
Գյուղնախարարությունը չի ցանկանում օգնել աղքատ գյուղացուն
Հանրապետության բազմաթիվ գյուղեր այսօր հայտնվել են աղետալի վիճակում: Նոր թափ է ստացել արտագաղթը, խորացել է գյուղական աղքատությունը, անբարենպաստ եղանակի պատճառով բազմաթիվ գյուղացիներ կանգնած են սովի վտանգի առջև և ի վիճակի չեն մարելու բանկերից վերցրած վարկերը: Գյուղերում չեն ստեղծվում նոր աշխատատեղեր:
Երկրի մշակելի հողերի մեծ մասն այսօր չի մշակվում, ավելին` դեգրադացվում է, որովհետև աղքատ գյուղացին ի վիճակի չէ այն մշակել, իսկ պետության կողմից չի ստանում համապատասխան աջակցություն: Գյուղնախարարությունը փոխանակ օգնի աղքատ գյուղացուն` մշակելու հողը, ս.թ. ապրիլի 29–ի կոլեգիայի նիստում քննարկեց «ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման» հայեցակարգ, որով նախատեսվում է «... փոքր չափերի գյուղացիական տնտեսությունների լուծարում կամ վերակազմավորում … և ... խոշոր ապրանքարտադրողների կողմից հողերի կենտրոնացում ...»:
Կոլեգիայում միայն ես դեմ արտահայտվեցի այդ նախագծին, մտավախությունս հայտնելով, որ գյուղացուց խլելով իր հողը` ապրուստի միակ միջոցը, նրան վերածելու են էժան, վարձու աշխատուժի` մատնելով սովի:
Ցավալին այն է, որ աղքատ գյուղացուն ոտքի կանգնեցնելու փոխարեն, նրան է’լ ավելի են մղում աղքատության գիրկը: Փոխարենը` ես առաջարկեցի քննարկել «Պայմանագրային կոոպերացիան գյուղատնտեսության բնա գավառում» ծրա գրային հիմնադրույթի նախագիծը, որը մշակվել է «Ֆերմերային Շարժում» գյուղացիական ՀԿ –ի կողմից և բազմիցս քննարկվել և հավանության է արժանացել բազմաթիվ գյուղացիների, գիտնականների, մասնագետների, ինչպես նաև` պետական, միջազգային և ոչկառավարական որոշ կառույցների ներկայացուցիչների կողմից:
Ս.թ. հունիսի 29 –ին տեղի ունեցավ գյուղնախարարության կոլեգիայի հերթական նիստ` «Պայմանագրային կոոպերացիան գյուղատնտեսության բնա գավառում» օրակարգով: Իմ զեկույցում ես ներկայացրեցի ՀՀ–ում հողերի խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը և այս առումով պայմանագրային կոոպերացիայի ներդրման առավելությունները:
«Ֆերմերային շարժում» ՀԿ–ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր և մասնատված գյուղատնտեսական հողակտորների վրա առանձին տնտեսություններով գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելն արդարացված չէ, իսկ հողերի խոշորացման շնորհիվ կնվազեն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բերքահավաքի հետ կապված տնտեսական ծախսումները, կնվազի արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը, կհեշտանա գյուղացու ստացած բերքի իրացման կազմակերպումը, լիարժեք և արդյունավետ կօգտա գործվեն գոյություն ունեցող ոռոգման ցանցը, գյուղատնտեսական հողատեսքերը, գյուղտեխնիկան և Հայաստանի բնական պաշարները, արդյունավետ կօգտա գործվի առկա գյուղատնտեսական մասնագիտական և աշխատանքային ներուժը, կբարձրանա գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումների կիրառման արդյունավետությունը, գյուղատնտեսությունը կզար գանա, տեղի կունենա գյուղատնտեսական արտադրանքի աճ:
Ըստ սահմանման` « ... Պայմանագրային կոոպերացիան աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիներին օգնելու, նրանց նոր ձևավորված մանր բուրժուազիայից (ֆեոդալներից) և գյուղատնտեսական արտադրությունը խոշոր կապիտալի շահագործումից պաշտպանելու միջոց է, ինչպես նաև` գյուղատնտեսական մանր ապրանքարտադրողներին միջազգային գյուղատնտեսական շուկա դուրս գալու, խոշոր ապրանքարտադրողների հետ մրցակցելու և միջազգային տարբեր գյուղատնտեսական միավորումների հետ ընդհանուր տնտեսությունների մեջ ներգրավվելու առավել մատչելի ուղի է …»:
Գյուղերում պայմանագրային կոոպերացիա իրականացնելու նպատակն է` կամավորության հիմունքներով միավորել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիներին` ձևավորելով գյուղացիական միավորումներ և գյուղացիների սեփականաշնորհված հիմնական միջոցները` հող, այգի, անասուն, և այլն, ու նախօրոք կազմված պայմանագրերի համաձայն` գյուղերում կազմակերպել գյուղմթերքների համատեղ արտադրություն:
Ըստ նախագծի` կոլեկտիվի անդամ հանդիսացող յուրաքանչյուր գյուղացի կոլեկտիվի հետ համաձայնեցնում և կնքում է պայմանագիր իր սեփականաշնորհված հողատարածքը որոշակի երկարատև ժամկետով (10 տարուց ոչ պակաս) կոլեկտիվի մյուս անդամների հողատարածքներին միավորելու և համատեղ օգտա գործելու համար: Համաձայն կոլեկտիվի կանոնադրության, պայմանագրում նշված ժամկետից շուտ գյուղացին իրավունք չունի իր հողակտորով դուրս գալ կոլեկտիվից, քանի որ այդ հողակտորների վրա կոլեկտիվի անդամների կողմից արդեն ներդրված կլինեն որոշակի գումարներ:
Պայմանագրում նշված ժամկետը լրանալուց հետո գյուղացին կարող է երկարացնել պայմանագրի ժամկետը` մնալով կոլեկտիվում կամ կարող է իր հողակտորով դուրս գալ կոլեկտիվից: Կոլեկտիվի անդամների սեփականությունը հանդիսացող հողակտորները միավորելու և համատեղ օգտա գործելու կոլեկտիվ պայմանագիրը քննարկում և հաստատում է կոլեկտիվի Ընդհանուր ժողովը:
Պայմանագրային կոոպերացիայի կիրառման դեպքում, հողերի խոշորացման ակնկալվող դրական արդյունքներից բացի, նաև կնվազի աղքատությունը գյուղերում և կկարգավորվի գյուղացիների սոցիալական վիճակը, անկախ գյուղացիների ֆինանսատնտեսական հնարավորություններից, գյուղերում կստեղծվեն ապրելու և աշխատելու համար նորմալ պայմաններ, կժողովրդավարացվի տնտեսական կյանքը գյուղերում, կձևավորվի գյուղացիների միջին խավ, կստեղծվի սոցիալական արդարության հասարակարգ, կպաշտպանվեն գյուղացիների իրավունքներն ու շահերը, կկանխվի գյուղերից արտագաղթը, կխթանվի գյուղատնտեսական տարաբնույթ կոոպերատիվների, այդ թվում` գյուղատնտեսական մթերքների իրացման, մատակարարումների և սպասարկումների կոոպերատիվների ձևավորումն ու արդյունավետ գործունեությունը, կավելանա գյուղական բնակավայրերում զբաղվածության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառի մասնագետները կունենան կայուն աշխատանք, գյուղացիները ի վիճակի կլինեն ժամանակին վճարելու պետության հարկերը, կգործի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը, գյուղերի վերականգնման և զարգացման համար հնարավոր կլինի ստեղծել որոշակի համապատասխան միջոցներ:
Կոլեկտիվներին տնտեսական գործունեություն իրականացնելու համար առաջարկվում էր պետության աջակցությունը, մասնավորապես` 10 տարի ժամկետով վարկ (առաջին 3 տարին անտոկոս, մնացած տարիներին` 5 տոկոս դրույքաչափով), անվճար գյուղտեխնիկա (1 հատ տրակտոր իր գյուղ գործիքներով` 50–ից 100 անդամ ունեցող կոլեկտիվների համար), կես գնով` պարարտանյութ, սերմնացու, թունաքիմիկատներ և դիզվառելիք, առաջին տարին կոլեկտիվներին ազատել ոռոգման ջրի և հողի հարկերից, պետբյուջեով նախատեսել գյուղմթերքների պետական պարտադիր գնումներ աղքատ գյուղացիներով ձևավորված կոլեկտիվներից (շուկայականից բարձր գներով):
Ներկայացված նախագիծը, ինչպես և սպասվում էր, մերժվեց: Կոլեգիայի որոշ անդամներ կարծես թե մրցավազք էին մտել, թե ով ավելի շատ կքննադատի ներկայացված նախագիծը և նախարարի աչքին ավելի «պուպուշ» կերևա: Նրանց մի մասը առավել վրդոհված էր իմ զեկույցի նախաբանում գրված «... վերջին տարիներին Հայաստանում իրականացված և իրականացվող սխալ ագրարային քաղաքականության հետևանքով ֆեոդալիզմը ներխուժել է հայկական գյուղեր, որպես արդյունք` խորացել է գյուղական աղքատությունը, աճել է գյուղական արտագաղթը, բազմաթիվ գյուղացիներ խրված են օրեցօր աճող հարկերի, վարկերի, պարտքերի ու տոկոսների մեջ, գյուղատնտեսություն էլ հետզար գացում է ապրում ...» տողերից:
Որպես իրականացված սխալ ա գրարային քաղաքականության հետևանք, ես նրանց հիշեցրեցի սակավահող Հայաստանում մշակելի հողերի կեսից ավելին չմշակելը և հողերի դեգրադացիան:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանը խոսեց նախագծում նշված պետության աջակցության անհնարինության մասին: Սակայն նախարարին ես հուշեցի ճապոնական դրամաշնորհով ՀՀ ներկրված անվճար գյուղտեխնիկայի, պետության կողմից սերմնացուի, պարարտանյութի, թունաքիմիկատի և դիզվառելիքի գնման գների հնարավոր սուբսիդավորման, արտերկրից շատ ցածր տոկոսներով ՀՀ մտնող վարկերի, բանակի և այլ կարիքների համար աղքատ կոլեկտիվներից իրականացվելիք հնարավոր գնումների մասին: Բոլոր դեպքերում ես այն կարծիքին եմ, որ եթե լինի աջակցելու ցանկություն և պետական սրտացավություն, ապա միջոցներ միշտ էլ կգտվեն:
Երբ տարիներ առաջ միայն «Ֆերմերային շարժում» ՀԿ–ն էր խոսում գյուղերում կոոպերացիա իրականացնելու մասին, ապա այժմ` շատերն (այդ թվում նաև` գյուղնախարարությունը) են սկսել խոսել կոոպերացիայից: Իսկ որոշ գյուղացիներ էլ, հայտնվելով շփոթության ու մոլորության մեջ, անգամ ոգևորված խոսում են խորհրդային կոլտնտեսության (որպես կոոպերացիայի տեսակի) վերական գնման մասին:
Սակայն ես այն կարծիքին եմ, որ ՀՀ–ում նախընտրական շրջան է, և կոոպերացիայի մասին ինտենսիվ խոսակցությունները միայն քաղաքական նպատակներ են հետապնդում, և աղքատ գյուղացին դրանից ոչ մի օգուտ էլ չի ստանա, ինչպես չստացավ ֆիզիկական անձանցով ձևավորված, մեքենայացված ծառայություններ իրականացնող կոոպերատիվներից (հիշու՞մ եք` ասում էին, թե «Գյուղտեխնիկա» են վերական գնում):
Գյուղնախարարության ներկայիս գործունեությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե նախարարությունն աշխատում է միայն հարուստներին ավելի հարստացնելու համար: Որպես ասվածիս վառ օրինակ, հիշեցնեմ, որ ներկրված ցորենի սերմնացուն հատկացվեց 15 հա-ից ավելի հողատարածք ունեցողներին կամ` գյուղտեխնիկան կես գնով տրվեց 40 հա-ից ավելի հողատարածք ունեցողներին: Որպես արդյունք` հարուստը է’լ ավելի է հարստանում, իսկ աղքատն` է’լ ավելի աղքատանում:
Կոլեգիան, մերժելով ներկայացված փաստաթուղթը, որոշեց այնուամենայնիվ նախագծից առանձնացնել որոշ մտքեր` դրանք հետագայում մշակվելիք փաստաթղթերում օ գտագործել համար:
Որքան էլ գյուղատնտեսությունը երկրում հայտարարվի գերակա ուղղություն, գյուղում էլ իրականացվի «դեմքով դեպի գյուղը» օպերացիա (կան գնել գյուղացու կողքին կամ նրան «մի բուռ գարի» և «մի բուռ խոստում» տալ), միևնույն է` գյուղացին չի զգում գյուղնախարարության աջակցությունը և անգամ գոյությունը կամ` «… հալվա ասելով բերանդ չի քաղցրանա …»:
Այսօր աշխարհի ողջ մարդկությունը կան գնած է պարենային ճգնաժամի առջև: Պարենամթերքի համաշխարհային դեֆիցիտը իր հետ բերել է գյուղմթերքների միջազգային գների նոր թանկացումներ:
Այդ պատճառով, կարծում եմ, ՀՀ իշխանությունները լուրջ անելիքներ ունեն, մասնավորապես` «կարկատան» միջոցառումներ իրականացնելու փոխարեն, անհրաժեշտ է առաջնահերթ և անհապաղ իրականացնել լուրջ մշակված ու արդյունավետ ծրա գրեր, նպատակաուղղված` գյուղական աղքատության վերացմանը և բնակչությանը անհրաժեշտ պարենամթերքով ապահովմանը:
Ամփոփելով խոսքս, ասեմ, որ նախագծի մերժումից տուժեց ոչ թե «Ֆերմերային շարժում» ՀԿ –ն, այլ տուժեց աղքատ գյուղացին, իսկ նախագիծը կոլեգիայի քննարկմանը դնելով, գյուղնախարարը ցանկացավ միայն ցույց տալ, որ հարգվում է կոլեգիայի ընդիմախոս անդամի, գյուղացիական ՀԿ–ի նախագահի առաջարկը:
Ստացվում է` մենք փորձում ենք օգնել գյուղնախարարությանը, մշակում ենք նախագիծ, պատրաստակամություն ենք հայտնում աջակցել, սակայն նախարարությունից պատշաչ արձագանք չենք ստանում:
Ակամայից մտածում ես, որ նախագծի մերժման հիմնական պատճառը կարող է լինել որոշ աղքատ գյուղերում ծրա գրերի փորձնական իրականացման դրական արդյունքը: Դրական արդյունքի դեպքում ակնկալվում են ծրա գրի ներդրման նոր առաջարկները այլ գյուղերից, որն էլ հենց, հավանաբար, մտահո գում է գյուղնախարարությանը:
Սարգիս Սեդրակյան
ՀՀ գյուղնախարարության կոլեգիայի անդամ
«Ֆերմերային շարժում» ՀԿ–ի նախագահ,
ՀՀ կառավարության Կայուն զարգացման ծրագրի
Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահի պաշտոնակատար
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել