HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«...Ռոքը երաժշտություն է, վայրենություն չէ»

Եվան ռոք երգող սակավաթիվ աղջիկներից է, իսկ խումբը, որտեղ նա երգում է, այն սակավաթիվներից, որ մետալ է նվագում: Կոնսերվատորիայի վոկալի բաժնում սովորելով` Եվան ասում է, որ միշտ իրեն պատկերացրել է ռոք խմբում երգելիս:

«Ընկերներս կանչել էին ինձ խմբի փորձին, ու տղաների նվագելն ինձ սկսեց դուր գալ, եւ ես միացա խմբին»,- պատմում է «Սթրայֆ» խմբի վոկալ Եվան:

2003 թ. ստեղծված «Սթրայֆը», որ սկզբում այլ անունով է հանդես եկել, հիմնադրել են Կարենը, Ալիկն ու Վիլենը, ովքեր որոշել լրջորեն զբաղվել երաժշտությամբ ու խմբում ունենալ աղջիկ մենակատար:

«Սկզբից շատ քիչ էին մեզ լսող մարդիկ, դե մենք ձայնագրություններ չունեինք, համերգներին լսածով էին մեզ ճանաչում, հետո նրանց թիվը մեծացավ»,-պատմում է խմբի հիմնադիրներից կիթառահար Կարենը:

«Սթրայֆ» նշանակում է պայքար. խմբի անդամներն ասում են, որ դա ուղղակի կապ ունի իրենց երգերի գաղափարախոսության հետ: Երաժիշտների ասելով` արտասահմանում նման անվանմամբ խմբեր կան, իրենք պարզապես փոխել են բառի գրելաձեւը` «Stryfe»:

««Անիծված թատրոն» երգը կյանքում դիմակներ չկրելու մասին է, մեկ այլ երգ կոչ է անում գաղափարապես նորից ծնվել: Ունենք նաեւ հայրենիքի ու Հայաստանի մասին երգեր»,-ասում է Եվան: Խմբի երգերը հիմնականում գրում է Կարենը, երբեմն` նաեւ Եվան, իսկ եթե բնորոշելիս լինենք խմբի ոճը, ապա այն պրոգրեսիվ մետալ է:

«Երգով գումար չենք վաստակում, ընդհակառակը` մեր գրպանից ենք գումարներ դնում, որ պահենք խումբը, Հայաստանում ռոքով փող աշխատելը դեռ անհավանական բան է»,- ասում է Կարենը:

Խմբի բոլոր անդամներն իրենց աշխատանքն ունեն ու փորձերն անում են աշխատանքից հետո: Կարենը բանկում է աշխատում, մասնագիտությամբ տնտեսագետ է` սովորում է ասպիրանտուրայում, խմբի բաս կիթառահար Գեւորգը Ճարտարագիտական համալսարանն է ավարտել, մյուս կիթառահար Հովհաննեսը ֆիզիկոս է, վերջերս է իր թեզը պաշտպանել: Մասնագիտությամբ երաժիշտ են Եվան ու հարվածային գործիքներ նվագող Կորյունը, ով Կոնսերվատորիայի ջութակի բաժինն է ավարտել: Կարենը գտնում է, որ երաժշտություն արարելու համար կարեւորը «ներքինն է, զգայականը», նա օրինակ է բերում շատ հանճարեղ ռոք խմբերի, որոնց անդամները երաժշտական կրթություն չունեն, բայց պրոֆեսիոնալ երաժիշտներ են:

«Շաբաթվա մեջ մի քանի անգամ փորձեր ունենում ենք, իսկ համերգներից առաջ ամեն օր ենք փորձեր անում»,- ասում է Կարենը: Նա հիշում է, որ տարիներ առաջ, երբ խմբի փորձատեղին Զեյթունի մշակույթի տունն էր, սենյակի պատուհանի տակ հավաքվում էին հարեւան սուպերմարկետի աշխատողները եւ լսում: 

«Մի օր էլ եկան ու մեզ խնդրեցին պաշտոնական բացման ժամանակ նվագել խանութի դիմաց: Ունիկալ բան էր, ես չգիտեի, որ նման մարդիկ ռոք են լսում:

Հայկական ռոք լսողները քիչ են ու նստած են իրենց տներում, էլ չեմ ասում, որ մետալ լսողներն ավելի քիչ են»,- ասում է Կարենը եւ ընդգծում, որ գովելի է դասական ռոքի երեկոների կազմակերպումը, քանի որ մեծահասակներն էլ են գալիս:

«Մարդիկ պիտի իմանան, որ ռոքը երաժշտություն է, վայրենություն չէ, ու այս երաժշտությունը չպետք է անդերգրաունդ լինի: Ամբողջ աշխարհում ռոքը ամենաշատն են լսում, ինչու՞ պիտի Հայաստանը շեղվի ընդհանուր ուղեծրից»,-իր վրդովմունքն է հայտնում Կարենը:

Հայկական մեկ այլ մետալ խմբի` «Sworn»-ի մասին «Սթրայֆ»-ի անդամներն ասում են, որ լավ առումով մրցակից չեն, քանի որ երկու խմբերն էլ տարբեր ուղղություններում են նվագում: Իսկ ընդհանրությունն, իհարկե, Կորյունն է` երկու խմբերի եւ հայկական շատ այլ ռոք խմբերի հարվածային գործիք նվագողը` «մետալը»:


«Եթե համերգին չեկան, պարտքի տակ ենք մնալու»

«Ես լսում էի մետալ երաժշտություն, եւ ազդեցությունը վրաս հսկայական էր: Ուզում էի մի այդպիսի երաժշտություն ստանալ ու սկսեցի էքսպերիմենտներ անել»,- «Sworn» խմբի նախապատմությունը սկսում է 20-ամյա Վլադիմիրը: Հետո նրան միացավ Ալեքսը, ու երկուսով սկսեցին երաժշտություն գրել, 2005-ին ալբոմ թողարկեցին: 

«Մի օր Վովան (Վլադիմիրը) ինձ առաջարկեց իրենց մոտ երգել, մոտս լավ ստացվեց ու միացա թիմին: Համերգի պատրաստվելուց մի ամիս առաջ էլ հարվածայինի Կորյունը մեզ միացավ»,- պատմում է Արսենը: Հետո խմբին միացավ նաեւ ստեղնաշարային գործիքներ նվագող Վարդանը, ով հիմա «Օքսենհեմ» խմբում էլ է նվագում:

«Sworn»-ի երաժշտությունը, ըստ խմբի անդամների, ոչ մի բանի կողմ կամ դեմ չէ, երաժշտություն է մարդու ներաշխարհի մասին` զգացմունքային, զգայական: 

«Ստանդարտ բողոքներ ինչ-որ ստանդարտ բաների դեմ, օրինակ` ռասիզմի, չարի, չունենք: Սա պատմություն է մարդկանց մասին, որ ինչ-որ բան են ապրել ու ինչ-որ բան են զգում»,- բացատրում է խմբի երգերի հեղինակ Վովան:

Արսենն էլ ասում է, որ իրենք չեն մտածում ուրիշներին դուր գալու մասին. «Եթե այդպես լիներ, ռաբիս կնվագեինք, բայց Վովան գրում է ու ցույց տալիս, որ մենք այսպես ենք ապրում»,- ասում է նա: 
«Ես վատ չեմ վերաբերվում այն երաժշտությանը, որը հայտնի է դառնում, բայց մեր ժամանակներում մետալը չի դառնա կոմերցիոն, հետագայում չգիտեմ` չնայած արտասահմանում հենց մետալն է պոպուլյար»,- ասում է Վովան: 

Իսկ Արսենը գտնում է, որ իսկական մետալը պետք է անդերգրաունդ մնա, որովհետեւ պիտի երաժշտի միջից դուրս գա, ոչ թե արհեստածին լինի:

«Այն օրվանից, երբ երաժիշտը դառնում է առեւտուր անող, արվեստը կորում է»,-ասում է Արսենը: «Սթրայֆ»-ի պես նրանք էլ ռոք երաժշտությունից գումար չեն աշխատում, այլ իրենց անձնական գումարն են ներդնում երաժշտությամբ զբաղվելու համար: 

Հատկանշական է, որ խմբի անդամներից միայն հարվածային գործիքների Կորյունն ու ստեղնաշարային գործիքների Վարդանն են միայն երաժշտությամբ զբաղվում, մյուս երեք անդամները համակարգչային ոլորտի մասնագետներ են:

Իսկ այս ամիս` դեկտեմբերի 13-ին, խումբը պատրաստվում է մենահամերգի: Տղաներն ասում են, որ հատկապես այս համերգին շատ կարեւոր է ռոք լսողների ներկայությունը: «Եթե գոնե 250 մարդ չգա, ապա հաստատ պարտքի տակ ենք ընկնելու, 500 հազար դահլիճի վարձույթի փող պիտի մուծենք»,- ասում է Արսենը:

Հայաստանյան մետալ երաժշտություն լսողներին Վովան բաժանում է 2 խմբի. «Մի խումբ մարդիկ գալիս են միայն կոնկրետ խմբի համերգին, ուրիշ համերգների չեն գնում: Երկրորդ տիպը սիրում է ծանր հնչողություն, եւ կապ չունի, թե ում համերգն է, գալիս է»:
Արսենը գտնում է, որ մետալ լսողներից տարիքով փոքրերը երաժշտությանն այդքան ուշադրություն չեն դարձնում, գալիս են դահլիճում տիրող մթնոլորտի համար, իսկ ավելի ավագ ունկնդիրը գալիս է համերգի որակի համար:

«Մետալ լսողները երեւի 500-1000 հոգի են Երեւանում, ուղղակի Երեւանի մետալիստները շատ խորացած են իրենց մեջ, շատ չեն սիրում «տուսվել», դուրս գալ»,- ասում է Արսենը:

Շուշան Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter