Հայտնի են «Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրերի ֆիլմերը
Այս տարին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համար հոբելյանական է. այն կայանալու է 10-րդ անգամ: Այդ առիթով էլ կազմակերպիչները պատրաստել են յուրահատուկ ծրագիր: Վերջիններս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին փառատոնի արտամրցութային ծրագրերը:
Բացի ավանդական դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերից, այս տարի ներկայացվելու են նաև «Վրացական կինո», «Քույր փառատոններ» և «Հայեր. հայացք ներսից և դրսից» ծրագրերը:
«Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում ներկայացված ֆիլմերի ցուցադրությունն անց է կացվում ռեժիսորների ներկայությամբ: Այս տարի ներկայացվելու է ավստրիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ուլրիխ Զայդլի «Դրախտ…» եռապատումը: Այս եռապատման առաջին` «Դրախտ. սեր» ֆիլմն անցած տարի ցուցադրվել է «Ոսկե ծիրանի» շրջանակներում, ինչպես նաև 2012 թ. եղել է Կաննի «Ոսկե արմավենու» հավակնորդ: Կցուցադրվեն նաև «Դրախտ. հույս» և «Դրախտ. հավատ» ֆիլմերը:
Այս ծրագրի շրջանակներում կցուցադրվի նաև նիդեռլանդացի ռեժիսոր և սցենարիստ, «Ոսկե ծիրանի» լավ բարեկամ Յոս Ստելինգի «Աղջիկը և մահը» ֆիլմը: Ռուսաստանից կներկայացվի ռուս ռեժիսոր և սցենարիստ Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմը: Կկայանա նաև Փոլ Քուրդիի «Սիրելու իրավունք» ֆիլմի պրեմիերան: Իսկ գերմանուհի Մարգարեթե ֆոն Տրոտան, ով իր կարիերան սկսել է որպես դերասանուհի և այժմ արդեն կայացած ռեժիսոր է, այս տարի «Ոսկե ծիրանում» ներկայացնելու է իր «Հաննա Արենդտ» ֆիլմը:
Փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը նշեց, որ այժմ բանակցություններ են ընթանում, որպեսզի փառատոնին ներկայացվեն նաև այս տարվա Կաննին և Բեռլինալեին ներկայացված ֆիլմերը:
«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ հոբելյանական տարում ներկայացվելու են փառատոնի «քույր փառատոնների»` Ռոտերդամի և Պուսանի փառատոնների (վերջինս, լինելով հարավկորեական փառատոն, համարվում է «ասիական Կանն») հաղթած ֆիլմերը: Ծրագրի բացումը կլինի Պուսանի կինոփառատոնի նախագահ Կիմ Դոն Հոյի ֆիլմով: Այնուհետև կցուցադրվի Թամարա Ստեփանյանի «Embers» ֆիլմը, որն անցած տարի Պուսանի փառատոնի վավերագրական ֆիլմերի անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակին: Կներկայացվեն նաև Ռոտերդամի կինոփառատոնի այս տարվա հաղթող ֆիլմերը` «Իմ մարդասպան շունը» և «Ճարպազատում» իրանական ֆիլմը, որի գլխավոր դերակատարը հայ է:
«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում ներկայացվելու են Շառլ Ազնավուրի 3 ֆիլմերը: Փառատոնի բացումը կկայանա վերջինիս հայտնի «Կրակեք դաշնակահարին» ֆիլմով (1960 թ.): Կցուցադրվի նաև «Արարատը» (2002 թ.), որն անձամբ Շառլ Ազնավուրն է խնդրել ներառել ծրագրում, քանի որ շատ է սիրում, ինչպես նաև «Տաքսի դեպի Տոբրուկ» ֆիլմը (1960 թ.):
Այս ծրագրի շրջանակներում կներկայացվի նաև անգլիացի հայտնի ռեժիսոր Սթիվեն Ֆրիրզի ֆիլմերը. օսկարակիր «Թագուհին» (2006 թ., գլխավոր դերում` Հելեն Միրեն), ինչպես նաև «Վտանգավոր կապերը» ֆիլմերը (1988 թ. գլխավոր դերերում` Միշել Փֆայֆեր, Քիանու Ռիվզ, Ումա Թուրման):
Հունգարացի հայտնի ռեժիսոր Իշտվան Սաբոյի 6 ֆիլմ կներկայացվի այս տարի, որոնց թվում են նրա օսկարակիր «Մեֆիստո» ֆիլմը (1981 թ.) և նրան մեծ ճանաչում բերած «Հայրը» (1966 թ.):
Իտալացի ռեժիսոր Պիետրո Մարչելլոյից կներկայացի 3 ֆիլմ, որոնց թվում` Արտավազդ Փելեշյանին նվիրված «Փելեշյանի լռությունը» ֆիլմը:
Այս տարի փառատոնը կնշի Արտավազդ Փելեշյանի 75-ամյակը, Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակը, ինչպես նաև Արամ Խաչատրյանի 110-ամյակի կապակցությամբ կցուցադրվեն Համո Բեկնազարյանի «Պեպո», Սերգեյ Յուտկևիչի «Օթելլո» և Լուսինե Մարտիրոսյանի «Սոնատ-երգ» ֆիմերը: Այս ֆիլմերում հնչում է մեծանուն կոմպոզիտորի երաժշտությունը:
«Վրացական կինո» ծրագրում կներակայցվեն Ռեզո Չխեիձեի 3 ֆիլմերը, այդ թվում նրա նոր` «Աստծո տապանի մոմը» ֆիլմը:
Իսկ «Հայեր. հայացք ներսից և դրսից» ծրագրում ընդգրկված են թե՛ հայ ռեժիսորների ֆիլմերը, թե՛ հայկական թեմաներով նկարահանված արտասահմանցի ռեժիսորների ֆիլմերը:
«Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել