Բոդիլ Բյորն. չերգված հերոսուհի
«Երբ ավարտեցինք ֆիլմի նկարահանումները,- պատմում է Ջուսի Ֆլեմինգ Բյորնը,- ֆիլմի ռեժիսորը, որ ողջ կյանքում աթեիստ է եղել, ասաց, որ հիմա պարզապես ստիպված է հավատալ Աստծուն։
Ես մտածեցի, որ այլ կերպ չէր էլ կարող լինել. նկարահանումների ողջ ընթացքը լի էր զարմանալի «պատահականություններով», նույնիսկ հրաշքներով, կարծես վերեւում իրոք ուզում էին, որ այս ֆիլմը նկարահանվի։ Ողջ նկարահանումների ընթացքում այնպիսի տպավորություն էր, որ մենք միշտ ուղղակի հայտնվում էինք ճիշտ ժամանակին ճիշտ վայրում»։
Նորվեգացի Ջուսի Ֆլեմինգը Հայաստանում է իր տատի՝ Բոդիլ Բյորնի մասին պատմող «Նրանք ինձ մայր են կոչում» տեսաֆիլմի համար հայկական երաժշտություն ընտրելու նպատակով։
«Կան մարդիկ,- ասում է Ջուսին,- ովքեր իսկական հերոսներ են եղել եւ ում առաքելությունն ավելի մեծ ջանք ու խիզախություն է պահանջել, քան առաջին բեւեռագնացներինը։ Նրանցից մեկն է Բոդիլ Բյորնը՝ մարդ, ում մարմնավորած իդեալներով Նորվեգիան շարժվում է առայսօր»:
1902 թվականին դանիացի մի կին՝ Էմսի Քոլետը, հիմնեց «Կին միսիոներների միությունը», որը տեղակայված էր Կոպենհագենում։ Այս շարժման շրջանակներում բացվում էին Աստվածաշունչ ուսուցանող դպրոցներ, բարեգործական նպատակներով հավաքվում էին գումարներ եւ, ինչը միության գլխավոր առաքելություններից էր, միսիոներներ էին ուղարկվում Անատոլիա՝ այնտեղ բնակվող քրիստոնյաների հետ աշխատելու համար։ Այդ ժամանակ գործող նմանատիպ բազում կազմակերպություններից այս մեկը տարբերվում էր նրանով, որ կազմված էր բացառապես կանանցից եւ ամենափոքրն էր։
Բոդիլ Բյորնն այս կազմակերպության կողմից Արեւմտյան Հայաստան ուղարկված քսաներկու կանանց մեջ միակ նորվեգացին էր։
Նա ծնվել է 1871 թվականին Նորվեգիայի Կրագերո քաղաքում՝ հարուստ նավատերերի ընտանիքում։ Կրագերոյի այժմյան քաղաքապետարանն այն ժամանակ նրա ընտանեկան տունն էր։ Բոդիլը եղել է այն խիստ սակավաթիվ աղջիկներից, ովքեր դպրոց են հաճախել։ Աղջիկներին պարզապես չէր թույլատրվում սովորել, սակայն նրա հորեղբայրն Օսլոյում դպրոցի տնօրեն էր եւ աղջկան վերցրեց իր դպրոց։
1909 թվականին Բոդիլին դպրոցն ավարտելուց հետո ուղարկեցին Բեռլին՝ երկու տարով երաժշտություն սովորելու։ Հետո նա պետք է ամուսնանար ու ընտանիք կազմեր, ինչպես իր շրջանի մնացած կանայք։ Սակայն Բոդիլն այլ ճակատագիր ընտրեց։ Բոդիլը գինեկոլոգիայի բուժքրոջ դասեր առավ, միացավ «Կին միսիոներների կազմակերպությանը» եւ մեկնեց Արեւմտյան Հայաստան։
Այստեղ ապրելու եւ աշխատելու պայմաններն այնքա՜ն տարբեր էին իր հայրենի քաղաք Կրագերոյից։ Քրիստոնյաներն ապրում էին մշտական ճնշման ու հալածանքի պայմաններում։ Այն ժամանակներում, երբ կանայք դեռ նոր միայն քվեարկելու իրավունք էին ստացել, Բոդիլն Արեւմտյան Հայաստանում բացեց որբանոցներ, դպրոցներ ու անվճար հիվանդանոցներ, հավաքեց անձնակազմ միմիայն տեղացիներից եւ սովորեցրեց նրանց։
Նա տիրապետում էր հայերեն, թուրքերեն, արաբերեն, գերմաներեն եւ անգլերեն լեզուներին։
Ավելի քան երեսուն տարի Բոդիլն աշխատեց Մերձավոր Արեւելքում։ Նա Արեւմտյան Հայաստանում էր հայերի կոտորածների ժամանակ։ Սակայն 1917 թվականին Բոդիլը ստիպված եղավ փախչել Արեւելյան Անատոլիայից՝ փրկվելով oսմանյան հետապնդումներից։ Նա մեկնեց Նորվեգիա, որպեսզի ընդամենը մեկ տարի անց վերադառնա նորահռչակ Հայաստանի Հանրապետություն։ Չորս տարի անց նա նորից ստիպված էր փախչել, այս անգամ`խորհրդային իշխանություններից։
Բոդիլն իր միսիոներական առաքելությունը շարունակեց Սիրիայում։ Մինչ մահը նա ապրում էր իր տղայի ընտանիքի հետ եւ հատկապես մոտ էր թոռան` Ջուսի Ֆլեմինգ Բյորնի հետ։
Բոդիլ Բյորնը մահացավ 1960 թվականին՝ 90 տարեկանում։ Նրա մահից հետո արդեն Ջուսիի մոտ առաջացավ իր տատի մասին պատմող ֆիլմի եւ զուգահեռաբար գրքի ստեղծման միտքը։ Բոդիլի գործունեության նշանակալիությունը կայանում էր նաեւ նրանում, որ նա թողել էր օրագրեր եւ բազմաթիվ լուսանկարներ, որոնք մանրամասնորեն պատմում են ոչ միայն կոտորվածների ու նրանց դժբախտ հարազատների, քաղցած ու հյուծված որբերի, այլեւ այդ ժամանակ ապրող մարդկանց կենցաղի ու մշակույթի մասին։
Ջուսին թողնում է էներգետիկայի ասպարեզում խորհրդատուի իր աշխատանքը, գտնում է ռեժիսորի, ով համաձայնում է նկարահանել ֆիլմը, պրոդյուսերի, ով համաձայնում է վճարել ծախսերը, եւ 2004 թվականին սկսում են նկարահանումները։
Ֆիլմում, որը դեռ գտնվում է մոնտաժման փուլում, Ջուսիի միջոցով հանդիպում են անցյալն ու ներկան։ Նա ուղեւորվում է իր տատի հետքերով՝ Սիրիա (Հալեպ եւ Դեր-Զորի անապատ), Թուրքիայի բազմաթիվ շրջաններ եւ Արեւելյան Հայաստան։ Փորձում է գտնել Բոդիլի հիմնած մանկատներում մեծացած երեխաներին, մարդկանց, ում Բոդիլը հիշատակում է իր օրագրերում։
Ֆիլմը մի քանի նպատակ է հետապնդում։ Երբ Բոդիլը փախչում է Արեւմտյան Հայաստանից, իր հետ Նորվեգիա է տանում մի հայ երեխայի, ում, ըստ իրեն, որդեգրել է Մուշում։ Նա պատմում է միայն, որ երեխան, ում ինքն անվանել է Ֆրիտյոֆ, ուներ քույրեր եւ եղբայրներ, եւ նրա հոր անունն էր Պետրոս Սաֆարյան։ Բոդիլը հրաժարվում է առավել մանրամասն տեղեկություններ տալուց, եւ սկսում են լուրեր պտտվել, որ Բոդիլին արտաքնապես շատ նման սպիտակամաշկ, կապուտաչյա տղան իր կենսաբանական, այլ ոչ որդեգրած որդին է։ Ֆրիտյոֆի որդի Ջուսին փորձում է գտնել իր իսկական արմատները. արդյոք դրանք հայկակա՞ն են, թե՞ նորվեգական։
«Մյուս նպատակս է պատմել ոչ միայն դժբախտ դեպքերի մասին, որոնք սովորաբար զետեղվում են ցեղասպանությանն առնչվող ֆիլմերում,- ասում է Ջուսին։- Ես ուզում եմ նաեւ ներկայացնել բազում լուսավոր ու երջանիկ ավարտ ունեցող պատմություններ, որոնց մասին գրել է Բոդիլը»։
Նման պատմություններից մեկի հետ է կապված նկարահանման ընթացքում նրանց ուղեկցող զարմանալի «զուգադիպություններից» մեկը։ Հալեպի հայկական համայնքում Ջուսին պատմում է մի պատմություն Բոդիլի օրագրից։ Այն մի ընտանիքի մասին է, որը կոտորածների ժամանակ մի քանի օր շարունակ թուրքերից թաքնվել է ջրհորում` առանց ուտելիքի եւ ջրի։ Հետո նրանց թուրք սպայի օգնությամբ հաջողվել է փրկվել եւ փախչել Սիրիա։ Ընտանիքը բաղկացած է եղել չորս աղջիկներից, հորից եւ մորից, ով հղի էր հինգերորդ երեխայով։ Պատմությունն ավարտելուց հետո ներկաներից մեկը դուրս է գալիս եւ վերադառնում է մի մարդու հետ, ով Ջուսիին հայտնում է, որ դա իր ընտանիքի պատմությունն է, եւ ինքն էլ այդ ժամանակ դեռ չծնված երեխան է։
Ի դեպ, հենց Հալեպում է որոշվում պատրաստել Բոդիլին նվիրված հուշաքար։ Այժմ այն դրված է նրա հայրենի Կրագերոյում՝ քաղաքապետարանի առջեւ։
«Քաղաքապետարանում գիտեին Բոդիլի ընտանիքի մասին,- պատմում է Ջուսին,- բայց նրանք չգիտեին, որ իրենց հայրենի քաղաքում իրական հերոսուհի է ծնվել։ Նորվեգիայում Բոդիլի մասին շատ քիչ գիտեն։ Նա թաղված է Օսլոյում, մի շատ համեստ գերեզմանում։ Հուշաքարը դնելուց մեկ տարի անց քաղաքապետարանը ճանաչեց հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ։ Եվ դա կարող է առաջին քայլը լինել Նորվեգիայի համար` այն ընդունելու»։
Նկարահանման ընթացքում տեղի ունեցած մեկ այլ «պատահականություն» եղավ Գյումրիում։ 1921 թվականին Բոդիլը Գյումրիում՝ այն ժամանակվա Ալեքսանդրապոլում, հիմնել էր մանկատուն, որը փակվել էր չորս տարի անց խորհրդային իշխանությունների կողմից։ Ջուսին նկարներով եւ օրագրի նկարագիրներով մոտավորապես գիտեր այդ մանկատան տեղը։
«Մի տեղ պարզապես զգացի, որ մոտ ենք ու խնդրեցի վարորդին կանգնեցնել մեքենան։ Մենք դուրս եկանք եւ տեսանք Լյուդվիգին»:
Իննսունամյա Լյուդվիգը լավ գիտեր մանկատան պատմությունը։ Ինքը մեծացել էր ամերիկյան մանկատանը եւ հիշում էր, որ Բոդիլի մանկատանը երեխաները (շուրջ երեսուն հոգի) քնում էին երկուսը մեկ մահճակալում, բայց չունեին սննդի եւ հագուստի պակաս։
Իսկ Արեւմտյան Հայաստանում՝ Վանում, իրենց թանկարժեք տեսախցիկը փչացավ։
«Մենք այն վարձով վերցրել էինք Օսլոյում։ Չգիտեինք՝ ինչ անել։ Եթե դա Ստամբուլում լիներ, խնդիր չէր լինի այլ տեսախցիկ գտնել։ Բայց այս հեռավոր վայրում ոչինչ անել չէինք կարող»։
Նրանց ուղեկցող քուրդը հասնում է օգնության։ Նա գտնում է մի փոքրիկ նկարահանող ընկերություն, որը զբաղվում է հարսանիքների նկարահանմամբ։ Ընկերության տերը երկու ամիս առաջ «պատահմամբ» գնել էր նույն տեսախցիկից, որով նկարահանում էր ռեժիսորը։ Այն շատ թանկ ու բարդ էր հարսանիքների համար, եւ ընկերության տերը հաճույքով վարձով տրամադրում է տեսախցիկն արտասահմանցիներին։
«Զավեշտալին այն է, որ մարդիկ Արեւմտյան Հայաստանում ինձ հարցնում էին՝ Դուք ոսկի՞ եք փնտրում։ Ինչպես հարյուր տարի առաջ։ Ու նրանք ուզում էին գործընկերս դառնալ։ Ասում էի` այո, ոսկի եմ փնտրում, բայց դա այլ ոսկի է»։
«Նրանք ինձ մայր են կոչում» ֆիլմը ցուցադրվելու է գալիք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում։ Զուգահեռաբար կազմակերպվելու է Բոդիլի լուսանկարների ցուցահանդեսը։
Ջուսի Ֆլեմինգը Բոդիլ Բյորնի պատմությունը ներկայացրեց նաեւ Երեւանում՝ Հայոց Եղեռնին նվիրված հուշահամալիրի ստեղծման 40-ամյակին նվիրված գիտաժողովում։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել