
Արենի. գինեգործների գյուղը
Արենի գյուղի (Վայոց Ձորի մարզ) գրեթե բոլոր մեծահասակ բնակիչները երկու մասնագիտություն կամ զբաղմունք ունեն, որից մեկը պարտադիր գինեգործությունն է:
1992 թ., երբ բոլորը քանդում էին իրենց խաղողի այգիները ցորեն ու կարտոֆիլ ցանելու համար, վարորդ- գինեգործ Հայկ Ոսկանյանը հիմնեց իր առաջին այգին: Հիմա նա գյուղի հայտնի գինեգործներից է: Այդ ժամանակից նրա տնտեսությունը բավականին հարստացավ. գինու բիզնեսի եկամուտներով մառան կառուցեց եւ նոր այգի գնեց: «Ճիշտ է, նոր այգուս փաստաթղթի մեջ գրված է անջրդի տարածք,- միանգամից սկսում է պատմել նա,- բայց, բան չկա, ես կծաղկեցնեմ»: Գինեգործի առաջին տարվա բերքը եղել է 500 կգ, իսկ այս տարի` 5-6 տոննա: Դրանից ստացվում է 3-3.5 տոննա գինի, որը նա, բոլորի նման, վաճառում է Եղեգնաձոր տանող ճանապարհին, իսկ Ամանորի նախօրեին բերում է Երեւան:
Միայն Արենիում մշակվում է 150 տոննա Արենի տեսակի խաղող: Նույնիսկ այս փոքր գյուղում կարելի է տեսնել, որ գինեգործությունը զարգանում է: Մարդիկ նոր այգիներ են գնում: Արենիում գործում է նաեւ «Քիմլեյ» գինու գործարանը, որի արտադրության տարեկան աճը կազմում է միջինը 5-15 տոկոս: Արենիում ստեղծվել են յուրատեսակ գինեգործական տնտեսություններ` տնական եւ գործարանային: Գինեգործական բիզնեսում ներգրավված է գյուղի ողջ բնակչությունը:
Արենիում գինին պատրաստում են բացառապես խաղողի «Արենի» տեսակից, որի ողկույզն արտաքինից նման է ոչխարի գլխի: Քաղցրությունը (սպիրտի) 19-23 տոկոս է:
Արենի գյուղի գինեգործների հիմնական շուկան Եղեգնաձորի ճանապարհն է, որի երկայնքով տարին կլոր գրեթե կողք-կողքի կանգնած են գինեգործ-վաճառողները: Մի փոքր ծիծաղելի է այդ ամենը, որովհետեւ բոլորի «ֆիրմային ապրանքանիշը» «Կոկա- Կոլան», «Ֆանտան» կամ «Պեպսին» է: Այդ շշերի մեջ է լցված դառը, քաղցր կամ կիսաքաղցր Արենի գինին: Տեղական գովազդի օրինակներից է. «Ցանկացած գնորդ պարտադիր հյուրասիրվում է»:
Արենիի գինեգործները սովորաբար միջին կամ փոքր տնտեսություն ունեն: Ամեն տարի ստանում են 1-2.5 տոննա գինի: Ով հնարավորություն ունի, բերում է Երեւան եւ վաճառում բարեկամներին, ծանոթներին եւ վերջիններիս հարեւաններին: Արենի գյուղ տանող ճանապարհի սկզբում մի իջեւանատուն կա, որն ավելի շատ գինու շուկա է հիշեցնում:
«Գինին իմ ապրուստի միակ միջոցն է: Կլոր տարի այստեղ գինի եմ վաճառում: Առեւտուրն ամենից շատ Նոր տարվա օրերին է լավ լինում: Վերջին չորս օրվա ընթացքում 3 լիտր եմ վաճառել: 3000 դրամ եմ աշխատել»,- պատմում է Ասյա Սիմոնյանը: Տնական գինու 1լիտրն արժե 1000 դրամ, մոտավորապես 3 ԱՄՆ դոլար:
![]() |
![]() |
Գրեթե բոլորը գինեգործներն ունեն խաղողի մշակման եւ գինու պատրաստման իրենց գաղտնիքները, նախասիրությունները, տեսականին ու նաեւ մշտական հաճախորդները, որոնց մասին արենցիները չեն խոսում նույնիսկ գինովցած ժամանակ:
Գինեգործների ասելով` առաջին գաղտնիքը խաղողի արմատի հնություն է. որքան հին ու խորն է արմատը, այնքան լավն է գինին: Հետո կարեւոր է, որ խաղողի վրա 3-5 կգ խաղողից ավել չլինի, որ լավ սնուցվի արմատից: Տնական գինին դժվար է պահել: Եթե ամանը կամ շիշը մաքուր չեղան, այն սկսում է թթվել, կորցնում է համը: Տնական գինին նաեւ դժվար է պատրաստել: Գինու գործարաններում նստվածքը գինուց անջատում են ֆիլտրերով: Մեծ արտադրությունների դեպքում այլ կերպ հնարավոր չէ. դա խնայում է տարածք եւ ժամանակ: Իսկ տնական պայմաններում նստվածքն ամանի կամ կարասի տակ հավաքվում է ամիսների եւ տարիների ընթացքում, որը պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել: Նստվածքից լրիվ անջատված գինին փայլում է, իսկ տնական գինին սովորաբար ավելի մուգ ու խիտ է լինում, ինչը նշանակում է, որ այն նստվածքից լրիվ կամ լավ չի անջատվել: Սովորաբար գնորդների ընտրությունը կատարվում է ըստ նախասիրությունների:
Զբոսաշրջիկներ շատ են գալիս Արենի: Այցելում են տնական գինեգործներին եւ գինու երկու գործարանները:
Արենի գյուղի տեսարժան վայրերից է Կարապետյանների ընտանիքի 2 մետր երկարություն ունեցող գինու պապենական կարասը, որը վերանվանվեց «բիգ կարաս» մի անգլիացի զբոսաշրջիկի այցելությունից հետո: «Այս կարասը մառանը չէր մտնում, դուռ-պատ կոտրեցին, որ մտնի: Սկեսրայրիս երեք որդիները ժամանակին բերում էին իրենց այգու խաղողը, որ կարասը լցվի: Գերդաստանի գինին էս կարասի մեջ էինք պատրաստում: Ամուսինս էլ եղբայրների համեմատ ամենափոքրամարմինն էր, մտնում էր կարասի մեջ ու, եզրերից բռնվելով, ճզմում խաղողը: Հետո հյութն անջատում էինք դուրդից (նստվածք) ու նորից լցնում կարասը, որ հնանա: Օր չի եղել, որ սկեսրայրս գինի չխմեր»,- պատմում է կարասի տիրուհին` Սեդա Կարապետյանը:
Ամուսնու մահից հետո «մեծ կարասում» այլեւս գինի չի պատրաստվում: Սեդան իրենց այգու խաղողը հանձնում է Արենիում գործող երկու գինու գործարաններին: Այս տարի խաղողի 1կգ-ը 220 դրամ էր:
«Քիմլեյ» ՍՊԸ գինու գործարանն Արենիում բացվել է 1998 թ.: Գործարանում արտադրվում է 4 տեսակ Արենի գինի` քաղցր, կիսաքաղցր, դառը եւ սպիտակ: Տեսականին 12-ն է` գինու տեսակները բաժանած ըստ պատրաստման տարեթվերի: Տարեկան արտադրում են 80.000 շիշ: Դա մոտավորապես 60 տոննա խաղող է: Գործարանն աշխատում է իր հզորության 30 տոկոսի չափով, եւ դա կախված է սպառումից:
«Արտադրանքի 70 տոկոսը սպառում ենք Հայաստանում, մնացածն արտահանում ենք Ռուսաստան: Սկսեցինք արտահանել 2006 թվականին: Բայց դրամի արժեւորման պատճառով արտահանումն արդեն ինքնանպատակ է դարձել: Այնտեղից ուղարկված գումարն այստեղի գումարից էժան է: Որքան էլ արտահանողին ազատեն տարբեր հարկերից, միեւնույն է, այս պայմաններում եկամուտը հասնում է զրոյականի: Արտահանումից մենք այլեւս օգուտ չունենք»,- ասում է «Քիմլեյ» գինու գործարանի տնօրեն Միքայել Գրիգորյանը:
Հիմա նա փորձում է այլ շուկաներ գտնել, որ նոր պայմանագրեր կնքի, որովհետեւ ռուս գործընկերների հետ գինը որոշված է, իսկ նրանք գինին թանկացնելու մասին լսել անգամ չեն ուզում: «Հայկական գինին այնքան էլ հայտնի չէ միջազգային շուկայում, որ կարողանանք առանց մտածելու գին բարձրացնել»,- ասում է Միքայել Գրիգորյանը:
Հիմա արենցիները գործարանին համեմատաբար քիչ են խաղող հանձնում, քանի որ իրենք են գինի պատրաստում: Ստիպված՝ գործարանը հիմնում է իր այգիները` 25 հեկտար Արենի գյուղում, 8 հեկտար՝ հարեւան Գետափում:
«Քիմլեյ» գործարանում գինին հնանում է 2-3 տարի: Հնացումը կատարվում է կաղնու տակառներում:
«Սկզբում խաղողը ջարդվում է, հետո՝ լցվում կավե հորերի մեջ, որտեղ սկսվում է խմորումը: Խաղողի ջերմաստիճանը հասնում է 30-34 աստիճանի: Խմորումը տեղի է ունենում խմորասնկերի միջոցով (դա խաղողի վրայի փոշենման շերտն է): Խմորման ժամանակ շաքարը վերածվում է սպիրտի: Այնուհետեւ խաղողը ճզմվում է, անջատվում կաշվից եւ կորիզի մնացորդներից, անցկացվում ֆիլտրերի միջոցով եւ լցվում տակառների մեջ: Նստվածքի մաքրման գործընթացը տեղի է ունենում կլոր տարի»,- պատմում է «Քիմլեյ» գործարանի գինու տեխնոլոգ Վահան Կարապետյանը, որը գինեգործությամբ զբաղվում է 24 տարի եւ արդեն գյուղում վաստակել է խորհրդատուի համբավ:
Գինեգործության հիմնական խնդիրներից է սարքավորումների մաշվածությունը: Մեկ ձեռնարկության նորացման համար անհրաժեշտ է 100-150 հազար ԱՄՆ դոլար: Միայն նոր սարքավորումների առկայության դեպքում գինեգործները կկարողանան դուրս գալ միջազգային շուկա: Թանկ են նաեւ տակառները, որոնք երբեմն այնքան հին են, որ փչացնում եմ գինին: 1 տակառն արժե 400-500 ԱՄՆ դոլար, իսկ նման հնարավորություններ ոչ բոլոր գինեգործները ունեն:
Գինեգործ Հայկ Ոսկանյանի այս տարվա գինու կեսը մի ֆրանսահայ է գնել: «Երեք տարի շարունակ եղել է իմ հաճախորդը, իմ սարքած գինին Ֆրանսիա եւ Հոլանդիա է տարել (անունը չեմ ասի, Երեւանում հայտնի մարդ է), այս տարի էլ եկավ եւ գինուս կեսն առավ,- մի տեսակ ափսոսանքով ասում է գինեգործը, ապա ոգեւորվելով՝ շարունակում,- ախր ես ամեն մեկին գինի չեմ վաճառում: Հաճախորդը պիտի հասկանա գինուց, որովհետեւ իմ աշխատանքն է, չեմ ուզում չհասկացող մարդիկ տանեն, խմեն»: Այդ ընթացքում սեղանին հայտնվում են գինու բաժակներ: «Հյուրերի համար՝ միայն չորս տարեկան գինի»,- պահին հանդիսավորություն հաղորդելու համար ավելացնում է գինեգործը եւ լցնում բաժակները: Ինձ ուղեկցող արենցի վարորդի մտքով անգամ չի անցնում մերժել. պարտադիր արարողություն է:
Մեկնաբանել