
Մխիթարում են, որ ՀՀ-ի տնտեսությունը վատթարագույնը չէ
Համաշխարհայի բանկի և ՀՀ կառավարության համաձայնության են եկել, որ առաջիկա 2 տարիների ընթացքում Հայստանին է տրամադրվելու է ավելի քան 200 մլն դոլարի վարկ: Վարկի մի մասը տրամադրվելու է Միջազգային զարգացման ընկերակցության, մի մասը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից: Այսօր այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարեցին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին և ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հափիի խոսքերով` ի հեճուկս առկա մարտահրավերների, հաջողվել է հասնել որոշակի շոշափելի արդյունքների: Ըստ կառավարության հետ ձեռք բերված համաձայնության` այդ գումարով պետք է նպաստել Հայաստանի տնտեսական աճին, օժանդակել աճի նոր աղբյուրների ստեղծմանը, ներդրումներ անել գյուղատնտեսության բնագավառում, օժանդակել ճանապարհների կառուցմանը:
Նախարարի խոսքերով` շարունակվելու են ներդրումներ անել ոռոգման համակարգում, որը առաջնային խնդիրներից է և նպաստելու են, որպեսզի համայնքներում ջուրը լինի մատչելի: Այնուհետև նախատեսվում է ճանապարհների շինարություն` հատկապես գյուղական համայանքներում:
«Հիմքեր ենք դրել տնտեսական հետագա զարգացման, կադրային հավասարակշռված տնտեսական աճի ապահովման համար», - ասաց Գաբրիելյանը:
Մեջբերելով «Ֆորբս» ամսագրի ուսումնասիրությունը, համաձայն որի` Հայաստանն աշխարհում վատթարագույն տնտեսությունների շարքում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել, Գաբրիելյանը նշեց, որ դրանք հիմնված են վերջին 3 տարիների մի շարք ցուցանիշների, մասնավորապես` խորացված տնտեսական աճի, գնաճի վրա:
«Մեր կարծիքով դա լավագույնս չի գնահատում երկրի տնտեսական զարգացման ընթացքը, դա ակնթարթային գնահատական է»,-ասաց Գաբրիելյանը: Ըստ նրա` Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են վերջին տարիների ճգնաժամով:
«Սոցիալական ծախսերի տեսակետից էական խնդիրներ չենք ունեցել»,-հավելեց Վ. Գաբրիելյանը:
Հափին ներկայացրեց 2009թ.-ից մինչ օրս ՀԲ-ի օգնությամբ իրականացված ծրագրերը: Մասնավորապես, Երևանում մոտ 1.1 մլն բնակչության համար ջրամատակարարման օրական տևողությունը 2008թ. 17.4 ժամից դարձել է 21.5 ժամ: Այն հարցին, թե որքանո՞վ են այս և մյուս թվերը համապատասխանում իրականությանը` Հափին պատասխանեց, որ գուցե ոչ բոլոր տներում է այդ վիճակը, բայց «մենք վստահ ենք մեր ցուցանիշներում»:
«Ակնհայտ է , որ Հայաստանն այդքան վատը չէ, և բոլոր տնտեսությունների մեջ վատթարագույնը չէ: Իհարկե, տեղի է ունեցել սղաճ, իհարկե այս տարիների ընթացքում Հայաստանի ներկրումն եղել է ավելի, քան արտահանումը, իհարկե այս ճգնաժամային տարիներում Հայաստանում սղաճը եղել է 9.5%, բայց դա դեռ չի նշանակում, որ այդպես շարունակվելու է»,- հավելում է Հափին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել