
«Մուննաթ» դեմքերի եւ ոստիկանության բարեփոխումների մասին
Երբ երկրի ղեկավարները խոսում են բարեփոխումների մասին, ես, ինչպես նաեւ մյուս սովորական քաղաքացիները, ուզում ենք տեսնել դրանք, ուզում ենք շոշափել, զգալ սեփական մաշկի վրա: Ոստիկանությունում բարեփոխումները վաղուց են սկսվել, բայց ի՞նչ է փոխվել արդյունքում: Ես` որպես քաղաքացի, ինչպե՞ս պետք է զգամ այդ փոփոխությունը: Հուլիսի 6-ին ականատես եղա այդպիսի մի «բարեփոխված» կառույցի աշխատանքին: Խոսքը ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության N1 հաշվառման քննական բաժանմունքի մասին է, ինչպես ժողովուրդն է ասում` Քանաքեռի ՄՌՈ-ի, որտեղ ոստիկանության աշխատակիցները գրանցում են մեքենաները, տալիս պետհամարանիշ, վարորդական իրավունք, մեքենայի տեխնիկական անձնագիր:
Բոլոր դռների մոտ հերթ է գոյանում առավոտյան դռները բացվելուց մի քանի րոպե անց: Մարդիկ այս շենքում պետք է անցնեն զանազան սենյակներով, մոտենան զանազան պատուհանների: Այստեղ որեւէ մեկից չես կարող տեղեկություն ստանալ: Պատուհաններից այն կողմ նստածները դեմքի այնպիսի արտահայտությամբ են նայում քեզ, որ մտածում ես` ապուպապերիցդ սկսած` պարտք ես նրանց: «Մուննաթ դեմքներիդ նայե՞մ, թե՞ վճարած չեկերիս»,- իր հարցի պատասխանը չստանալուց հետո ասում է կանգնածներից մեկը:
«Արա, էսքան փող վճարես բյուջե, էլի գաս սրանց ռաստ գաս»,- դժգոհում է մեկ ուրիշը: Հերթ ասածը հարաբերական է, որովհետեւ ով ծանոթ ունի կամ փող է վճարել, մտնում է` առանց հարցնելու: Հետո հասկանում ես, որ այս հերթերն արհեստականորեն են ստեղծում, որպեսզի մարդիկ ելք գտնեն ու ստիպված կաշառք տան: Գործ անողները ՄՌՈ-ում այդ երեքն էին, համենայն դեպս երեքին հաստատ կարողացա առանձնացնել, նրանք ցանկացած սենյակ ցանկացած պահի մտնում են:
Նրանցից մեկին, ի վերջո, հարցրեցի` ի՞նչ ես աշխատում էստեղ, ասաց` բանվոր եմ: Եւ ահա նրա նման եւս երկու «բանվոր» գործ էին անում: Իսկ ընդմիջմանն արդեն պատուհանից էլ էին փող վերցնում: «Ինչքա՞ն է սրանց գինը»,- հարցնում եմ դրսում գազոնը շրջափակող երկաթե խողովակին նստած մարդուն: «15 հազար տալիս ես, իրանք ամեն ինչ անում են, բերում տալիս են քեզ»,-հանգիստ տոնով ասաց տղամարդը: Նա վճարել էր եւ սպասում էր թղթերին:
Ընդմիջման ժամը մոտենում էր, առավոտվա 9-ից այնտեղ եմ: Ես մոտենում եմ պատուհաներից մեկին. «Ասեք` ինչքան պետք է սպասել, աշխատանքի եմ, եթե ուշ է լինելու, գնամ, հետո գամ»: Ընդմիջումն այստեղ 13-ից 15-ն է: Տղամարդը դանդաղ բարձրացրեց աչքերը ու նետեց. «Ի՞նչ իմանամ, երբ թղթերը գա»: Հետո հայտնվեց զինվորական համազգեստով մի ծերունի եւ ասաց` ընդմիջում է, դուրս եկեք շենքից: Նրան էլ հարցրի, թե երբ կլինի: Նա էլ թե` դուրս եկ, պատուհանից կասենք: Դուրս եկա: Հետո տեսա, որ ներսում եռուզեռ է, երեք «բանվորն» արդեն պատուհանից էին թղթեր վերցնում: Դրսում արդեն քննարկումներ էին գնում, թե ում փող տան այստեղից արագ պրծնելու համար: Առքուվաճառք անող զույգը որոշեց տասնհինգ հազարը կիսովի տալ: Պայմանավորվեցին եւ բաժանեցին իրար մեջ:
Ես, որ աղմուկ էի բարձրացրել, հայտնվել էի ուշադրության կենտրոնում, մարդիկ մոտենում, ինչ-որ բաներ էին ասում`« դե էս երկիր չի, էլի, չի դզվի», ես ասում էի` երկիրը կապ չունի, մեզնից է: « Հա, մենք ի՞նչ անենք, որ մեզնից է»,- պատասխանում է մեկը: Ես հայտնվել էի նաեւ աշխատողների ուշադրության կենտրոնում: Նրանք բերեցին իմ թղթերը եւ ասացին, որ պետի տեղակալը ուզում է տեսնել ինձ: Հարցրեցի` ինչու, ասացին` չգիտենք:
Բարձրացա երկրորդ հարկ, պետի տեղակալի ընդունարանի դուռը բաց էր, մի քանի հոգի նստած էին: Ասաց` ինչ է եղել, ասացի` ուզում էի իմանալ, թե ինչու է Ձեզ մոտ այսպիսի բարդակ: Նա, ձայնը խստացնելով, ասաց` ի՞նչ բարդակ, ի՞նչ է եղել: Ասում եմ` երեք հոգի գործ են անում հենց հիմա` ընդմիջման ժամին, պատուհանից, իջեք նայեք, ասաց` այդպիսի բան հնարավոր չի, ասացի` հենց հիմա իջեք, այդ մարդիկ`«բանվորները», ներքեւը «գործ» են անում փողով: Ասաց`էդ ովքե՞ր են, ու նայեց կողքի նստածներին: Ասացի` գնացեք, կտեսնեք եւ դուրս եկա: Շենքից հեռացա տհաճ զգացողություններով, որովհետեւ մի անգամ էլ պետք է գնամ մեքենայիս տեխանձնագիրը վերցնելու:
Այսօր պարզվեց` վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում խոսել է այս խնդիրների մասին: Բայց խոսելուց առաջ պետք է քայլեր արվեն, ասենք` այն հաստափոր մատյանները, որ դրված են պատուհաններից այն կողմ նստածների առաջ, պետք է խստիվ արգելվի օգտագործել: Պետք է հստակ որոշվի` յուրաքանչյուր գործ պետք է արվի 30 րոպեի ընթացքում: Տեսախցիկներ պետք է դնել աշխատողների սենյակներում, եւ ամենագլխավորը` մի պատուհանից պետք է արվի ամբողջ գործընթացը, քաղաքացին մի հոգու պետք է տեսնի, ոչ թե պետի տեղակալից սկսած` մինչեւ հավաքարարը, որը դրսում պտուտակահան է վաճառում նոր պետհամարանիշ ստացածներին: Եվ դու ստիպված ես գնել այդ պտուտակահանը, որպեսզի մինչեւ տուն կամ աշխատավայր հասնելդ ՃՈ տեսուչը չկանգնեցնի ու տուգանի:
Եւ մի խորհուդ կառավարության անդամներին. մի անգամ առանց թիկնապահների, միայնակ այցելեք Քանաքեռի ՄՌՈ, տեսեք այդ հերթերը եւ լսեք, թե մարդիկ ինչ են մտածում այս ամենի մասին:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել