
Մեկնարկեց «Բոլորը գնում են Երևան» մշակութային ծրագիրը
Հունիսի 11-ից մեկնարկում է «Բոլորը գնում են Երևան» մշակութային ծրագիրը, որը կշարունակվի մինչև հունիսի 16-ը:
Էստոնացի գործարար Մելիս Կուբիթսն իր քաղաքացիական նախաձեռնությունն անվանել է «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն»: Նա նախքան երևանյան ծրագիրը քաղաքացիական նախաձեռնությունն իրակացրել է նաև Էստոնիայում և Ուկրաինայում: «Բոլորը գնում են Երևան» ծրագիրը «Տալլինը գնում է Օդեսա» (2011թ.) և «Օդեսան գնում է Տալլին» (2012թ.) ծրագրերի շարունակությունն է:
Մ. Կուբիթսի խոսքով՝ այս ծրագրի շնորհիվ իրենք նպատակ ունեն տեսնել Հայաստանը և ծանոթանալ երկրի բազմադարյա մշակույթին ու պատմությանը: Միաժամանակ նրանք ցանկանում են ներկայացնել իրենց մշակույթը և պատմությունը:
Ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանելու շուրջ 340 էստոնացի և 100 ուկրաինացի, նախատեսվում է մոտ 40 մշակութային միջոցառում:
Այսօր երեկոյան Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա գրական շոու՝ «Նոր օդեսական հումոր», որին կմասնակցեն Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոման Կարցևը, գրողներ Բորիս Բուրդան, Վալերի Խաիտը և Մարիաննա Գոնչարովան:
Այնուհետև Mezzo ակումբում ելույթ կունենան Օդեսայի ջազմենները՝ Jam session-ը:
«Բոլորը գնում են Երևան» ծրագրի շրջանակներում է Հայաստան ժամանելու նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին: Հունիսի 15-ին նա ներկայացնելու է իր նոր «120 րոպե Միխայիլ Ժվանեցկու հետ» ծրագիրը:
Իսկ հունիսի 16-ին տեղի է ունենալու Յուրի Շևչուկի (ДДТ) համերգը: Յուրի Շևչուկն առաջին անգամ է լինելու Հայաստանում:
Մեկնաբանել