Ֆրանսահայ բեմադրիչ. «Մենք պետք է ազատ թողնենք մեր մշակույթը, որ ուրիշներն էլ օգտվեն դրանից»
«Մեր մշակույթը մի շրջանակի մեջ է, որից ինքը չի կարողանում դուրս գալ: Արվեստագետի, ստեղծագործողի առաջ վերջնագրեր դնելն ինձ համար անհասկանալի է», - ասում է ֆրանսաբնակ բեմադրիչ Սաթենիկ Խաչատրյանը:
Վերջինս հունիսին հայ հանդիսատեսի դատին է հանձնելու Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծած բեմականացում՝ յուրովի ներկայացմամբ: Ներկայացումը կոչվում է «Լինում է, չի լինում. ճամփորդություն Հայաստանում», որտեղ ներկայացված են Թումանյանի 6 հեքիաթները: Ընդ որում, ներկայացման լեզուները երեքն են` հայերեն, ֆրանսերեն և քրեոլ, որը Կարիբյան կղզիների պետական լեզուն է:
Հայկական թեմատիկայով ներկայացման մեջ խաղում է օտարազգի դերասանը: Ս. Խաչատրյանն այս ներկայացման համար ընտրել է դերասան Կարիբյան կղզիներից՝ երաժիշտ Յաօյին:
«Այս նախագծի միտքը և այն, որ դրա մեջ պետք է ընդգրկված լինի բոլորովին այլ մշակույթ ներկայացնող արտիստ, ծնվել են միաժամանակ, - ասում է հայազգի բեմադրիչը: - Երբեք չեմ փնտրել հայ դերասան, ինչը հեշտ էր իրականացնել Ֆրանսիայում կամ որևէ մեկին, ով ավելի մոտ է մեր մշակույթին: Որքան հնարավոր է տարբեր երևույթ էի փնտրում, մեր մշակույթից հեռու և դրա հետ կապ չունեցող»:
Սաթենիկի համար շատ հետաքրքիր է, թե ինչպես է հայկական մշակույթից հեռու մեկը ներկայացնում իր մշակույթը, յուրովի ընկալում ու զգում այն: Մյուս կողմից` որքան էլ թումանյանական հեքիաթները շատ ազգային են, Յաօն միշտ ընդհանրություններ էր գտնում իրենց ազգային հեքիաթների հետ:
Հայ բեմադրիչն այս նախագիծն անվանում է մշակութային երկխոսություն: Սակայն ի սկզբանե իր նպատակն է եղել այս ներկայացման միջոցով ներկայացնել, ապա նաև տարածել հայկական մշակույթը Ֆրանսիայում: Ընտրվել է Թումանյանը, որովհետև Սաթենիկի խոսքերով, ինքը մեծացել է Թումանյանի հեքիաթներով, բացի այդ` Հայաստանում նրա առաջին մուտքը պրոֆեսիոնալ թատրոն որպես դերասանուհի եղել է հենց Թումանյանի հեքիաթների ներակայացման մեջ: Նախատեսվում է նաև «Սասնա ծռեր» դյութազներգության բեմադրությունը Ֆրանսիայում:
Այս ներկայացումն արդեն բազմիցս ներկայացվել է Ֆրանսիայում, «շրջել» ֆրանսիական մոտ 10 քաղաքներով: Հայաստանում, բացի Երևանից, ներկայացումը խաղալու են նաև Հայաստանի այլ քաղաքներում` Սևան, Վարդենիս, Գավառ, Գորիս, Սիսիան: Երևանի նման Գորիսում նույնպես համագործակցություն է լինելու տեղի թատրոնի հետ: Ներկայացումը նաև նպատակ ունի համագործակցություն ստեղծել հայաստանյան դերասանների հետ:
«Մենք համագործակցում ենք երևանյան 3 դերասանների հետ: Փորձերի համար ունենք ընդամենը մի քանի օր, որի արդյունքում ստանալու ենք մի ներկայացում, որը հիմնված է գոյություն ունեցող ներկայացման վրա, բայց որը կարող է բացարձակ նույնը չլինել», - ասում է բեմադրիչը:
Քանի որ Սաթենիկն այս նախագծով առաջին անգամ է ներկայանում հայ հանդիսատեսին, նա չգիտի` ինչպիսին կլինի արձագանքը: Ֆրանսիայում արձագանքները եղել են տարբեր: Հանդիսատեսը ևս տարբեր էր. դահլիճներ են եղել, որտեղ հայեր չեն եղել, դահլիճներ են եղել, որտեղ ներկա է եղել նաև հայկական համայնքը: Եվ եթե հայերը ծանոթ են ներկայացվող հեքիաթներին, ապա օտարազգի հանդիսատեսը սպասման մեջ է, թե ինչպիսին է լինելու սյուժեն:
«Ոչ մի նախնական տրամադրվածություն չունեմ: Պարզապես մեծ ցանկություն ունեմ, որ լսենք մեր ազգայինը այլ լեզվով, ուրիշ մեկի ինտերպրետացիայով և ուրիշ տեսադաշտից», - ասում է Սաթենիկը:
Վերջինս խոստովանում է, որ որքան էլ ինքը քաջատեղյակ է հեքիաթներից, իր աշխատանքի ընթացքում բազմաթիվ բացահայտումներ է արել: Առավել ևս, որ դա ներկայացնում է օտարազգի դերասանը:
«Քո մշակույթը չի պատկանում մեկին կամ մյուսին: Դա կարող ենք պահել, պահպանել, բայց մենք պետք է ազատ թողնենք մեր մշակույթը, որ ուրիշներն էլ օգտվեն դրանից, - ասում է Սաթենիկը: - Պատկերացրեք, եթե մի անգլիացի մի օր բողոքի, որ աշխարհի մի ծայրում Շեքսպիրին չեն բեմադրել այնպես, ինչպես ինքը կուզեր: Պետք չէ, որ մենք փակենք մշակույթի «շնչուղիները»»:
Երիտասարդ բեմադրիչը խոստովանում է, որ Ֆրանսիան իրեն հնարավորություն է տվել ընդլայնել տեսադաշտը, ավելի գլոբալ տեսնել աշխարհը և երևույթները: Սակայն դժվար է համեմատել հայկական և ֆրանսիական մշակույթները, քանի որ դրանք նույն զարգացման փուլերը և ճակատագիրը չեն ունեցել:
Բացի դերասանուհի և բեմադրիչ լինելուց՝ Սաթենիկը նաև գրում է: Նա արդեն հրատարակել է իր «Եռանկյունաձև ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուն: Սաթենիկը խոստովանում է, որ գրում է, խաղում է, բեմադրում է, որովհետև չի կարող դա չանել: Երեք ուղղություններն էլ շատ տարբեր են, բայց թույլ են տալիս իրեն ինքնարտահատվել. դրանք իր տեսակներն են: Այն, ինչը չի կարող անել մի մասնագիտության շնորհիվ, դա անում է մյուսի միջոցով:
Սաթենիկի համար իր մասնագիտությունները նաև բնավորության գծեր են. ռեժիսոր, բեմադրիչ լինելը համբերություն և համառություն է, դերասանը` հանդուրժողականություն, ուրիշին վստահելու կարողություն և լսելու ունակություն:
«Ամեն ինչից պետք է լավագույնը քաղել, միաժամանակ չմոռանալ սեփական արմատները, որոնց վրա հիմնվում ես, կարող ես ամուր կանգնել, զարգանալ և առաջ գնալ», - ասում է Սաթենիկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել