HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխա` ամուսնու քրոջ համար

Դավիթին այսօր մանկապարտեզից տանելու եկավ եղբայրը։ Դաստիարակչուհու այն հարցին, թե ինչու մայրը չի եկել, յոթնամյա տղան պատասխանեց.

- Պապան իրան նենց ա ծեծել, որ տնից չի կարող դուրս գալ։

- Անասուն,- նետեց դայակը, երբ երեխաները գնացին։ Ու դիմելով դաստիարակչուհուն,- երեւի առաջին անգամը չի, եթե էդքան հանգիստ է ասում էդ մասին։

- Միգուցե, Դավիթի համար ավելի լավ կլինի, եթե նրան տանեն,- ասաց դաստիարակչուհին։- Գոնե կկտրվի այս միջավայրից։ Թե չէ ամեն օր գալիս է հորից սովորած հայհոյանքների մի նոր փնջով, ամոթից գետինն եմ մտնում։

- Հա,- համաձայնեց դայակը,- միգուցե դա իրոք փրկություն լինի երեխայի համար։ Միայն թե իր մորն եմ խղճում։

Դավիթը երեք տարեկան է։ Նա աշխույժ, շփվող երեխա է, ողջ մանկապարտեզի սիրելին։ Երբ մայրն առավոտյան բերում է պարտեզ, երեխան չի ուզում, որ մայրը թողնի իրեն ու գնա. նրա խոշոր, միշտ խոնավ աչքերը լցվում են արցունքով, եւ նա սկսում է հայհոյել դաստիարակչուհուն։ Իհարկե, երեխան չի հասկանում արտասանած բառերի իմաստը, պարզապես նրա մանկական ուղեղն ամրագրել է, որ մեծերն այդ բառերն օգտագործում են, երբ զայրացած են, երբ ճչում են միմյանց վրա, եւ նա էլ է այդպես իր զայրույթն արտահայտում։ 

Արդեն մի կես ժամից Դավիթը հանգստանում է եւ, ժպիտը դեմքին, ճմռթած թղթի մեջ պահած կոնֆետը հյուրասիրում է դաստիարակչուհուն, ում քիչ առաջ անխնա հայհոյում էր։ 

Դաստիարակչուհու աչքերը կրկին խոնավանում են. նա այս երեխային մի փոքր ավելի է սիրում, քան մնացածներին, եւ նրա սիրտը սեղմվում է այն մտքից, որ փոքրիկ Դավիթն այսպես անհոգ ժպտում է, որովհետև ինքը՝ դաստիարակչուհին, համոզել է նրան, որ իր մայրիկը երեկոյան անպայման կգա իր ետևից, իսկ մի օր նրան կթողնեն ուրիշի մոտ ընդմիշտ, ու մայրիկը երբեք չի գա նրա ետևից։ Այդ խղճահար հայացքը Դավիթին ժամանակ առ ժամանակ ուղղում են նաև մանկապարտեզի այլ աշխատողները։ Երեխաներն էլ են որսացել խոսակցության պատառներ իրենց տներում, և չնայած իրենց մանկական ուղեղն ի վիճակի չէ հասկանալու լսածը, այնուամենայնիվ, նրանք զգում են. Դավիթն ինչ-որ բանով նման չէ իրենց, Դավիթի կյանքում ինչ-որ պատմություն կա։

Դավիթի պատմությունը սկսել է երեք տարի ինն ամիս առաջ։ Ռուզանի եւ Աշոտի սովորական հայկական ընտանիքում արդեն երկու որդի կար, երբ Ռուզանը «պատահմամբ» հղիացավ։ Ամուսինը որոշեց, որ նա պետք է աբորտ անի, եւ այդ ժամանակ Արգենտինայում բնակվող նրա քույրը, ով երեխա չուներ, առաջարկեց ծննդաբերել եւ երեխային տալ իրեն։ 

- Ի՞նչ տարբերություն,- ուսերը թոթվեց ամուսինը եւ համաձայնվեց։ Վատ չստացվեց։ Ծանր մեղք չի վերցնի իր վրա, նաեւ այդ կերպ կփոխհատուցի քրոջը վերջինիս լավության համար. նա էր պահում եղբոր ընտանիքը:

Ինքը` Աշոտը, «դիվանագետ» էր։ Հայ կանանց հորինած այս տերմինի հակիրճ բնութագիրն է. ամուսինն ամբողջ օրը պառկած է բազմոցին՝ հեռուստացույցի հեռակառավարման վահանակը մի, ծխախոտը՝ մյուս ձեռքին, եւ ալիքներն իրար ետեւից մոնոտոն փոխելու գործընթացից շեղվում է միայն մի բաժակ սուրճ կամ ուտելու բան պահանջելու, երեխայի վրա բղավելու, կնոջը խրատելու կամ էլ նման այլ «կարեւոր» մանրուքների համար։ 

Աշոտն ունի ութամյա կրթություն, իսկ մեր օրերում նույնիսկ բարձրագույն կրթությամբ մարդիկ են դժվարությամբ լավ աշխատանք գտնում: Քույրն Արգենտինայից նրան ամսական  400 դոլար է ուղարկում: Էլ ինչու՞ նա պիտի չարչարվի եւ կոպեկների համար աշխատի: 

«Դիվանագետ» լինելուց բացի Աշոտը նաեւ «հարգված քուչի տղա» է։ Քուչան, որը ժարգոնից թարգմանաբար նշանակում է թաղ, բայց ներառում է շատ ավելի խորն իմաստ, ունի իր օրենքները, սկզբունքները ու հատուկ լեզուն։  Գլխավոր սկզբունքներից մեկը միմյանցից չտարբերվելն ու չառանձնանալն է ո՛չ արտաքուստ, ո՛չ ներքուստ։ Քուչայի հավերժ նորաձեւության պարագաներից են սեւ տաբատը, դեպի երկինք խոյացող թաթերով սեւ կոշիկները եւ պարտադիր թզբեհը։ Քուչայում բոլորն «ախպերներ» են, որոնք պիտի «պահեն մեկը մյուսի թասիբը»։ Ցանկացած խոսակցություն, որը հագեցած չէ ոչ նորմատիվ բառապաշարով, այստեղ կոչվում է «կուլտուրական» ու, աստված մի արասցե, քուչայից որեւէ մեկին բռնացնեն նման խոսակցություն վարելիս։ Նա կվերածվի ծաղրուծանակի առարկայի, իսկ կա՞, արդյոք, ավելի սարսափելի բան, քան քուչայի հարգանքը կորցնելը։

«Քուչի տղեքը» չեն ընդունում կնոջ՝ մարդ լինելու իրավունքը։ Նա նույնիսկ «տղամարդու բարեկամը» չէ, այլ այնպես, կցորդ, տղամարդու հարմարավետ կյանքն ապահովող մեքենա։ Օրինակ` քուչի տղայի համար ամուսնանալու հիմնավոր պատճառ է այն, որ «իր մայրն արդեն մեծացել է, չի հասցնում տան գործերը, նրան օգնող է պետք»։ Կնոջից պահանջվում է շատ քիչ բան՝ ընդամենը անխոս հնազանդություն։ Քուչի տղայի կինը բացարձակ ձայնազուրկ էակ է, զոմբի։ 

Այդպիսին էր Ռուզանը։ Ասաց ամուսինը` «աբորտ», իրենից պահանջվում է միայն գնալ հիվանդանոց։ Ասաց`«տալու ենք քրոջս», իրենից պահանջվում է ինն ամիս կրել երեխային, հետո տալ նրան։ 

Ամբողջ թաղը գիտեր, որ երեխայի ծնվելուն պես նրան ուղարկելու են Արգենտինա։ Ռուզանի ետեւից շշնջում էին. «Տալի համար երեխա է բերում»։ Բայց դա նրան չէր մտահոգում։ Հոգնած, մաշված, աչքերի տակ` միշտ սեւ պարկեր, այս կինը մտածելու ունակ չէր արդեն վաղուց։ 

Ռուզանն ուշքի եկավ ծննդատանը։ Երբ ձեռքերի մեջ առավ իր նորածին երեխային՝ շեկ մազերով ու արտասովոր մեծ, շագանակագույն աչքերով, Ռուզանի՝ հավերժ ծեծուջարդից, բղավոցներից ու հայհոյանքից բթացած գիտակցությունը հանկարծ արթնացավ. սա իր երեխան է, եւ ինքը կմեռնի, եթե իր տղային խլեն իրենից։ 

Ամուսնու քույրը չէր կարող երեխա ունենալ, բայց, ինչպես յուրաքանչյուր կին, օժտված էր մայրական բնազդով։ Նա զանգահարեց Ռուզանին Արգենտինայից. «Եթե չես ուզում, եթե քեզ համար դժվար է, ասա՛, ես կասեմ եղբորս, որ փոշմանել եմ»։ 

Բայց Ռուզանը պարզապես ունակ չէր պատկերացնելու նման բան։ Իհարկե, ամուսինը միանգամից իրեն կկասկածի, նա իրեն կսպանի։ Ու կենդանու խելագար վախն իր տիրոջ հանդեպ հաղթեց. Ռուզանը լռեց։

Երեխային մորից վերցրեցին ծննդաբերությունից անմիջապես հետո, որպեսզի «մայրն ու երեխան չկապվեն իրար հետ»: Ամուսնու մյուս քույրը, որն ապրում է Երեւանում, առաջարկեց խնամել երեխային, մինչև նոր մայրը ժամանի Արգենտինայից։ Սակայն պարզվեց, որ Հայաստանից երեխա տանելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Դավիթն արդեն յոթ ամսական էր, իսկ քույրը դեռ ճանապարհին էր։ Ռուզանին չէին թողնում անգամ կերակրի երեխային կրծքով։ Դավիթը վատ էր ընդունում արհեստական կերը եւ հիվանդացավ։ Երեխայի մոտ հայտնաբերեցին սուր աղիքային վարակ, նա շատ նվազ էր ու օր-օրի ավելի էր վատանում։ Եվ ահաբեկված հորաքույրը կիսամեռ երեխային հանձնեց մորը։

Ռուզանը երեխան գիրկը մեկ տարի վազվզեց հիվանդանոցներով։ Երեխային բառացիորեն ետ բերեցին «այն աշխարհից»։ Սակայն ամուսինը միանգամից զգուշացրեց. «Սա քո երեխան չէ, եւ երբ էլ քույրս գա Արգենտինայից, նա կտանի երեխային»։ 

Արդեն անցել է երեք տարի։ Ամուսինը չի ընդունում Դավիթին որպես իր որդի։ Նա պարզապես չի նկատում երեխայի գոյությունը։ Իրենց հետ ապրող սկեսուրը Ռուզանին նախատում է. «Ինչու՞ է քեզ մամա ասում, ասա՛ իրեն, որ իր մաման Արգենտինայում է եւ շուտով կգա, կտանի իրեն»։ 

Իսկ Ռուզանը շարունակում է լուռ մղկտալ ցավից։ Ինչու՞ նա չի ըմբոստանում։ Ինչու՞ չի պատմում ամեն ինչ տալին։ Ռուզանի մտքով անգամ չի անցնում դա։ Տիրոջ նկատմամբ ահը վեր է ամեն ինչից։ Այդպիսին է Ռուզանը։ Եթե գան երեխայի ետեւից, նա լուռ կտա Դավիթին, հետո, միգուցե, պատուհանից դուրս նետվի կամ լուռ ու դանդաղ մաշվի վշտից։ Իսկ առայժմ տալը դեռ հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերը։ Ու Ռուզանը սպասում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter