HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ պարտքեր է «մարում» Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչն ու «Նաիրիտի» նախկին տնօրենը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ռ. Վարդազարյանի, քննվում է Միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցիչ, «Նաիրիտ գործարանի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանի դեմ քաղաքացի Գառնիկ Շիրինյանի բողոքը:

Գառնիկ Շիրինյանը Վահան Մելքոնյանից պահանջում է 200 հազար դոլար և 249 մլն 250  հազար դրամ: Այս գումարը, ըստ հայցի, Վահան Մելքոնյանը պարտք է վերցրել Գառնիկ Շիրինյանից: Վահան Մելքոնյանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրված:

Վահան Մելքոնյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանն այսօրվա նիստին հայտարարեց, որ Վահան Մելքոնյանը չի հրաժարվում այդ գումարը վճարելուց և պատրաստ է հաշտություն կնքել: «Պատասխանող կողմը պատրաստ է ընդունել հայցըն ամբողջությամբ և խնդրել հայցվոր կողմից տրամադրել որոշակի ժամկետ նշված գումարներն ամբողջությամբ վերադարձնելու համար»,- նշեց փաստաբան Ա. Հարությունյանը:  Փաստաբանն ավելացրեց, որ քանի որ գումարը մեծ է, պատասխանողին որոշակի ժամանակահատված է հարկավոր համապատասխան գումարներ հայթայթելու համար, սակայն Վահան Մելքոնյանը պատրաստակամ է մինչև սեպտեմբեր զգալի գումար վճարել Գառնիկ Շիրինյանին: Մինչ այդ պատասխանողը վճարում կատարել չի կարող: 

Հայցվորի ներկայացուցիչ Սիմոն Ֆարմանյանը սկզբից չհամաձայնեց հաշտության առաջարկին՝ նշելով, որ արդեն իսկ իր վստահորդը մեկ անգամ արված հաշտության առաջարկին չի համաձայնել, սակայն դատավոր Ռ. Վարդազարյանի հորդորից հետո՝ վստահորդից ճշտել, նոր պատասխանել, համաձայնեց, և հինգ րոպե ընդմիջումից հետո հայտարարեց, որ պատրաստ են  քննարկել հաշտության պայմանագիրը: 

Թե ինչ նախապատմություն ունի այս գործը, ինչու է Վահան Մելքոնյանն այդչափ մեծ գումար պարտք վերցրել Գառնիկ Շիրինյանից, թե հայցվորի, թե պատասխանողի ներկայացուցիչները չցանկացան մանրամասնել: Վահան Մելքոնյանի փաստաբանը նշեց, որ դա իր և իր վստահորդի միջև գաղտնիությունը կխախտի: Նույնաբովանդակ պատճառաբանությամբ հրաժարվեց նաև հայցվորի ներկայացուցիչը:

Դատական նիստը հետաձգվեց անժամկետը` հաշտության տեքստը համաձայնեցնելու, կողմերին հաջորդ նիստի մասին դատարանը լրացուցիչ կծանուցի: Գործի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter