
Երկրաշարժից փրկվածը. մի քանի կենսագիր եւ մեկ որբ. մաս 1
Սամվել Արմեն
1988 թ. հոկտեմբերի 12-ին մի տղա, որը հետագայում դառնալու էի ես, մեծապես օրհնվեց՝ ծնվելով Գյումրիում` Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում:
1988 թ. դեկտեմբերի 7-ին հնամենի հողը ուժգնորեն ցնցվեց 6.9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժից, որը փոշիացրեց դպրոցներ ու շինություններ եւ վերջ դրեց առնվազն 25 հազար տղամարդու եւ կնոջ կյանքի, որոնց մեծ մասը Ցեղասպանությունից փրկվածների երկրորդ սերնդի ներկայացուցիչներ էին, ինչպես նաեւ երեխաների կյանքերի, որոնք կարող էին ավելի պայծառ ապագա ունենալ, եթե նրանց դասերն ավարտվեին 5 րոպե ավելի շուտ:
25 հազար ուժեղ հայեր այլեւս չէին պարում, երգում, խոսում, շնչում կամ ապրում: Ես 56 օրական էի` 2 ամսականից էլ փոքր փխրուն երեխա, որը հավանաբար չէր կարողանում նույնիսկ չորեքթաթ քայլել. այնուամենայնիվ, ես ապրեցի:
Այդ պահից սկսած` մինչեւ 5 տարեկան, իմ կյանքը պարուրված է խորհրդավորությամբ, որը լուսավորվում է միայն այն մանրամասներով, որոնք ինձ պատմել է հինգ հոգի: Այն, ինչ նրանք ինձ պատմել են, իրար հաջորդող հրաշքներ են, որոնք ինձ ուղեկցել են դեպի կյանքի օրհնյալ ճամփորդություն: Գյումրու-Սպիտակի երկրաշարժից կենդանի մնալը իմ կյանքի հենց առաջին հրաշքն էր:
Ճիշտ ինչպես երկիրը ստեղծվել է երկնային համաստեղության օգնությամբ, իմ կյանքի հաջողակ ճամփորդությունը դեպի ընտանիք սկսվեց Ստելլայի հետ:
Ես այս անունը մի քանի անգամ լսել էի տարբեր պատմություններում. «Ստելլա Գրիգորյանն այս արեց», «Ստելլա Գրիգորյանն այն արեց»:
Երբ 14 տարեկան էի, ինձ ասացին, որ նա կարող է պատասխաններ տալ իմ անցյալի վերաբերյալ այն հարցերին, որոնց մասին որեւէ այլ մարդ չի կարող ինձ պատմել: Ուստի, ինձ հաջողվեց խոսել նրա հետ իմ անցյալի մեկ այլ կենսագրի` Ալիս Մովսեսյանի օգնությամբ, քանի որ նա կարողացել էր գտնել Ստելլային: Ըստ իմ գիտակցական կյանքի տարիների հաջորդականության` Ստելլան իմ իմացած առաջին մարդն է, ում պետք է շնորհակալություն հայտնել: Ես 14 տարեկան էի, նյարդային, իմ սենյակում քրտնած ձեռքերիս մեջ ամուր սեղմել էի լսափողը, եւ սրտիս բաբախյունն ուժգնանում էր, հենց հեռախոսը զնգում էր: «Սամվե՞լ»,- ոգեւորված ձայնի մեջ հանկարծ երջանիկ երիտասարդության հնչյուններ լսվեցին: Դա հանդարտեցրեց ինձ: Նրա հանգիստ ձայնը կարգի բերեց իմ նյարդերը, եւ մեր զրույցը սկսվեց իմ կյանքի այն մասով, որը, նրանից բացի, որեւէ այլ մարդու համար միանգամայն անհայտ է:
Նա ինձ ասաց, որ իմ իսկական ազգանունը Դարակաշվիլի է եղել, իմ կենսաբանական մայրը կիսով վրացի է, իմ հայրը մեխանիկ էր, նաեւ ասաց իմ որբանոցի անունը: Ստելլան աշխատել էր դիմացի փողոցում գտնվող Լենշինտրեստում` պետական շինարարական գրասենյակներում տեղակայված ՀՄԲԿ-ում (Հրեական միացյալ բաշխիչ կոմիտե), որը կառուցում էր ՀՄԲԿ-ի Երեխաների վերականգնողական կլինիկա եւ տեղական բուժաշխատողների համար մասնագիտացված թերապեւտների դասընթացներ անցկացնում: Նա երկրորդ հարկում գտնվող իր պատուհանից ինձ մի քանի անգամ տեսել է որբանոցի հետեւի բակում խաղալիս:
Լինելով մեկը, ով հետազոտում էր երեխաներին եւ լավ գիտեր նրանց, այդ թվում նաեւ հատուկ կարիքներ ունեցողներին, այցելում էր որբանոց դիմացի փողոցից: Նա արդեն իմացել էր, որ կոնկրետ այս որբանոցը մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար է, բայց չէր կարողանում հասկանալ, թե ինչու էի ես այնտեղ: Նա շուտով պարզեց, որ իմ աչքերի շլությունը եւ դրա առաջացրած տեսքն էր այն թերությունը, որը հանգեցրել էր նման սխալի: Քանի որ ես չափազանց փոքր էի` իմ խելամիտ լինելը դրսեւորելու համար, իսկ բժշկական բաժանմունքներն արդեն շատ հնացած էին, ես հանգրվանել էի կոնկրետ մտավոր արատներ ունեցող երեխաների համար նախատեսված այս որբանոցում:
Ստելլան այդ ժամանակ ամենից շատ ուզում էր որդեգրել ինձ, բայց նա արդեն հղի էր եւ վախենում էր, որ այդքան արագ ի վիճակի չի լինի պահել երկու երեխայի: Բարեբախտաբար, նա շուտով լուր պիտի ստանար Ալիս Մովսեսյանից, որ ես լավ ձեռքերում եմ:
Միեւնույն ժամանակ Ստելլա Գրիգորյանը, ամերիկահայ բարեգործ, բազմաթիվ հեռահար ծրագրերում ներգրավված Արթուր Հալվաջյանը եւ Արթուրի ենթակայության տակ աշխատող Ալիս Մովսեսյանն ինձ Ամերիկա բերեցին` աչքերս շտկելու պատրվակով: Եթե Արթուրը հավանություն չտար, որ ես Ամերիկա գնայի` աչքերս բուժելու, ինձ վիզա չէին տա, եւ այդպիսով ես կմնայի որբանոցում: Բայց մինչ որեւէ վիրահատություն նրանք, հատկապես Ալիս Մովսեսյանը հստակ որոշել էին ինձ համար մշտական ծնողներ գտնել: Նրանք նաեւ հստակ որոշել էին ինձ ներկայացնել Ամերիկան. ինձ զարմացնել Մանհեթթենի` անընդհատ դեպի երկինք ձգտող երկնաքերերի տեսարանով, վեր սլացող վերելակի առաջացրած զգացումով, ջազի հոգեթով հնչյուններով եւ այն համով, որը զգում ես, երբ կծում ես Նյու Յորք սիթիի համբուրգերը: Նյու Ջերսիում էր, որ 3 տարեկանում ես պիտի գտնեի իմ առաջին իսկական տունը:
Տիկին Մարիամ (Միսիս Մերի-Էն) եւ պարոն Կրիկոր (Միսթր Գրեգորի) Սարայդարյանները հոգ էին տանում ինձ: Բայց ինչպես նրանք են ասում, մեջբերելով իմ` 4 տարեկանում ասած խոսքերով. «Ես ձեզ ապրելու պատճառ եմ տալիս»: Նրանք առաջին ծնողներն էին, ում ես իսկապես սիրում էի եւ հիմա էլ սիրում եմ: Նրանք ինձ պարգեւեցին իմ առաջին ընկերոջը, իմ առաջին ընտանիքը, իմ առաջին ծննդյան տարեդարձը 4 տարեկանում, իսկ ես տիկին Մարիամին գրեթե «պարգեւեցի» իր առաջին սրտի կաթվածը, երբ նա ինձ կորցրեց խաղալիքների խանութում: Նույնիսկ իմ որդեգրվելուց հետո նրանք այցելում էին ինձ, կամ ես էի այցելում նրանց, եւ մենք ժամերով խոսում էինք որեւէ բանի մասին: Այդ նրանք էին, որ ինձ ասացին Ստելլա Գրիգորյանի, ինչպես նաեւ այն մասին, որ Ալիս Մովսեսյանը կարողացել է գտնել նրա հետքը: Նրանք նաեւ կապ ունեին առաջին մարդու հետ, ով գուշակություն արեց իմ վերաբերյալ: Պարոն Կրիկորի հայրը, ում ես ասում էի պապիկ Ջորջ, հետեւեց ինձ մեկ ժամ շարունակ, երբ տանը ուրիշ ոչ ոք չկար: Երբ նրա որդի Կրիկորը վերադարձավ, նա ասաց որդուն. «Այս տղան կամ ինչ-որ նշանավոր մեկն է դառնալու, կամ էլ ի վերջո հայտնվելու է դաշնային բանտում. հետեւիր նրան»:
(տես 1-ն լուսանկարը` Սամվելը ժպտում է իր հերոսի` Սեսըմ փողոցի Մեծ թռչնի կողքին)
Երբ ես չորս տարեկան դարձա, տիկին Մարիամը եւ պարոն Կրիկորը անակնկալ մատուցեցին ինձ` կազմակերպելով իմ առաջին ծննդյան տարեդարձը: Պարոն Կրիկորը եղբորն ասաց, որ հագնի Սեսըմ փողոցի Մեծ թռչնի կոստյումը: Երբ դռան զանգը տվեցին, եւ Մարիամն ու Կրիկորը խնդրեցին ինձ բացել դուռը, նրանք տան բոլոր անկյուններից էլ կարող էին լսել փոքր տղայի վայրի հրճվանքը, ով դեմ առ դեմ հանդիպել էր իր հերոսին: Այս խնջույքի ինչ-որ պահի Մեծ թռչունն ինձ բարձրացրեց իր թեւերին, եւ իր աշխատանքով ճակատագիր կերտող մի լուսանկարիչ նկարեց ինձ: Լուսանկարը, որում մի փոքրիկ տղա է` աչքին վիրակապ, մի ականջից մյուսը ժպտացող, ի վերջո պիտի հայտնվեր Armenian Reporter-ում:
Մեկ շաբաթ անց եւ 25 մղոն հեռու` Նյու Յորքի Լոնգ Այլենդ կղզում, աշխարհում եւ ժամանակի մեջ մի օրհնյալ պահի սկսվեց իմ երրորդ հրաշքը: Դոկտոր Գարո Արմեն անունով մի մարդ ընտանիքի ընկերոջ հեռախոսազանգից տեղեկացավ, որ Armenian Reporter-ում տպագրվել է որդեգրման ենթակա մի տղայի լուսանկար, որը մի տեսակ նման է իր հարազատ որդուն` Զաքարիին: Կնոջ` Վալերիի հետ խոսելուց հետո նրանք երկուսն էլ ցանկացան գոնե տեսնել այս տղային:
Երբ Գարոն եւ Վալերին ճանապարհ ընկան դեպի Նյու Ջերսի` Սարայդարյանների տուն, ես 4.5 տարեկան էի, եւ Սարայդարյանների դուստրերը` Ալիս Սարայդարյանը եւ Քերըն Արսլանյանը միակը չէին, որ հոգ էին տանում ինձ: Ես մի տեսակ դեպի ինձ էի գրավում Նյու Ջերսիի հայկական համայնքին: Համայնքի ընտանիքները խնդրում էին Սարայդարյաններին, որ վերցնեն ինձ, խնամեն ինձ, կերակրեն ինձ, որ ես քնեմ իրենց տանը, հանդիպեմ իրենց հարազատ երեխաներին: Մինչ օրս էլ ես բավական տարօրինակ եմ համարում, որ ճանաչում եմ մի ընտանիքի, որտեղ ապրում էին գեղեցիկ հայ աղջիկներ, որոնց ծնողները կարող էին որդեգրած լինել ինձ` նրանց բոլորին դարձնելով իմ քույրերը:
Անկախ նրանից, թե ով էր ուզում որդեգրել ինձ` պարոն Կրիկորը եւ հատկապես տիկին Մարիամը շատ խիստ էին: Ծնողները պետք է բավականաչափ լավը լինեին այս փոքր տղայի համար, որին իրենք արդեն սիրում էին: Եվ այդ ընտանիքը կընտրվեր` հայկական հյուրընկալության գրեթե միստիկորեն ճշգրիտ կանոններին հետեւելու եւ վերմակը ճիշտ տեղում դնելու միջոցով:
Երբ Արմեններն առաջին անգամ զանգահարեցին, մերժում ստացան, քանի որ մեկ այլ ընտանիք խնամում էր ինձ:
Հենց այս ընտանիքն էր, որ եկավ, կարգին ընտանիքի տպավորություն թողեց եւ ինձ որդեգրելու ցանկություն հայտնեց: Կրիկորը եւ Մարիամը թույլ տվեցին ընտանիքին (ինչպես եւ իրենց իմացած շատ ուրիշ ընտանիքների) մեկ շաբաթ խնամել ինձ: Երբ նրանք ծանոթացան, տիկին Մարիամը ոտքի ելավ, որ ուտելիք հյուրասիրի, եւ ծածուկ կիտեց հոնքերը, երբ իմ պոտենցիալ մայրը տեղից չշարժվեց եւ նույնիսկ չառաջարկեց օգնել: Այնուամենայնիվ, նրանք թույլ տվեցին նրանց խնամել ինձ մեկ շաբաթ: Նախքան մեր հեռանալը տիկին Մարիամը մի կողմ տարավ իմ պոտենցիալ մորը, նրան տվեց իմ սիրած վերմակը եւ շշնջաց, որ նա պետք է վերմակը դնի իմ քնած անկողնու վրա կամ մոտ, քանի որ դա կմխիթարի ինձ:
Երբ տիկին Մարիամն այցելեց ինձ իմ պոտենցիալ նոր տանը, կատաղեց տեսածից. վերմակը, իմ սիրած վերմակը մի կողմ էր ընկած` փոշի հավաքելով ինչ-որ մի սենյակում, որը հեռու էր իմ քնած տեղից: Իմ պոտենցիալ մորը հարցաքննելուց հետո տիկին Մարիամի բերանը բաց մնաց, երբ նա հայտարարեց, որ «ամեն ինչ լավ է, մենք նրան ավելի մաքուր վերմակ ենք տալիս»: Կարիք չկա ասելու, որ այս ընտանիքը կորցրել էր տիկին Մարիամի փոքրիկ տղային որդեգրելու շանսը:
Բայց հենց այդ ընտանիքի հետ իմ մնալու ընթացքում էր, որ Արմենները զանգահարել եւ մերժում էին ստացել: Երբ տիկին Մարիամը հեռացրեց այդ ընտանիքին ինձանից, Արմենները նորից հեռախոսազանգ ստացան:
Այդ ժամանակ իմ հայրը Իռլանդիայում էր` Դուբլինում: Երբ նա հաղորդագրություն ստացավ երկրագնդի մյուս ծայրից, սկսեց հաշվել, եւ նրանից շատ ժամանակ չպահանջվեց` որոշելու համար, որ արժե 3.187 մղոն թռչել եւ կես ժամ մեքենա քշել` ինձ տեսնելու համար:
Երբ տիկին Մարիամը ոտքի կանգնեց, որ ուտելիք հյուրասիրի, իմ մայրիկը նետվեց օգնելու: Երբ տիկին Մարիամը նրանց ասաց վերմակի մասին, նրանք գլխով արեցին` անկեղծորեն հավանություն տալով: Երբ տիկին Մարիամն այցելեց ինձ, տեսավ ինձ վերմակի մեջ հարմարավետ փաթաթված եւ խորը քնած:
Այդ ժամանակ որոշվեց, որ այս մարդիկ կլինեն իմ նոր ծնողները:
Այդ լուրը ինձ հայտնեցին Նյու Ջերսիում, եւ ես վայրկենապես սկսեցի լաց լինել: Ես հարցրի տիկին Մարիամին եւ պարոն Կրիկորին. «Ինչու՞ դուք այլեւս չեք կարող հոգ տանել ինձ»` մտածելով, որ հավանաբար ինչ-որ ահավոր սխալ բան էի արել: Նրանք արձագանքեցին. «Մենք շատ ծեր ենք»: Ես տխրությամբ շուռ եկա դեպի Գարո եւ Վալերի Արմենները եւ հարցրի նրանց. «Դուք շա՞տ ծեր եք»: Ճակատագիր էր այն, որ նրանք ծեր չէին:
Լուսանկար 2-րդ. Սամվելը (աջից) և Զաքարին (ձախից) խաղում են ընտանեկան հավաքի ժամանակ
Ճիշտ ինչպես տիկին Մարիամը եւ պարոն Կրիկորը առաջին ընտանիքն էին, որը ստիպեց ինձ սիրված զգալ, նրանք նաեւ առաջին ընտանիքն էին, որը կոտրեց իմ սիրտը: Ես համոզված էի, ինչ-որ պատճառով կամ ինտուիցիայից ելնելով, որ այլեւս երբեք չեմ տեսնի նրանց, եւ հեկեկում էի` Արմենների ավտոմեքենայի հետեւում նստած: Բարեբախտաբար, ամեն ինչ այդպես չեղավ: Մինչեւ 5 տարեկան դառնալը ես որդեգրվեցի ընտանիքի կողմից եւ կամաց-կամաց շատ մտերիմ էի դառնում Զաքարիին` անգլերեն ու հայերեն խոսող իմ եղբորը: Մեծանալով` մենք խաղում էինք, կռվում եւ ամենից շատ սովորում իրարից ու մինչեւ այսօր էլ սովորում ենք իրարից:
Այսօր ես սիրում եմ նրանց` որպես ընտանիքի, քանի որ ընտանիքը սիրում է, հոգ տանում եւ սովորեցնում:
Այս օրն է այն պատճառը, թե ինչու եմ գրում սա: Իմ կյանքը եւ դրա գաղտնիքներից շատերը կարելի է բացահայտել միայն Գյումրիում: Հինգ շաբաթից էլ քիչ ժամանակ անց ես գնալու եմ Գյումրի` բարձրացնելու շղարշը իմ անցյալի վրայից, որքան որ հնարավոր է: Ես մինչեւ հիմա էլ չափազանց շատ հարցեր ունեմ: Որտե՞ղ եմ ես ապրել: Իմ ծնողները կենդանի՞ են, նրանք զոհվե՞լ են երկրաշարժի ժամանակ, թե՞ արդեն մահացել են վերջին երկու տասնամյակում` ինձ վերջին անգամ տեսնելուց հետո: Ինչու՞ էին իմ աչքերը շիլ: Ինչու՞ ես որոշակի վախեր ունեմ: Ինչու՞ ես ունեմ այն տեսքը, որը ունեմ: Ինչու՞ 3 փոքր սպի ունեմ այն ժամանակից ի վեր, ինչ հիշում եմ ինձ: Ինչու՞ եմ ես գրում: Ինչու՞ եմ ես այդքան հաճախ վերլուծում մարդկանց: Ո՞վ է ինձ տվել իմ աչքերը, իմ քիթը, իմ ձայնը, իմ կզակը, իմ դեմքը: Ինչի՞ էի նման, երբ երեխա էի: Արդյոք չափից շա՞տ էի լաց լինում եւ խոսում, ինչպես չափից շատ եմ խոսում այսօր: Ինչու՞ է իմ լսողությունն այսքան սուր, իսկ իմ տեսողությունը` այսքան աղոտ:
Ես այս ամենը գրում եմ Երեւանում, եւ ձեռքերս դողում են այն մտքից, որ մի վայրում եմ, որտեղ չեմ եղել 21 տարի: Երբ վերադառնամ, կգրեմ ինձ հետ կատարվածը, մանրամասն կպատմեմ յուրաքանչյուր եւ բոլոր պատասխանները, որոնք գտել եմ, եւ կփորձեմ առավելագույնս լավ ներկայացնել, թե որքան բարդ է, երբ մարդ իսկապես զգում է, որ որդեգրված է:
Սամվել Արմենը 21 տարեկանում, 2010թ.
Անգլերենից թարգմանությունը` Սոնա Ավագյանի
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել