախության ճանապարհին նոր ոտք դրած մեր երկրի վզին փաթաթվեց կրոնական աղանդներին ազատ գործունեության իրավունք  տալու օրենսդրական հիմնավորումը: Դա տեղի ունեցավ Հայաստանի համար ամենաանբարենպաստ շրջանում. մի կողմից՝ կրոնական կազմակերպությունների և պետության միջև նոր հարաբերությունների ձևավորման անցումային փուլ, մյուս կողմից՝ կոմունիզմի  դարաշրջանում կրոնական դաստիարակություն չստացած, իր հոգևոր կարիքների, դրանց բավարարման մասին թերի պատկերացում ունեցող կամ առահասարակ պատկերացում չունեցող ազգաբնակչություն: Եվ հիմնականում այդ շրջանում էր, որ Հայաստան ներխուժեցին հարյուրավոր կրոնական աղանդներ: (Չմոռանանք նաև, որ նրանց ներխուժման սկիզբը դրվեց 88-ի երկրաշարժից հետո, երբ գթության քողի տակ ծպտված կրոնական քայքայիչ կազմակերպությունները հոգու հաց էին հասցնում աղետի գոտու բնակիչներին): Մեր երկրի համար հույժ կարևոր ազգային միասնականությունը ջլատող, ձևով կրոնական, միտումով` քաղաքական այդ կազմակերպություններից որևէ մեկը մյուսից պակաս վնասատու չէ: Բայց ես ուզում եմ խոսել Եհովայի վկաների մասին, որի հետևորդները հրաժարվում են ազգային բանակում ծառայելուց` պատճառաբանելով, թե զինապարտությունը նախատեսված չէ իրենց հավատքով: Հայրենիքի առաջ իրենց պարտքը տալուց հրաժարվելիս նրանք վկայակոչում են Աստվածաշունչը՝ մեկանաբանելով այն ի նպաստ իրենց՝ ներքևներում՝ անձնական կամ խմբային, վերևներում՝ զուտ քաղաքական շահի:

Գաղտնիք չէ, որ մենք ապրում ենք վտանգավոր տարածաշրջանում, և որ խիստ փխրուն է մեր երկրի խաղաղությունը: Ադրբեջանի նման օրավուր սպառազինվող, ռազմատենչ երկրի համար, չգիտես ինչու, աշխարհը չի «կազմակերպել» որևէ զսպիչ կրոնական կազմակերպություն: Մեր երկրի ռազմական քաղաքականությունն ունի խաղաղասիրական, հայրենապաշտպան բնույթ: Նման պայմաններում Եհովայի վկաներ կազմակերպությունը մեզանում նախ և առաջ դիտվում էր որպես կենտրոնացված դասալքություն: Իսկ դասալքությունը հետապնդվում էր օրենքով: Եվ ահա եվրոպականացման ճանապարհին մեր երկրի ստանձնած պարտավորություններից մեկը եղավ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (2003թ.), որն առաջին հերթին օրինական դաշտ բերեց 18 տարին լրացած հայաստանցի «վկաների»՝ ազգային բանակում ծառայելուց խուսափելը: Այս օրենքով նշված կրոնին դավանողների զինծառայությունը փոխարինվեց քաղաքացիական ծառայությամբ, ինչը մեծ խանդավառությամբ ընդունեցին «վկաներն» ու նրանց հարազատները: Թվաց, թե կրոնական կազմակերպության հետ խնդիրը կարգավորված է: Բայց որոշ ժամանակ անց, հրահանգվելով` մեկ մարդու նման, զինծառայության տարիքի հայաստանցի բոլոր եհովայականներն այլընտրանքային ծառայությունից էլ հրաժարվեցին: Պարզվում է` հիմա էլ նրանց դուր չի գալիս, որ իրենց քաղաքացիական ծառայությունն իրականացվում է  Պաշտպանության նախարարության ենթակայությամբ: Ինչպիսի~ սկզբունքային խաղաղասիրություն: Վաղն էլ գուցե ասեն, թե իրենց հավատքը թույլ չի տալիս ենթարկվել աշխարհիկ օրենքին: Կամ գուցե հրաժարվեն հարկեր վճարելուց, ինչ է թե դրանցից բաժին է հանվում բանակին: Երևի կռապա՞շտ էին մեր սուրբ նախնիները, մեր հոգևոր հայրերը: Երևի վա՞տ էին ընկալել քրիստոնեական հավատքի էությունը, երբ օրհնում էին հայրենյաց պաշտպաններին:  

Աստվածաշունչը չի սովորեցնում հարձակվել, խլել, սպանել, բայց չի սովորեցնում նաև հանդուրժել այդ ամենը: «Աստծունը Աստծուն տվեք, կեսարինը՝ կեսարին»,-ասում է Աստծո որդին: Իսկ մարդիկ ի՞նչ էին տալիս կեսարին: Հարկ էին տալիս, որով կեսարը նախ և առաջ երկրի բանակն էր պահում: Երեսպաշտական չէ՞ արդյոք մինչև ատամները զինված թշնամու դեմ դուրս գալ միայն հավատքով զինված, որ նույնն է, թե կեսարինը տալ Աստծուն: 

Աստվածաշնչում ո՛չ Հիսուսը, ո՛չ Հովհաննես Մկրտիչը, ո՛չ առաքյալները չեն քննադատում, մերժում բանակն ու զինվորականությունը: Երբ մկրտություն կատարելիս Հովհաննես Մկրտչին են մոտենում զինվորները ու հարցնում են, թե իրենք ինչ պիտի անեն, այս պատասխանն են լսում. «Ոչ ոքի մի նեղեք, ոչ ոքի մի զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի»: (Ղուկաս, գլուխ 3. 14): Այս խորհուրդը Մկրտիչը տալիս էր նաև ոչ զինվորականներին:

Ղուկաս Ավետարանիչը պատմում է, թե ինչպես Կափառնայում քաղաքում Հիսուսը բժշկում է հարյուրապետի ծառային՝ հայտարարելով, որ այդ մարդու հավատքի պես հավատք Իսրայելում էլ չի տեսել: (Ղուկաս գլուխ 7, 1-10): Եվ դարձյալ ոչ մի խոսք՝ զինվորական ծառայությունից հրաժարվելու մասին: 

Աստվածաշնչում այսպիսի տողեր կան. «Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Դու և Ահարոնը հաշվառման կենթարկեք 20 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր մարդկանց, որոնք կարող են զենք վերցնել Իսրայելի բանակի համար»: Թվոց, գլուխ 1 (1-4)

Կամ` «Եթե պատերազմի ելնես քո թշնամիների դեմ և տեսնես, որ նրանց նժույգները հեծյալներն ու ռազմի դաշտ եկած ժողովուրդը թվով քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետև ... քո Տեր Աստվածը քեզ հետ է»: 2-րդ օրինաց, (20)

Աստվածաշնչում բազում են այս բնույթի գրառումները: Փոխարենը՝ երբեք չի խոսվում սեփական երկիրն անպաշտպան թողնելու մասին: Փառք Աստծո, մեր երկիրն անպաշտպան չէ, թե չէ՝ թշնամին անմիջապես կհարձակվեր ու Եհովայի վկաներն այլընտրանք չէին ունենա:

Մեր երկրի պայմաններում «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը կատարյալ արտոնություն է: Մյուս կողմից` այն նաև ոչ «վկա» մարդու իրավունքի ոտնահարում է, եթե նկատի ունենանք «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի՝ տարածաշրջանային խնդիրներից բխող ողջ խստությունը, երբ ծառայության են մեկնում այնպիսի երիտասարդներ, որոնց զորակոչումը նպաստավոր չէ մեր երկրի գիտության, մշակույթի և սոցիալական ապահովության տեսանկյունից: «Այլընտրանքայինների» անզեն, խաղաղ կեցությունը մեր վտանգավոր սահմաններում պաշտպանում են իրենց տարեկից տղաները: Իսկ ո՞ւր մնաց այս կազմակերպության կողմից չհավաքագրված մարդու իրավունքը, և ինչպե՞ս է այն համադրվում խնդրո առարկա օրենքի` արտոնություն ապահովող հետևյալ դրույթի հետ՝ «Այլընտրանքային ծառայության նպատակը  հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ»: Փաստորեն, մենք կատարյալ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի «վկաները» ոչ թե զինակոչվեն, այլ հավաքագրվեն ու ծառայեն իրենց այլընտրանքային հայրենիքին:   

Բայց սա դեռ ամենը չէ: Բրուկլինից կառավարվող «վկաները» հոգեորսության ազատություն և այլընտրանքային ծառայության արտոնություն ստանալուց հետո էլ կանգ չեն առնում և փորձում են անել իրենց հաջորդ քայլը:

Արդեն իսկ հայտարարել են, որ իրենց հետևորդների համար այլընտրանքային ծառայություն կատարելը խղճի հարց է, որ «վկա» երիտասարդներն իրենք պիտի  որոշեն՝ այդ ծառայությունը կատարե՞ն, թե՞ դրանից էլ հրաժարվեն, և որ այդ որոշումը նրանք պետք է կայացնեն՝ «հիմնվելով Աստվածաշնչով դաստիարակված ու կրթված իրենց խղճի վրա»: Հետաքրքիր է՝ ինչպես է նրանց «կրթված» խիղճը թույլ տալիս օգտվել այն խաղաղությունից, որի համար ուրիշներն են վճարել ու վճարում:

Քրիստոնեակա՞ն է արդյոք հավատքը վկայակոչելով դժվարությունից խուսափելը, տաքուկ անկյուն փնտրելը, մեկ ուրիշի ձեռք բերածից օգտվելն` առանց սեփական ներդրման: Աստվածաշունչն առած` այսպիսի՞ քրիստոնեություն են քարոզում վկա երիտասարդները մեր երկրի փողոցներում, տներում, ամենուր:

Այդ ի՞նչ այլընտրանքային քրիստոնեություն է: Տեղին է հիշել, որ այս կրոնական կազմակերպությունում «օգտվում են» Աստվածաշունչի իրենց` «Նոր աշխարհի թարգմանություն»-ից(ՆԱԹ) ու քարոզում են նենգափոխված  մեկնաբանություններով:  

Այնուամենայնիվ, գործադիր մարմինները, «վկաներին» ընթառաջ գնալով՝ պատրաստում են խնդրո առարկա օրենքի նոր փոփոխությունները, որոնք կոչված կլինեն բավարարելու կրոնական կազմակերպությունների պահանջները ու նպաստելու մեր երկրի ժողովրդավարականացման եվրոպականացված պատկերացումներին: Բայց ես վստահ եմ, որ դա հարցի լուծում չէ, քանի որ նրանք կանգ չեն առնելու: Դժվար թե գտնվի մեր միտքն ու գրպանը դատարկելու ավելի լավ ձև: Նկատի ունեմ նրանց ծավալած հոգեորսությունն ու այն դատավարությունները, որոնք իբրև թե որպես խղճի ազատության դեմ ոտնահարման դեպքեր` ներկայացվում են եվրադատարան ու դատարկում պետական բյուջեն:

Մեր երկրի անվտանգությունը պահանջում ու պարտադրում է միասնականություն: Այնպիսի միասնականություն, ինչպիսին Սարդարատապի ճակատամարտի ժամանակ էր, երբ հայ զինվորականի կողքին կանգնեցին շինականը, մտավորականն ու հոգևորականը: Անկախ Հայաստանի քաղաքացու կատարելատիպը նախ և առաջ պետք է լինի այս միասնականությանը ձգտող մարդը: Սա պետք է դրվի մեր կրթության, մշակույթի ու զինվորական դաստիարակության հիմքում, մեր պետության հիմքում: Առաջին հերթին այս գաղափարի վրա պետք է հիմնված լինի  մեր երկիրը, այլ ոչ օտարածին, մի կողմից տարրերի վերածող, մյուս կողմից՝ տարրալուծող դավադիր մտայնությունների, որոնց նպատակն ուղղված է հենց իրենց հետևորդի դեմ, որին «խղճի ազատության» ջատագովներն իրենց կեղծ բարեպաշտությամբ պարզապես ուժասպառ են անում, որպեսզի դարձնեն հնարավորինս կառավարելի, հնարավորինս մանկուրտ:     

Մեկնաբանություններ (3)

Վարդան
Հարգելի Հոդվածագիր, միանգամայն ճշմարտացի են Ձեր նկատառումները, Քրիստոնեության գաղափարների արևի ներքո օրեցօր բազմացող այս տեսակը երբեք չի կշտանա,կարող ենք բոլոր օրենքները մեղմացնել, նրանց համար նույնիսկ հանել, հետո նրանք կասեն. ճիշտ է մենք չենք ծառայում, բայց մենք պետք է որոշենք ով ծառայի, այնպես թող թուլանան այն ձեռքերը, որոնք նման օրենքների համար վեր կխոյանան կամ նման օրենքների տակ կստորագրեն: Տարրական իրողություն է , օգտվում ես բարիքից, բարի եղիր բոլորին հավասար ավանդ ունենալ հենց այդ բարիքի ձեռք բերման համար: Հայրենիքը և նրա անվտանգությունը, որը բոլորս Փառք Աստծո այսօր վայելում ենք, բոլորինս է, ուրեմն բոլորս էլ պետք է եթե ոչ հավասարաչափ, ապա գոնե հավասարազոր մեր Հայրենիքի, մեր պետականության համար պատրաստակամ լինենք: Ով այս սկզբունքին դեմ է, ավելի լավ է կամովի արտագաղթի, քան մնացյալի հոգին խեղաթյուրի:
Մեխակ Գաբրիելյան
Այնքան լավ է ասված: Կեցցես: Իսկ ես առաջարկում եմ մեր իշխանությանը նաև արգելել բոլոր տեսակի աղանդների գործունեությունը հանուն մեր երկրի անվտանգության, այլ ոչ թե Եվրոպաների թելադրանքի, որոնց ցանկությունն է Հայաստանը տեսնել միշտ լլկված:
Անդրանիկ Հակոբյան
Ցանկության դեպքում հեշտ է ճշտել, որ մենք ընկերներ ենք Ռազմիկ Մարկոսյանի հետ: Ցանկության դեպքում կարելի է նկատել, որ Իր խոհագրությունների, հուշապատումների և հասարակագիտական վերլուծությունների առթիվ իմ ,,քոմենթները,, վերաբերմունք ունենալու իմ համեստ փորձն են, թող որ թույլ՝ իմ պատկերացումները՝ հնարավորինս ոչ ընկերականության դիրքերից: Նոր աշխատանքը հիանալի պատասխան է Խղճի ազատության կեղծ ուսմունքներ ներկրողներին և օգտակար միջոց՝ ազգային անվտանգության տակտիկայի մեթոդաբանության համար: Անդրադարձ չեմ ուզում կատարել, այնքան որ հիմնարար է ասված: ՈՒզում եմ մի երկտող փոխանցել հարգարժան Վարդանին: Եղբայրս, խնդիրները լուծել է հարկավոր, ոչ թե արտաքսել: Արտագաղթն առանց քո խորհրդի էլ վատ չի ստացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter