
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգելի Նախագահ,
Հանրապետությունում ներքին և արտաքին քաղաքականության վիճակը ցույց է տալիս, որ հասել ենք մի այնպիսի սահմանագծի, որից այն կողմ սկսվում են հասարակական մեծ հուզումները՝ նպաստելով համընդհանուր քաոսի առաջացմանը և, միգուցե, անկախության կորստին:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրում տիրող իրավիճակը հետևանք է ոչ թե արտաքին աշխարհի հետ անբարենպաստ հարաբերությունների կամ ծանր բնակլիմայական աղետների, այլ պետական կառավարման ողջ համակարգի խիստ ցածր բարոյական մակարդակի, որի հիմքը դրվել է դեռևս 20-րդ դարի 90-ական թվականներին և բուռն ծաղկում ապրել մեր օրերում:
Նորանկախ Հանրապետության ղեկավարները չկարողացան (կամ չուզեցին) հայ ժողովրդի՝ կռվի դաշտում տարած փառահեղ հաղթանակների լույսի ներքո տեսնել նոր բարեկեցիկ Հայաստան կառուցելու խնդիրների դժվարություններն ու բարդությունները:
Առաջնորդվելով իրենց անձնական փառասիրությամբ և շահախնդրական նպատակներով, հենվելով նաև հասարակության «մութ» ուժերի վրա` նրանք տարեցտարի նախանձելի համառությամբ ժողովրդի մոտ սպանեցին ապագայի նկատմամբ հույսի, հավատի և արդարության ոգին:
Վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում երկրում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որտեղ պետական իշխանությունը, ճնշող մեծամասնությամբ, ներկայացված է կիսաքրեական հեղինակություններով, կամակատարներով և իրենց անկիրթ ու անգրագետ ցեղակիցներով, որոնք համախմբվել են, մեծ հաշվով, միմյանցից չտարբերվող կուսակցություններում: Այս կորպորատիվ հանրության միակ նպատակը բոլոր հնարավոր միջոցներով իշխանությունը պահելն է՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Երկրում գրեթե չկա պետական իշխանություն, այլ առկա են միայն մեր կյանքի տարբեր ոլորտները կառավարող կլաններ: Իշխանության բոլոր ճյուղերը համախմբված են կորպորատիվ-կլանային շահերի պաշտպանության գաղափարով, և այս համակարգում տեղ չկա երկրի հասարակ բնակչի հասարակական, սոցիալական շահերի պաշտպանության համար: Հանրապետության կառավարությունը հաշվետու չէ հասարակության առջև և, որպես կանոն, կայացնում է հասարակական կարծիքին հակասող որոշումներ: Ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային հնչեղություն ստացած հանցագործություններից շատերը կատարվում են իշխանության ներկայացուցիչների կողմից: Կարող եմ նման բազմաթիվ օրինակներ թվարկել (տեղի ունեցած թեկուզ վերջին երեք ամիսների ընթացքում), սակայն, կարծում եմ, Դուք ավելի լավ եք տեղեկացված դրանց մասին:
Հայ ժողովրդի բարոյական և մշակութային արժեքները կրող մեր ինտելեկտուալ և արհեստավարժ հայրենակիցների ճնշող մեծամասնության՝ առաջին բռնի ու պարտադրված արտահոսքից հետո մեր հասարակությունը չի հասցնում վերականգնվել և ինքնամաքրվել ամենաթողության համընդհանուր ցոփության պայմաններում: «Հայ ժողովրդի դեմքերի» ապագա ծիլերը, ներկայիս իրավիճակի անհուսալիության պայմաններում, ստիպված են տարեցտարի արտագաղթել հեռավոր երկրներ՝ նպաստելով երկրի կառավարման համակարգում անգրագետ և ոչ արհեստավարժ ներկայացուցիչների հաստատմանն ու ամրապնդմանը:
Դատելով մամուլի արձագանքներից` Ձեզ հղվում են բազմաթիվ նամակներ ու դիմումներ՝ պետական իշխանության ճյուղերի աշխատանքի ոճի և մեթոդների փոփոխման խնդրանքով: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ կառավարման կլանային, կորպորատիվ գործող համակարգի հիմքերն անսասան են:
Երկրի հասարակական-քաղաքական «վերնախավի» ճնշող մեծամասնությունը չի գիտակցում, որ «հապաղելը հավասար է մահվան», և ընտրված ճանապարհի հետագա զարգացումը՝ իրենց շահախնդրական և կորպորատիվ շահերի բավարարման ուղղությամբ, անխուսափելիորեն կհանգեցնի երկրի ինքնիշխանության կորստին:
Եթե երկրի «վերնախավը» չգիտակցի, որ պետության հզորությունը պայմանավորված է իրենց գործունեության նկատմամբ վերահսկողության գործընթացում քաղաքացիական հասարակության լայն շերտերի ներգրավմամբ և հաշվի չառնի հանրային կարծիքը երկրի համար վճռորոշ հոգևոր-մշակութային և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման գործում, ապա երկրում կծաղկի տեղական վոլյունտարիզմը՝ հասնելով հանցագործության, անօրինության, երկակի ստանդարտների կիրառման և այլ բացասական երևույթների, որոնք արատավորում են Հայկական պետականության միջազգային և ներքին վարկանիշը:
Հարգելի՛ պարոն Նախագահ, վաղուց ժամանակն է մեր երջանիկ ապագայի մասին խոսքերից անցնելու իրական գործողությունների՝ բոլոր կառույցներում շարունակաբար ամրապնդելով պետական դիսցիպլիններ: Երկիրը պետք է ղեկավարվի ՕՐԵՆՔԻ գերակայությամբ, այլ ոչ թե կլանային և կորպորատիվ շահերով:
Հարգանքով՝
ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել