HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ռոքի երեք ծայրահեղությունները

«Ծննդյանս օրը կուրսի երեխեքը կիթառ նվիրեցին ու կրակն ընկան,-պատմում է Բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Նարեկը եւ բացատրում, որ ամեն ինչ այդտեղից սկսվեց:- Հետո կիթառ նվագող ընկերներս մի երկու խորհուրդ տվեցին, ու այդպես սկսեցի նվագել»:

Ուսանողական խորհրդում Նարեկը շատ էր լինում, մի օր էլ ծանոթացավ Զաքարի հետ, որն ամբողջ օրն «իրար խառնված գնում-գալիս էր», ու Զաքարը Նարեկին որպես բաս կիթառահար ընդունեց իր խմբում:
Զաքարի համար էլ ամեն ինչ սկսվեց մոտ 3 տարի առաջ, երբ Բժշկական համալսարանի բեմում ելույթ ունեցան ու, չնայած իրենց սխալներին, հանդիսատեսն ընդունեց բուռն ծափահարություններով:
«Խմբի գործիքները մեզ միավորեցին, ոչ թե մենք միավորվեցինք ու որոշեցինք խումբ ստեղծել: Ֆլեյտա էր պետք` Անուշավանի հետ ծանոթացանք, կիթառ էր պետք` Վագների հետ միավորվեցինք»,-պատում է արդեն ձեւավորված «Սինկոպե» խմբի հիմնադիր անդամներից Զաքարը:

«Սինկոպե»-ն բժշկական տերմին է եւ նշանակում է «սրտի կանգ»: Խմբի տղաները պատմում են, որ մինչեւ այս անվանումը տարբեր անվանումներով են հանդես եկել, անգամ եղել է` համերգից առաջ իմացել են, որ այդ անվանմամբ ուրիշ խումբ կա, 5 րոպեում նոր անվանում են մտածել ու բեմ ելել:
«Ինձ հարցնում էին` ի՞նչ ոճում եք նվագում, ասում էի` խառը, ի՞նչ գործիքներ կան, էլի խառը, տղանե՞ր են, թե՞ աղջիկներ, էլի պատասխանում էի` խառը, ու այսպես կազմակերպվեց մեր խառը խումբը»,- պատմում է Զաքարը: 

Այսօր Բժշկական համալսարանի «խառը» խմբում սոլո, բաս կիթառներ կան, ակուստիկ կիթառ, ստեղնաշար, ֆլեյտա, հարվածային գործիքներ, խմբի «ձայնն» էլ արդեն մեկ ամիս է Աննան է: Բացի նրանից, որ այս խմբի անդամներին միավորում են գործիքները, գրեթե բոլորի` բժիշկ լինելու հանգամանքը, խմբի մեծամասնությունը նաեւ Սյունիքի մարզից է:

«Մեր ոճը լեռնային-դասական-մեդ-ջազ-ռոք է»,- բացատրում են իրենց ոճը եւ նշում, որ հիմնականում չեն մտածում, թե ի՞նչ ոճում են նվագում, նվագում են այն, ինչ զգում եւ տեսնում են:

«Դեռ այդքան պրոֆեսիոնալ չենք, երբեմն չի ստացվում այն, ինչ ուզում ենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, հատկապես հիմա, երբ վոկալի Աննան (ջազային քոլեջ է ավարտել) եւ հարվածային գործիքների Արթուրը (նույնպես ջազային քոլեջից է) միացել են մեզ, մի քիչ պրոֆեսիոնալ ենք մեզ զգում»,- ասում է կիթառահար Վագները:

Բացի նրանից, որ խումբը տարբեր անվանումներով հանդես է եկել ուսանողական համերգներին, խմբի տղաները միացել են Բժշկական համալսարանի մեկ այլ խմբի եւ մեկ շաբաթյա համերգներով հանդես եկել ամբողջ Սյունիքում, իսկ վաստակած գումարով նոր գործիքներ են գնել: Արդեն մեկ ամիս է «Արմեդիա» կենտրոնը խմբին փորձեր անելու տեղ է հատկացրել ու նոր գործիքներ գնել, եւ խումբն արդեն մեծ հույսեր է կապում ձայնասկավառակ թողարկելու հետ: Իսկ փորձերին նոր հնչողությամբ են փորձում երգերը, որոնք հիմնականում Զաքարի եւ Վագների հեղինակածն են: «Սինկոպեն» հաճախ կատարում է Վագների հոր` նախկին «Որոտան» խմբի երգերը: 

«Օրինակ` «Մայրամուտ» երգը ծանր ռոք է, կամ մի երգ եմ գրել, որ բյլուզ է կոչվում, բայց իրականում ջազին է մոտ, բայց ջազ էլ չի»,- փորձում է խմբի ոճից գլուխ հանել Նարեկը, բայց այդպես էլ չի ստացվում: «Խառը խումբ ենք, էլի»,-ասում է: 

Իսկ Զաքարը բացատրում է, որ ինչ էլ նվագեն, ամեն դեպքում իրենք ազդված են ռոքից եւ ռոք լսելով են սկսել: 

«Մենք նվագում ենք ոչ «քյաբաբ» զանգվածի համար»,- ասում է Վագները եւ շարունակում, որ ինքն իր կուրսեցիների համար է նվագում, շատ ուսանողներ են իրենց լսում, քանի որ իրենք կենդանի եւ հայերեն լեզվով ուսանողության սրտին մոտ երաժշտություն են նվագում:

Իսկ թե ինչպե՞ս են տեսնում իրենց ապագան խմբում եւ պատրաստվու՞մ են երաժշտությամբ գումար վաստակել, Նարեկն ասում է, որ խումբն իր համար լուրջ հոբբիից մի քիչ ավելին է: Զաքարն էլ չի բացառում ոչինչ, բացի անցումի տակ նվագելով գումար վաստակելուց: Նրանք համարում են, որ բժիշկ երաժիշտներ են:

«Փոքր ժամանակ որովայնիս հետ խնդիրներ ունեի, եւ իմ հորեղբայրը, որ մանկաբույժ է, ինձ միշտ հոգնա էր անում: Որոշեցի` մեծանամ, ես էլ իրեն հոգնա անեմ, ու այդպես բժիշկ դարձա: Մի խոսքով, ինձ ոգեշնչել է հորեղբայրս»,- պատմում է Վագները եւ անկեղծանում, որ իր այդ նպատակը դեռ չի իրականացրել եւ որպես բժիշկ դեռ անելիքներ ունի:

Ռոք, որ հնարավոր չէ առանց նոտաների

«Մեզ լսում են այն մարդիկ, ովքեր ռոքը միայն բաս կիթառների միաժամանակ հնչողություն չեն համարում»,- իրենց խմբի մասին ասում է Ջեֆը (Վահագն Փափայանը), ով էլ 2001-ին իր մի խումբ ընկերների հետ ստեղծեց «Օքսենհեմ» խումբը, որն, իրենց բնորոշմամբ, պրոգրեսիվ ռոք է:
«Մենք միշտ մեր մեջ եփող, զարգացող, միշտ ուղիներ փնտրող ռոք ենք»,- ասում է խմբի անդամներից կիթառահար Կորյունը:

«Օքսենհեմ»-ի կազմավորման ժամանակ խմբի շատ անդամներ հայկական այլ ռոք խմբերում էին նվագում, եւ «Օքսենհեմ»-ի «ձեռագիրն» այլ կերպ մշակվեց: Նրանք հիմնականում բարդ, բայց մեղեդային երաժշտություն են նվագում, որն ուղեկցվում է ջութակի եւ ֆլեյտայի հնչյուններով, որոշ երգերում էլ` վոկալիստի ձայնով, ում հրավիրում են տարբեր խմբերից: Իսկ խմբի երգերը գրում է Ջեֆը, հիմա նաեւ` Վարդանը` խմբի նոր եւ ամենաերիտասարդ անդամը, ով նվագում է ստեղնաշարային գործիքների վրա:

«Նախորդ դաշնակահարը հղիացավ եւ դուրս եկավ խմբից, սակայն մենք դրանում մեղավոր չենք»,- կատակում է Վահագնը (Ջեֆը), իսկ Վարդանն էլ ասում է, որ հայտարարությունն է կարդացել եւ եկել խմբում նվագելու:

Վարդանի մասին կատակում են` որպես խմբի ամենամոռացկոտի, որ միշտ ինչ-որ բան է մոռանում, եւ իրենք համերգից առաջ խառնվում են իրար:

«Հաճախ նոտաներն եմ մոռանում ու մեր երաժշտությունը, ճիշտ է, հնարավոր է հիշելով նվագել, բայց, իրոք, դժվար է, եւ մենք իմպրովիզներ համարյա չենք անում»,- ասում է Վարդանը:

«Արդյոք խումբը ռոք երաժշտությունից ստացված գումարներո՞վ է ապրում» հարցին խմբի անդամները պատասխանում են` «այո, ռոքով ենք ապրում»: Ճիշտ է, խմբի երաժիշտներից շատերն այլ խմբերում էլ են նվագում, իսկ, օրինակ, Ջեֆը ձայնային ռեժիսոր է աշխատում:

«Պիտի լավ անես քո գործը, որ դրա դիմաց գումար ստանաս` նվնվալու փոխարեն, թե չէ ձեռքի հետ անելու դեպքում ո՛չ գործիք կլինի, ո՛չ էլ փորձատեղ ու ժամանակ»,- կարծում է Վահագնը: Կորյունն էլ հակադարձում է, որ «այդ ժամանակը» կգա, իսկ առայժմ «հեռուստատեսային եթերը լցված է ամեն տեսակ աղբով, ու դրանք պիտի մաքրվեն, որ «երաժշտությունը» կոմերցիոն դառնա, ոչ թե ամեն տեսակի «երաժշտության» տակ տրվող երեւույթ»:

Վարդանն էլ կարծում է, որ ռոքը պիտի պոպուլյար երաժշտություն լինի, եւ իրենց խմբի նշանաբանը հենց «երաժշտությունն է»: Իսկ խմբի անվանման ստուգաբանությունն այսպես են ձեւակերպում. «Օքսենհեմն» ի վերուստ մեզ տրվեց: Այժմ ի վերուստ տրված անվանումով խումբը ձայներիզ է թողարկել, որը վաճառվում է ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից: «Պայմանավորվածությունն է այդպիսին»,- պարզաբանում է Ջեֆը:

Հայկական հեթանոս սեւ մետալ, որ «Եղեռնի» մասին է

«Արամազդը» հայ իրականության մեջ այն միակ նախագիծն է, որի հնչողությունը տասնյակի հասնող գործիքների համադրումն է, եւ որն իրականացնում է մեկ հոգի` հենց Արամազդը: Արամազդի պատմելով` մտահղացումը պատահական է ծագել, եւ ամեն ինչ կառուցված է բացառապես մետալային երաժշտության նկատմամբ սիրո վրա:

«1999 թ. իմ ընկեր Արմենը, ով հիմա Լոս Անջելեսում է ապրում, «Հայ FM» ստուդիայում մի երկու կիթառային ռիթմեր ձայնագրեց ու գնաց: Մի շաբաթ հետո զանգեցի ու ասացի, որ գա ու տեսնի` ինչ եմ սարքել»,-պատմում է Արամազդը (Արտաշես Մկրտչյան) եւ նշում, որ հենց համակարգչային ծրագրավորմամբ ծնվեց «Արամազդ» նախագծի առաջին երգը` «Եղեռնականը», որը ստեղծված է Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատան» բառերով: 

«Ընկերս գնաց, իսկ ես շարունակեցի, ու հաջորդ ստեղծագործությունները «Քոչարին», «Հովերն եկան» գործերն էին, որոնց մանրակրկիտ հավաքում էի բասը, ազգային երաժշտական գործիքները»,- պատմում է Արամազդը` ավելացնելով, որ հայոց դիցարանի գերագույն աստծո անունն իրեն վերագրել է այն ժամանակից, երբ առաջին անգամ ինտերնետ է մուտք գործել:

Արամազդը պատմում է, որ 1999-ին մետալ երաժշտության բնագավառը Հայաստանում թերզարգացած էր, ունկնդիրներ չկային, խմբեր չկային, ոչ ոք չէր կարծում, որ դա կարող է մեկին դուր գալ. իր ստեղծագործությունների մասին գիտեին մի քանի հոգի:

Ըստ նրա` հիմա ժամանակները փոխվել են, քանի որ ծանր մետաղային երաժշտություն լսողներ ու խմբեր կան: 

«Արամազդի» հիմնական իմաստն է` երաժշտության միջոցով ցույց տալ վաղեմի ժամանակաշրջանում հայ արորդիների աշխարհընկալման, բարոյական հատկանիշների ամբողջականացումը: Այն չի մղում դեպի պատերազմ, սակայն արթնության է կոչում պատերազմի դեպքում: «Ֆաշիզմ բացարձակ չկա»,- ասում է Արամազդը եւ նշում, որ իր նախագծի ոճը հեթանոսական սեւ մետալն է: 

Այսօր «Արամազդը» պոպուլյար է Հայաստանում ծանր ռոք երաժշտություն լսողների շրջանում, եւ այս մարդկանց համար այս երաժշտությունը հասանելի է ինտերնետում եւ ռադիոեթերում: 

«Ես կուզեի լինել հանրաճանաչ, բայց չեմ մտածում կոմերցիայի մասին»,- ասում է Արամազդը: Մոտ ապագայում նա պատրաստվում է ձայներիզ թողարկել, որը, հավանաբար, «Ար» կանվանի, ինչը նշանակում է «ամեն ինչի սկիզբ»: Սակայն չի ակնկալում, որ առայժմ ծանր մետաղային երաժշտությամբ մեծ գումարներ կվաստակի Հայաստանում:

Իսկ «սկիզբը» նա արդեն կատարելագործված երաժշտական ծրագրերով է պատրաստվում իրականացնել. «Օրինակ` թեեւ զուռնայի ձայնի կենդանի եւ համակարգչային տեսակի մեջ տարբերություն կա, բայց լավ աշխատելու դեպքում դա չի նկատվում»: 

Արամազդը, բացի մետաղային երաժշտության իր նախագծից, այս երաժշտության մասին ռադիոհաղորդում է վարում եւ ամեն կիրակի ժամը 10-ից մինչեւ գիշերվա 3-ը ներկայացնում է այս ոճում նոր գործերն ու նախագծերը: Հաղորդման զգալի մասը կազմում է նաեւ հայ մետալիստների գործերի ներկայացումն ու պրոպագանդումը: 

«Ունկնդիրների քանակն այնքան քիչ է, որ համարյա բոլորին ճանաչում եմ. նրանք նույն հայաստանյան ռոք լսող զանգվածն են: «Լավ օրերին» ընկնդիրներիցս 150 հոգին արձագանքում են»,- ասում է Արամազդը` արդեն որպես «Մետալ ֆրոնտ»-ի հաղորդավար: 

Նրա ունկնդիրներից քչերը, հավանաբար, գիտեն, որ հաշվիչ տեխնիկայի մասնագիտական կրթությամբ Արամազդն ինքն իրեն երաժիշտ չի համարում եւ ասում է, որ չի հավակնում դրան: 
Իսկ հայկական ռոքի մասին կարծիք հայտնելիս ասում է, որ չի կարելի դրական կարծիք ունենալ մի բանի մասին, ինչը գոյություն չունի: 

«Անընդհատ նույն ռոք լսող մարդիկ են, նույն խմբերը, նույն երգերը, որոնք այդ նույն զանգվածն անգիր գիտի արդեն: Ի վերջո, ինչքա՞ն կարելի է նույն բանը լսել»,- զարմանում է Արամազդը, բայց նաեւ ասում, որ չնայած այս ամենին` հիմա ռոքային անցուդարձ կա, ու պարբերաբար փառատոններ ու համերգներ են կազմակերպվում, ինչը, ըստ նրա, արդեն լավ է:

Շուշան Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter