
Մարիա Սահակյան. «Ես ու կինոն սիրում ենք իրար և ուզում ենք միասին լինել»
«Իմ երազանքն է Հայաստանում աշխատել` ոչ մի տեղ չգնալով: Լիքը հետաքրքիր պատմություններ կան, որ կարող ենք Հայստանում նկարել, բնությունն էլ լայն հնարավորություններ է տալիս, բայց, բայց…», - ասում է ռեժիսոր Մարիա Սահակյանը:
Ռուսաստանում հայտնի հայ ռեժիսորն արդեն մի քանի տարի է, ինչ տեղափոխվել է Հայաստան: Մինչև 12 տարեկան հենց այստեղ է ապրել, որից հետո ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա: Հենց այնտեղ էլ նա սկսել է իր կինոգործունեությունը:
«Արդեն 9 տարեկանից գիտեի, որ կինոյի ոլորտն եմ ուզում», - ասում է Մարիան:
Կինոյի ասպարեզում լինելը վերջնական որոշում էր: Սակայն ապագա ռեժիսորը սկզբում ցանկանում էր դերասանուհի դառնալ: Այնուհետև հասկացավ, որ դերասանուհիները հաճախ են լինում ուշադրության կենտրոնում, ու նրանց կյանքը դառնում է հանրությանը:
«Հետո ցանկացա լինել այն մեկը, ում չեն տեսնում, բայց ով այդ ամեն ինչը վերահսկում է», - հիշում է Մարիան:
«Քո երազը դառնում է իրականություն. դու կարող ես դա բռնել և ուրիշներին էլ ցույց տալ»
Կինոյի նրա առաջնեկը «Հրաժեշտ» կարճամետրաժ ֆիլմն է (2004 թ.), որը «Ոսկե ծիրանում» արժանացել է «Լավագույն դեբյուտային ֆիլմ» մրցանակին: Այնուհետև ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի դիպլոմին ու ՎԳԻԿ փառատոնին՝ «Կոդակ» ֆիրմայի մրցանակին:
Մեծ էր Մարիայի հիացմունքը հենց առաջին ֆիլմի ստեղծման ժամանակ, երբ տեսնում է, որ այն, ինչը մինչ այդ պատկերացրել ու նախատեսել էր, այժմ իրականություն է:
«Գեղեցիկ ու աննման զգացողություն էր: Քո երազը դառնում է իրականություն. դու կարող ես դա բռնել և ուրիշներին էլ ցույց տալ», - հիշում է Մարիան:
Նրա լիամետրաժ «Փարոս» ֆիլմը «ծնվում է» արդեն 2006 թ.-ին: Այստեղ գլխավոր դերակատարներն են Սոս Սարգսյանն ու Սոֆիկո Չիաուրելին: Երևանյան «Կին» միջազգային փառատոնում այն հաղթում է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Սոբչակն ինքն էր խնդրել իրեն վերցնել այդ ֆիլմում նկարահանվելու համար
«Շատ հեշտ հարմարվող եմ: Երբեք կոնֆլիկտի չեմ գնում, առավել ևս, եթե դերասանն ինձ պետք է», - ասում է ռեժիսորը:
Այս խոսքերի հետ Մարիան հիշում է, թե ինչպես էր սկզբում կինոհրապարակում իրեն պահում Քսենիա Սոբչակը: Նրանք միասին աշխատել են «Էնտրոպիա» (2012) ֆիլմում:
Ֆիլմի սցենարիստ Գրիգորի Մատյուխինն ինքն էր առաջարկել Մարիային որպես ռեժիսոր աշխատել ֆիլմում: Ֆիլմում նկարահանվում են Քսենիա Սոբչակը, Վալերիա Գայ-Գերմանիկան, Դիանա Դելը, Եվգենի Ցիգանովը և Դանիլա Պոլյակովը:
Մարիան հիշում է, որ Սոբչակն ինքն էր խնդրել իրեն վերցնել ֆիլմում նկարահանվելու համար, սակայն նկարահանման ժամանակ փորձում է իր օրենքները թելադրել:
«Ես ասացի` ստոպ, դու այստեղ ես, որովհետև դու ես այդպես ուզում, եթե դու դա չես ուզում, ցտեսություն», - պատմում է Մարիան, որից հետո ամեն ինչ շատ ավելի հարթ ընթացավ:
Աշխարհի վերջը ներկայացնող ֆիլմը, որտեղ հանդիսատեսն ինքն է որոշում, թե որքանով են հերոսները դեր տանում կամ ներկայանում իրենց իրական կերպարներով և որքանով է ֆիլմը գեղարվեստական կամ վավերագրական, բազմաթիվ սուր քննադատությունների առիթ է տվել: Սակայն դա հենց այն էր, ինչ պետք էր ռեժիսորին. լավ, թե վատ, բայց ֆիլմի մասին շատ խոսվեց:
«Կինոն այն ոլորտն է, որ լրիվ քեզ տանում է. դու պետք է ամբողջությամբ տրվես»
Երիտասարդ ռեժիսորը, ով չի պատկերացնում իրեն առանց կինոյի, ցանկանում է ամբողջությամբ նվիրվել սիրելի աշխատանքին: Միաժամանակ, նա ուզում է շատ ժամանակ հատկացնել իր հարազատ ընտանիքին: Սակայն ժամանակը միշտ խոչընդոտներ է ստեղծում:
«Կինոն այն ոլորտն է, որ լրիվ քեզ տանում է. դու պետք է ամբողջությամբ տրվես», - ասում է Մարիան:
Այնուամենայնիվ, նրան հաջողվել է համատեղել աշխատանքն ու ընտանիքը: Հիմա նա աշխատում է իր «Հեքիաթ» լիամետրաժ ֆիլմի վրա, որը նկարահանել է Հայաստանում: Մանկական ֆիլմ նկարահանելու մտահաղացումը ծնվել է նրա երեխաների շնորհիվ: Մարիան երեք աղջիկ ունի, որոնցից երկուսը նկարահանվել են այս ֆիլմում: Նա հիշում է, որ երեխաները իրենց շատ լավ էին զգում նկարհանման հրապարակում, և չնայած հոգնածությանը` ցանկանում էին աշխատել ամբողջ օրը: «Հեքիաթը» պատմում է մի տղայի մասին, ով սիրահարվում է պարուհու ու նրա շնորհիվ բացահայտում պարի յուրօրինակ աշխարհը:
«Մոսկվայում ռեժիսորների գոնե ¾-ը հույս ունի, որ հետ կբերի իր փողը»
Հայաստանում է «ծնվել» նաև Մարիայի «Ալավերդի» ֆիլմը: Սակայն կինոռեժիսորի համար դժվար է աշխատել Հայաստանում: Թեմաներ ու մտահաղացումներ շատ կան, բայց դրանց իրականացումը մշտապես խոչընդոտվում է ֆինանսի պատճառով: Ապրելով Հայաստանում` Մարիան ստիպված է տարվա մեջ մի քանի ամսով մեկնել Ռուսաստան: Այստեղ աշխատելով հերթական նախագծի վրա` նա կրկին վերադառնում է Հայաստան: Այս երկատվածությունը վնասում է թե գործին, թե ընտանեկան կյանքին:
Հայաստանում հնարավորությունները շատ սահմանափակ են. չկա ոչ կինոարտադրություն, ոչ կինոշուկա, ոչ մրցակցություն:
«Այստեղ երիտասարդների համար շատ ավելի դժվար է, քան Ռուսաստանում: Մեր տարաքծը փոքր է, ինչը խոչընդոտում է կինոինդուստրիայի զարգացմանը: Պարզապես շատ խելոք քաղաքականություն պետք է վարել, - ասում է երիտասարդ ռեժիսորը: - Մոսկվայում ռեժիսորների գոնե ¾-ը հույս ունի, որ հետ կբերի իր փողը: Հայաստանում մի կինոթատրոն կա, ինքը որտեղի՞ց պետք է հետ բերի իր փողը»:
Այժմ էլ մի քանի կինոնախագծեր ունի, որոնցից մեկը կապված է Ղարաբաղի հետ, մեկը` Երկրորդ համաշխարհային պատերազմի, և մեծ ցանկություն` նկարահանելու այդ ֆիլմերը:
«Տեսնենք, ես երբեք հույսս չեմ կորցնում: Հավատում եմ, որ այսինչ բանը կլինի: Պետք է փորձես, ամեն ինչ անես, որ հասնես նպատակիդ», - ասում է ռեժիսորը:
«Ես գիտեմ` ինձ ինչն է երջանիկ դարձնում, ու դա կինոն է»
Մարիայի խոսքերով` չնայած բոլոր դժվարություններին, ուրախ է, որ հնարավորություն է ստեղծվել վերադառնալ Հայաստան, քանի որ «այստեղ տանն ես», և երեխաներն էլ հնարավորություն ունեն իրենց մանկությունն այստեղ անցկացնել:
«Կարծում եմ` ավելի լավ է գոհ լինես քո ամենօրյա կյանքից և ուրախ լինես այն ամենի համար, ինչ ունես, քան մտածես, որ կդառնաս աշխարհահռչակ ռեժիսոր, բայց ամենօրյա կյանքդ քեզ տանջի», - ասում է Մարիան:
Նրա խոսքերով` ժամանակն իրեն սովորեցրել է սպասել. ոչինչ միանգամից չի լինում: Ու պետք է մտածել, որ ամեն ինչ լավ է կամ որ կարող էր ավելի վատ լինել:
«Ես գիտեմ` ինձ ինչն է երջանիկ դարձնում, ու դա կինոն է: Ինչքան քեզ կդնես մի բանի մեջ, այնքան էլ հետ կստանաս: Եթե մի բան չի ստացվում, պետք է մտածես, որ քեզ այնքան չես տվել, ինչքան պետք էր, - ասում է Մարիան: - Ես ու կինոն սիրում ենք իրար և ուզում ենք միասին լինել»:
Լուսանկարը տրամադրել է Մարիա Սահակյանը
Մեկնաբանել