
Հ. Նաղդալյան. «Նորմալ տնտեսվարման պայմաններում 24 % վարկը ընդհանրապես ինչի՞ է նման»
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԱԺ ամբիոնից պատասխանում է պատգամավորների հարցերին: Նույնիսկ իշխանական պատգամավորները զերծ չեն մնում ԿԲ նախագահին սուր հարցեր ուղղելու եւ բանկային ոլորտը քննադատելուց: Արթուր Ջավադյանն ասաց, որ բարձր դոլարիզացված միջավայրում դրամը բավականին թանկ է բանկերի համար:
«Եթե բանկերի համար դրամը թանկ է, բա ռեալ սեկտորի համար ի՞նչ է»,- հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս ակտիվ քննադատեց բանկերի քաղաքականությունը, որ վարկավորումը դարձրել են բավականին բարդ գործընթաց` սկսած բյուրոկրատական քաշքշուկներից մինչեւ բարձր տոկոսադրույքներ:
«Նայեք շահութաբերությունը, թե ռեալ սեկտորում ինչպիսին է: Համապատասխա՞ն է մեր ռեալ իրավիճակին, եւ եթե այդ ռեալ սեկտորի ներկայացուցիչները պետք է օգտվեն այդ վարկային ռեսուրսներից կամ ծառայություններից, եւ սա դարձավ անհնար, ապա ու՞մ համար ենք անում, ինչի՞ համար ենք անում»,- ավելացրեց Հերմինե Նաղդալյանը:
Նրա ասելով` հիպոթեքը լավ գործիք է, բայց եթե սպառողը չունենա աշխատանք, աշխատավարձ, հնարավորություն հիպոթեքի դիմելու համար, այդ դեպքում ինչի՞ մասին են խոսում:
«24 % սահմանափակում ենք դրել օրենքում, բայց ասեք` նորմալ տնտեսվարման պայմաններում 24 % վարկը ընդհանրապես ինչի՞ է նման: Ես չեմ ուզում նորմալ երկիր կամ նմանատիպ բառեր օգտագործել, բայց նորմալ տնտեսվարման պայմաններում համարվում է, որ 24 % վարկը կարելի է հեշտությամբ վերցնե՞լ, իրագործե՞լ, մարե՞լ, բիզնես անե՞լ, զարգացնել ձեր տնտեսվարողի տնտեսական նախագի՞ծը, չէ՞ որ դա այդպես չէ»,- դիմելով Արթուր Ջավադյանին՝ ասաց Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը, դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, խնդրեց մասնագիտացված լսումներով անդրադարձ կատարել այս խնդրին, քանի որ տարիներ են անցել, զարգացման բավական փուլ ենք անցել, այդ թվում` բանկային ոլորտում, եւ պատկան մարմինների հետ քննարկման ժամանակն է:
Արթուր Ջավադյանն ասաց, որ վարկերի ռիսկայնության իջեցման հարցում շահագրգիռ մարմինը հենց ԿԲ-ն է:
«Տնտեսվարողների մասով այնքան բարձր է մրցակցությունը բանկային համակարգում, որ կա բավականին մատչելի տոկոսներով վարկավորում»,- ավելացրեց ԿԲ նախագահը:
Ինչ վերաբերում է այլ տիպի վարկավորումներին, ապա Ա. Ջավադյանը վստահեցրեց, որ քարտային վարկավորումը ԱՄՆ-ում 19-22 % է, Եվրոպայում` 15-27 %: Սպառողական վարկավորումը նույնպես համահունչ են մեր տոկոսադրույքների հետ:
Այստեղ Արթուր Ջավադյանը «մոռացավ» անդրադարձ կատարել նաեւ նշված երկրներում քաղաքացու եկամուտի չափին: Արդյո՞ք այն ուղիղ համեմատական է ՀՀ քաղաքացու եկամուտի չափին:
«Ինչ վերաբերում է եկամուտ-վարկ հարաբերակցության ռիսկին, ասում եմ, որ բանկերը միջնորդի դեր են խաղում, նրանք հնարավոր չի այդ ռիսկերը հաշվի չառնեն վարկ տրամադրելիս: Եթե հաշվի չառնեն, այդ դեպքում ընդհանրապես ավանդ չպետք է ներգրավեն: Հետո էլ այդ ավանդատուների դեմ պատասխանատու են այդ բանկերը, մենք էլ պարտավոր ենք առաջին հերթին ավանդատուներին զերծ պահել այդ ռիսկերից»,- ավելացրեց Արթուր Ջավադյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել