HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը վերադարձնում են

Ալաշկերտցիները երեք տարի խաղողի բերք չեն ունենա

55-ամյա տրակտորիստ Արարատ Մովսիսյանը Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում երկրորդ մեծ խաղողարտադրողն է: 2 հա խաղողի այգի ունի, որտեղից տարեկան 50 տոննա խաղող է ստանում: Արարատ Մովսիսյանը խաղողի տարբեր տեսակներ է մշակում: Տեխնիկական տեսակները կոնյակի գործարանին 140 դրամով էր հանձնում, իսկ սեղանի տեսակները՝ քիշմիշը 500, մցխալին՝ 300-ով, աճեցնում էր նաև 450 դրամանոց խաղողի տեսակ:

Այս տարի նա բերք չի ստանա, որովհետև 2 հա-ն էլ մայիսի 12-ին տեղացած կարկուտի հետևանքով ոչնչացել է: Խաղողագործությամբ զբաղվող ալաշկերտցիները դեռ նման տարի չեն հիշում, որ բերքն ամբողջությամբ վնասվեր: Իսկ մեծ չափերի հորդառատ կարկուտ վերջին անգամ տեղացել էր 1973 թվականին:

8 շնչից բաղկացած Արարատի ընտանիքը կերակրվում էր հենց խաղողի շնորհիվ, որն այլևս չկա: Իսկ խաղողի այգիները կվերականգնվեն և կրկին բերք կտան երեք տարի հետո: Արարատ Մովսիսյանը համարում է, որ դեռ ինչ-որ տեղ բախտը բերել է, որովհետև տրակտորը, որով աշխատում է թե՛ իր, թե՛ գյուղացիների համար, վարկով էր վերցրել, և անցյալ տարի արդեն իսկ փակել էր գումարը: Մինչդեռ գյուղացիների 90 տոկոսը վարկ ունի:

Ձախից՝ Դերենիկ Գաբրիելյան, գյուղապետարանի աշխատակազմի
քարտուղար Արա Մանուկյան, Գառնիկ Խաչատրյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրակտորիստ Արարատին և Ալաշկերտի մյուս ընտանիքներին որպես օգնություն տրամադրվել է 40 լիտր դիզվառելիք (սոլյարկա), սակայն դիզվառելիքը գյուղացիները չեն օգտագործում, որովհետև այն անորակ է: Արարատը չի համարձակվել լցնել ստացած դիզվառելիքը իր տրակտորի շարժիչը: «Որ հետ տալու հնարավորություն լինի, հետ կտամ,- ասում է նա,- դա ոչ թե դիզվառելիք է, այլ ասում են՝ «պեչտոպ» է, վառարանի համար է, շարժիչի համար նախատեսված չէ: Մասնագետներից էլ հետաքրքրվեցի, ասի՝ մի լիտր դրանից լցնեմ, մի լիտր էլ սոլյարկա, միասին գոնե օգտագործեմ, խորհուրդ չտվեցին»:

«Ոչ մեկը այդ սոլյարկեն չի լցնի իր տեխնիկայի մեջ»,- ասում է ավագանու անդամներից մեկը: Գյուղապետի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը համաձայն չէ նրանց հետ. «Եթե վաճառքում եղած սոլյարկայի որակին մի քիչ չի էլ համախատասխանում, բայց կոնկրետ ես ունեմ սեփական տրակտոր, ես իմ տրակտորի մեջ լցրել եմ, իմ այգու աշխատանքն արել եմ»,- ասում է գյուղապետի տեղակալը:

78-ամյա զոդող, տրակտորիստ Վարդգես Հարությունյանը հետ է տվել դիզվառելիքը գյուղապետին: Ասում է՝ տարին 12 ամիս դիզվառելիքի հետ գործ ունի և լավ հասկանում է վառելանյութերից. գյուղացիներին բաժանվածը ոչ թե դիզվառելիք է, այլ թունավոր նյութ: «Բերել են, որ ժողովրդին լավությո՞ւն անեն, վատություն են անում: Շատ դաժան հոտ է գալիս, թե ինչքա՞ն փող են էդտեղից օգտվել իրենք, որ ժողովրդի վրա սաղացրել են դա, էդ էլ չգիտենք»,- ասում է Վ. Հարությունյանը:

Հակակարկտային կայանում կապն ընդհատվել է

Փաստացի շուրջ 1800 բնակիչ և 350 ծուխ ունեցող Ալաշկերտ գյուղը 100 տոկոսանոց վնաս է կրել: Համայնքապետարանի հողաշինարար Գառնիկ Խաչատրյանն ասում է, որ 249 հա ցանքատարածք է կարկտահարվել, որից 146 հա-ն՝ խաղողի այգիներ:

Ալաշկերտում մեկ հակակարկտային կայան կա, այս տարի են տեղադրել: Կարկուտից առաջ կրակել են, որ ամպը ցրվի, սակայն այն այնքան հզոր է եղել, որ չի օգնել: Ավելին՝ կայանի կրակելու հրամանը «ՎիվաՍել»-ի sms կապի միջոցով է իրականանում, սակայն առաջին կրակելու հրամանից հետո կապն ընդհատվել է, և այլևս կրակելն անհնար է դարձել: Եթե կարողանային կրակել և հակակարկտային կայաններ շատ ունենային, գուցե կարկուտի հասցրած վնասն այդքան մեծ չլիներ, և բերքի կեսը գոնե պահպանվեր:

ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության պետ Զարուհի Պետրոսյանն ասում է, որ ամպն այնքան մեծ ու խիտ էր, որ հակակարկտային կայանի կրակոցները չէին օգնի: Այս տարի Հայաստանը Միջերկրական ծովից եկած այնպիսի օդային հոսանքների գոտում է, որ հաճախ են տաք և սառը հոսանքները բախվում և կարկուտի նախապայմաններ ստեղծում: Իսկ իրենք կանխատեսել և փորձել են հնարավորինս շուտ նախազգուշացնել բնակչությանը: Զ. Պետրոսյանը հավաստիացնում է, որ հեռուստատեսությամբ և ինտերնետով կարկուտի մասին հայտարարվել է: Սակայն մարզի բնակչության հեռախոսահամարների տվյալների հավաքագրման և փոխանցման որոշ ձգձգումներ են եղել՝ գյուղացիներին անհատապես sms հաղորդագրություններ ուղարկելու համար:

Աջից՝ տրակտորիստ Վարդգես Հարությունյանը

Վարկերի հարցն առկախ է

Ալաշկերտի բնակչության շուրջ 90 տոկոսը վարկեր ունի և այժմ խնդրի առաջ է կանգնած: Սպասում են, թե կառավարությունն ինչ է անելու: Գյուղացիների համար դեռևս պարզ չէ, թե վարկերի մարումն ինչպես է կատարվելու: Ըստ Ալաշկերտ համայնքի գյուղապետի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանի տեղեկությունների՝ մինչև կարկուտի օրը ֆիքսված տոկոսները գումարվելու են մայր գումարին, դառնալու է x թիվ, այդ թիվը նոր պայմանագրով ու նոր վարկի ձևով հաշվարկվելու է գյուղացու վրա, ու դրա հիման վրա 3-ամյա ժամանակացույց է կազմվելու վարկը մարելու համար: Առաջին տարում մարման գումարը քիչ կլինի, երկրորդ տարում՝ ավելի շատ, երրորդ տարում ամբողջությամբ կմարվի: «Ձեռնտու տարբերակ չէ միանշանակ»,- ասում է Դերենիկ Գաբրիելյանը: Հաշվարկը այսպիսին կլինի. եթե գյուղացին, ասենք, 1 մլն դրամ վարկ ունի, մինչև կարկուտը 60 հազար դրամ տոկոս է հաշվարկվել: Այդ թվերը գումարվում են, դառնում է 1 060 000 դրամ, գումարը գյուղացին կփակի ոչ թե այս տարվա օգոստոսին, այլ հաջորդ տարի նույն ամսին, իսկ մնացած գումարը կբաշխվի մնացյալ երկու տարիների վրա: Այսպիսի պայման առաջարկել է «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկը»: Մյուս վարկային կազմակերպություններից գյուղապետարանը դեռևս տեղեկություն չունի:

Մարզպետարանը գյուղապետարանից պահանջել է համայնքի խիստ կարիքավոր ընտանիքների ցուցակը՝ առաջնային կարգով 50 հազար դրամ գումարային օգնություն տրամադրելու համար: Գյուղացիները վրդովված են՝ 100 տոկոս վնասի դեպքում ողջ գյուղն է կարիքավոր դարձել, 1800 բնակչից ինչպե՞ս են ընտրելու 50-ին: Եվ մինչ գյուղացիները գյուղամիջում իրենց դժգոհությունն են արտահայտում կառավարության վերաբերմունքից, հողաշինարար Գառնիկ Խաչատրյանը բերում է գյուղապետարանի նոր հայտարարությունների թերթիկները և բաժանում գյուղացիներին. «Գյուղապետարանը կատարում է ազոտական պարարտանյութի ցուցակագրում (մեկ պարկի արժեքը՝ 6000 դրամ)»: Գյուղացիներն է՛լ ավելի են բորբոքվում. դա պարարտանյութի շուկայական գինն է, ինչու՞ են գյուղապետարանում դրա համար ցուցակագրում, դա՞ էլ են օգնություն համարելու:  

Կարկուտի հետեւանքները Անգին Ավետիսյանը հավաքում է
ջերմոցում կարկուտից
«փրկված» վարունգները:

Մարդիկ հեռանում են, կառավարությունը գոհ է

Կարկուտը ստիպել է գյուղացիներին շուտափույթ միջոցների դիմել՝ մեկնել արտերկիր. մայիսի 1-31-ը Ալաշկերտից 35 բնակիչ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:

43-ամյա Անգին Ավետիսյանի ամուսինը նրանցից մեկն է: «Եթե կարկուտը չգար, չէր գնա,- ասում է Անգինը,- որդիս պետք է բանակից գար: Փետրվար ամսից տանջվի, բաղը բացա, թաղա ու արդյունքի չհասնես: Մի երեք տարի կսպասենք, մինչև տեսնենք, թե ինչ է եղել»:

ՀՀ կառավարությունը կարծում է, որ կիրառել է արմավիրցիների հոգսը թեթևացնելու բոլոր միջոցները: «Մենք արեցինք առավելագույնը, որպեսզի նվազագույնի հասցնենք կարկուտի պատճառով եղած բացասական հետևանքները, և արմավիրցիներն իրականում զգացին, որ պետությունն իրենց կողքին է»,- երեկ Արմավիրում կայացած կառավարության արտագնա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսության վնասը

«Հայհիդրոմետ» ծառայության պետ Զարուհի Պետրոսյանն ասում է, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում մինչև 2050 թվականը ջերմասիտճանը կբարձրանա 1-4 աստիճանով: Մասնագետը նաև եղանակային անոմալ երևույթներ է նկատել: Գյուղատնտեսական ասոցիացիաների միության նախագահ Վարդան Համբարձումյանը դա կապում է կլիմայի փոփոխության հետ, որի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններից արտանետվող ածխաթթու գազն է, ինչի դեմ պայքարում է ողջ մոլորակը:

2009 թվականի ՄԱԿ-ի կատարած ուսումնասիրությունը փաստում է, որ առաջիկա հարյուրամյակում Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա, իսկ տեղումները կկրճատվեն: «Հաջորդ հարյուրամյակում Հայաստանի կլիմայում զգալի փոփոխություններ կնկատվեն»,- արձանագրել է ուսումնասիրությունը:

Ըստ նույն ուսումնասիրության՝ տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 4-5 աստիճանով՝ ցածրադիր վայրերում, իսկ լեռնային շրջաններում՝ 7 աստիճան:

Երևանում տարեկան միջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ շուրջ 11.5 -16.5 աստիճանով: Վայոց ձորում՝ նույնիսկ 19 աստիճանով, ինչի արդյունքում կլիման կնմանվի Բեյրութի կամ Թել-Ավիվի կլիմային: 9%-ով կնվազեն տեղումները, Երևանում և Արարատյան դաշտում՝ 30%-ով: Կնվազեն գետերի ջրերը, ինչը կբերի էլեկտրաէներգիայի արտադրման նվազման և սակագների բարձրացման: Կնվազեն անտառները: Գյուղատնտեսությանը հասցված վնասը 2100 թվականի շեմին կգերազանցի ՀՆԱ-ի 8 տոկոսը:

Առաջին լուսանկարում՝ Արարատ Մովսիսյանը 

Մեկնաբանություններ (1)

john
ԽԵՂՃ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ-«ՄԻՇՏ ՄԻ ԱՂԵՏ ՄԻ ՎՆԱՍ,ԳԱԼԻՍ Է ՄԵԶ ԱՆՊԱԿԱՍ...»ՄԻՇՏ ԷԼ ՄԻ ԲԱՆ ԵՂԵԼ Է,ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՅՍ ՏՈՂԵՐԻ ՆՄԱՆ...ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒԺ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ...ՄԻԱՅՆ ԱՂՈԹԵԼ ԿԱՐՈՂ ԵՄ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter