HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էս աշխարհի զիլն էն է, որ չգիտես` ո՞րն է ճիշտ»

«Մեր խմբի անունը «ՆԱ» էր, այսինքն` Նարեկ, Արման, բայց հայրս եկել էր Երեւան` մեզ ռոք փառատոնին գրանցելու ու մեր խմբի անունը մոռացել էր, ասել էր` «Բամբիռ» գրեք, պրծեք,- պատմում է երիտասարդ «Բամբիռ»-ի Նարեկը եւ ավելացնում,- քանի որ հենց «Բամբիռը» մեզ այդպես անվանեց, ուրեմն իրոք «բամբիռ» ենք, ու այդ զավեշտը ճակատագրական եղավ»:

Նարեկը ռոք երաժշտություն սկսել է լսել ու սիրել «մոր փորից», իսկ 90-ականներին, երբ իր ու Արմանի ծնողներն ԱՄՆ-ում էին, իրենք սկսեցին կիթառ նվագել, որ ժամանակը հետաքրքիր անցնի, ու այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:

«Երբ հետ եկան, Ջագի (Գագիկ Բարսեղյան) մոտ նվագեցինք, որ ցույց տանք` ինչ ենք սովորել, ասաց` ավելի լավ է գնաք բոստան ջրեք, ու այդ վերաբերմունքը մի տեսակ մեզ թասիբի գցեց»,- պատմում է Նարեկը եւ նշում, որ Ջագն իրենց անգամ փորձասենյակ չէր թողնում` համարելով, որ խանգարում են, իսկ կիթառն իրենց հարեւանից էր վերցնում եւ նվագում:

«Բայց բամբիռ մեծացանք, շրջապատն էր այդպիսին, ու դա մտածելակերպ դարձավ: Ես, Արմանը, Արիկը չգիտակցելով` գնացել ենք դրան»,- ասում է Նարեկը:

1978 թ. Գյումրիում այս երիտասարդների ծնողները ստեղծել էին «Բամբիռ» խումբը, իսկ հիմա «Բամբիռ»-ի որդիները 2-րդ սերունդն են ու բացի իրենց հեղինակային գործերից` նոր մեկնաբանությամբ նվագում են նաեւ իրենց ծնողների երգերը: Նարեկի խոսքերով` նոր մեկնաբանությունները նոր զգացողությամբ ու նոր նշանակությամբ են կատարվում:

«Իմ ամենասիրած երգերը նրանք են, որ լինելու պրոցեսի մեջ են, որ երգը նոր ես ստեղծում, որտեղ նստում ես` այդ երգն է քո մեջ: Երբ այս պրոցեսն ավարտվում է, հանձնում ես հանդիսատեսին, ու զգացողություններն էլ են փոխվում»,- ասում է Նարեկը եւ բացատրում, որ հիմա իր գլխում մի երգ է այն մասին, որ պետք չի տուրք տալ աշխարհի` ուժեղին նմանվելու մոլուցքին:

«Նայեք դուրս, բոլորը միանման են, իրար copy-են անում, որովհետեւ իրենք այնքան ուժեղ չեն, որ չնմանվեն»,- բացատրում է նա` ասելով, որ գլոբալիզացիան իր վատ կողմերն էլ ունի, ու դրա պարզ օրինակը անգլերեն լեզուն է:

«Ես անգլերեն էլ եմ երգում ու հենց իմ երգերում փորձում եմ հասկանալ, թե տնազ ենք անում ուրիշին նմանվելո՞վ, թե՞ այդ արանքում ենք»,-ասում է նա` նշելով, որ ինքն «արանքի» սերնդից է, ու այդ պատճառով էլ իրենց արվեստը փնտրտուքների արվեստ է:

«Բամբիռn» այսօր կովկասյան ռոք է նվագում եւ հաճախ համերգներ է ունենում ավագ «Բամբիռի» հետ: Նարեկն ասում է, որ իրենք ոչ մի բաժանում չեն դնում խմբում, որովհետեւ, ի վերջո, մի ընդհանուր թիմ են: Նարեկն առհասարակ դեմ է բոլոր բաժանումներին:

«Այն երաժիշտները, ովքեր իրենց երաժշտությունն ինչ-որ կաղապարների մեջ են դնում, ովքեր երգը գրում են` խնդրից դուրս գալով, մոլորյալ են: Ի վերջո, այդ ամենն արվեստաբաններն են քառակուսիացրել, որ իրենց համար պարզ լինի»,- ասում է նա` շեշտելով, որ իրականում փորձում է հատուկ երաժշտական ոճով չբնութագրել իրենց երաժշտությունը:

Ոճերի մասին թեման շարունակելով` Նարեկը պատմում է, որ վերջերս մերօրյա հեռուստաէկրանի աստղերից մեկը, որ ֆանագրամայի տակ է երգում, իրեն փորձում էր համոզել, որ իր նոր երգը ռոք է:

«Տանը հեռուստացույցը պատի կողմն եմ շրջել, մեկ-մեկ նայում եմ, էլի շրջում եմ, չեմ սիրում հեռուստացույց, «գլուխ հարդուկելու» բան է: Այդ աղջկա ասածի առումով շրջեցի հեռուստացույցը ու նայեցի: Եթե երգում էլեկտրական կիթառ են օգտագործում ու իրենց թվում է, որ դա արդեն ռոք երաժշտություն է, ուրեմն մենք հաստատ ռոք չենք նվագում»,- ասում է Նարեկը:

Նարեկը երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինն է ավարտել, բայց մասնագիտությամբ ռեժիսոր է ու անցած տարի առաջին ներկայացումը բեմադրեց Գյումրիում: Ասում է, որ հետաքրքիր արձագանքներ եղան, քանի որ ներկայացման մեջ բարբառային լեզուն էր օգտագործված:

«Առհասարակ, ռոքի մեջ էլ պիտի կոլորիտը պահպանվի ու բնական լինի»,- ասում է` բացատրելով, որ ռեժիսուրան նաեւ երգերում է կիրառում, իսկ իր երաժշտության հիմքում ազատության գաղափարախոսությունն է:

«Էս աշխարհի ամենազիլն էն է, որ չգիտես` ո՞րն է ճիշտ, ո՞րը` սխալ»,-կարծում է Նարեկը:

«Պատերազմն էլ է բիզնես»

«Երեւի տարօրինակ է, բայց ես լսողների մասին երբեք չեմ մտածում, սա առաջին հերթին ինձ համար է, ոչ թե շոու բիզնեսի»,- ասում է «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր Ռոլանդը եւ պարզաբանում, որ իր երգերն իր հուզումներն են ու կյանքը: Ռոլանդի ապրումները սկսեցին երգ դառնալ մոտ 7-8 տարի առաջ, երբ ռոք սիրող ընկերներով որոշեցին հավաքվել ու ռոք խումբ ստեղծել:

«Ինձ թվում է` բոլոր ռոք սիրողների մոտ էլ այդ գաղափարը մի օր ծագում է, ու մեզ մոտ էլ այդպես եկավ»,- ասում է Ռոլանդը:

Տղաներով հավաքվում նվագում էին, ու մի օր, առանց մյուսներին ասելու, Ռոլանդը գնաց պայմանավորվեց համերգի համար:

«Այն ժամանակ ՆՓԱԿ-ում էին ռոք համերգներ լինում, ու ես գնացի մեր խմբին գրանցեցի: 5 օրում 12 երգ գրեցինք ու ունեցանք մեր առաջին մենահամերգը»,- պատմում է նա: Ռոլանդն ասում է, որ խմբի անունը դրեցին այդպես, որովհետեւ այդ ժամանակվա իրենց տարիքին բնորոշ սիրուն, հեղափոխական անուն էր:

«Հետո ռեինկարնացիան հետապնդեց ինձ ողջ կյանքում, եւ խմբի երաժշտական ոճը երեք անգամ փոխվեց»,- ասում է նա: Հիմնադրվելուց ի վեր «Ռեինկարնացիան» մետալ է նվագել, հետո սկսել է փանկ ռոք նվագել, հիմա արդեն մեղեդային ռեգի է նվագում: Ու ամեն երաժշտական ոճի մեջ «Ռեինկարնացիան» ալբոմներ է թողարկել:

Ռոլանդն ասում է, որ ռեինկարնացիա (վերամարմնավորում) է տեղի ունեցել նաեւ խմբի երաժիշտների պարագայում, եւ այսօր «Ռեինկարնացիայում» խմբի հին անդամներից ոչ ոք չկա: Ամեն անգամ Ռոլանդի շուրջը նոր երաժիշտներ են հավաքվում:

«Երգերը ես եմ գրում եւ փորձում ենք խմբում: Չեմ ընդունում ոչ մի առաջարկ երգերի այլ կատարման առումով, ահավոր բնավորություն ունեմ ու շնորհակալ եմ, որ դիմանում են ձեռքիս»,- ասում է Ռոլանդը:

«Երկու շեփորներն ամբողջ օրն իրար հետ են, ոնց որ մարդ ու կին լինեն: Բաս կիթառը հայկական ռոքում հին մարդ է, լուրջ ու չխոսկան: Ստեղնաշարային գործիքների Արթուրն էլ դինջ է, բայց մաքուր մարդ է»,-խմբի անդամներին ներկայացնում է Ռոլանդը եւ ավելացնում, որ հիմա երաժշտությունն իրենց համար հոբբիից վերածվել է լուրջ աշխատանքի, փորձասենյակ ունեն, քիչ թե շատ էլ գումար են վաստակում:

Չնայած հայկական ռոքում մի երաժիշտը տարբեր խմբերում կարող է նվագել, Ռոլանդի խմբում բոլորը միայն այստեղ են նվագում, եւ նա նշում է, որ դա «մի տեսակ մարմնավաճառի իրավիճակ է, ամեն մարդ պետք է գտնի իր խումը, իր ընտանիքը»:

«Ես մի մեծ երազանք ունեմ, որ խմբի հիմնադրումից մինչեւ հիմա խմբում նվագած բոլոր երաժիշտներին հավաքեմ ու միասին համերգ տանք: Իմ երգերի թեման միշտ էլ նույնն է եղել` չնայած խմբի` տարբեր ոճերի անցումներին: Ուղղակի այն ժամանակ ավելի ջահել էինք ու ագրեսիվ: Հիմա երեւույթներին տարբեր կողմերից եմ նայում եւ գրում եմ այդ ամենի մասին»,- պատմում է Ռոլանդը` հիշելով իր վերջին երգերից մեկը, որտեղ տղան գովում է աղջկա գեղեցկությունը, բայց վերջում ասում, թե ինչքան է պետք խմել, որ այս աղջկան այսպիսին տեսնի:

«Ծիծաղս գալիս է այդ աստղեր կոչվածների կեղծավորությունից, այդ զույգ-զույգ աստղերից, ամոթ է, որ երգում են կեղծ սիրո մասին` մեկին բառեր պատվիրելով, մյուսին` տեսահոլովակ»,- վրդովվում է Ռոլանդը:

Ռոլանդին դուր չեն գալիս նաեւ պատերազմները, չի սիրում հատկապես Բուշին:
«Պատերազմն էլ է բիզնես, ամեն ինչ բիզնես է, ու այդ մարդիկ ամոթից իրենց հայելու մեջ չեն նայում»,- ասում է նա եւ նշում, որ իր երգերում ինքը բարձրաձայնում է այն, ինչ մյուսներն էլ են գիտակցում, բայց չեն ասում:

Խմբի վերջին` «Ջանֆիդայից Ջամայկա 60 կմ է» ալբոմում հենց այս երեւույթների մասին է երգում Ռոլանդը, որի հավաստմամբ` իրենց նոր երաժշտական ուղղությունը մատչելի է ավելի լայն զանգվածների համար, եւ իրենց ունկնդիրների բանակը մեծացել է:
«Մենակ վատ է, որ այսօր լավ ռոք խմբերն են քիչ, իսկ 99-ին շատ էին, բայց հնարավորություն, փորձատեղ ու գործիք չկար»,- ասում է Ռոլանդը եւ հույս հայտնում, որ հայկական ռոքը, հավանաբար, դեռ իրեն ցույց կտա:

Լուս.՝  Անուշ Բաբաջանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter