HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Դիանա Կարդումյան. «Ես պետք է ֆիլմ նկարահանեմ, ու ոչ ոք ինձ հակառակում չի կարող համոզել»

«Դիալոգների» դեպքում սա հրաժեշտի Երևան է հերոսներից մեկի համար, և այդ Երևանը պետք է անկրկնելի լինի: Երբ ժամանակն անցնում է, մեր հիշողությունները զտվում են, և մնում են լավագույն պահերը: Չգիտեմ` ինչպես է ստացվում, բայց վատը հիմնականում գնում է, ու մնում է այդ խտացված գեղեցկությունը»,- իր ֆիլմի մասին ասում է ռեժիսոր Դիանա Կարդումյանը:

Մայիսի 29-ին կայացավ երիտասարդ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» ֆիլմի պրեմիերան: Հենց դիալոգների միջոցով էր ռեժիսորը փորձել ներկայացնել տղամարդու և կնոջ հարաբերությունների թաքնված շերտերն ու հաճախ չասված խոսքերը: Դիալոգներին զուգահեռ անխոս երևում էր հերոսների` տարիներ շարունակ զսպված զգացմունքները, որոնք այդպես էլ խոսքերի չեն վերածվում:

Ֆիլմի 30 րոպեների ընթացքում հանդիսատեսը հերոսների հետ «զբոսնում է» գիշերային Երևանի փոքր կենտրոնով: Մի կողմից` դիալոգների միջոցով փորձում ես հասկանալ հերոսների հարաբերություններն ու խնդիրները, մյուս կողմից` չես կարող չզմայլվել անկրկնելի Երևանով: Սա այն ֆիլմերից է, որտեղ ակամայից առաձնացնում և ուշադրություն ես դարձնում մասնավորապես օպերատրական աշխատանքին. այն ամբողջ ֆիլմի նման շատ նուրբ, գեղեցիկ ու դետալային է արված: Ֆիլմի օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանին ռեժիսորը համարում է նաև համահեղինակ: Տպավորիչ են ֆիլմի թե կադրերը, թե հենց դիալոգները, որոնք շատ գեղեցիկ «խոսում են» իրար հետ:

Բայց հերոսների համար դա վերջին երևանյան երեկոն է, բաժանման, կրկին բազմաթիվ չասված խոսքերի, սակայն այդ բոլոր պահերը հավերժ հիշողության մեջ պահելու երեկոն է:

«Սխալ կարծիք կա, որ իսկական կինոյում երբեք չեն խոսում»

«Այն իրականության մասին, որը ես իմ բոլոր կարճամետրաժներում ներկայացրել եմ, ասում են, որ դա ուրիշ Երևան է: Բայց այդ Երևանն իրականում գոյություն ունի, ուղղակի ամեն մարդ չի ուզում տեսնել: Մյուս կողմից` ինչքան մարդ կա, այնքան էլ իրականություն կա»,- ասում է Դ. Կարդումյանը:

Այս ֆիլմի ստեղծման ժամանակ Դիանան խնդիր ուներ հասկանալ, թե ինչպես է կառուցվում դիալոգը, ինչպես կարելի է դրա միջոցով տեղ հասցնել ասելիքը, որը պետք է լինի մի կողմից պարզ, մյուս կողմից` իմաստալից:

«Մի սխալ կարծիք կա, որ իսկական կինոյում երբեք չեն խոսում: Բայց ես չեմ հավատում դրան: Իհարկե, եթե ասելիքդ կարող ես վիզուալ շարքով տեղ հասցնել, խոսքը պետք է նվազագույնի հասցնել: Բայց պահեր կան, երբ շատ ճիշտ հնչում են դիալոգները: Ամեն ինչ կախված է նյութից` ինչպես և ինչի համար»,- ասում է ռեժիսորը:

Իսկ թեմայի ընտրության դեպքում ռեժիսորի համար կարևոր է, թե իրեն այդ ընթացքում ինչ խնդիրներ են հուզում, և ինչ փորձառություն է նա ձեռք բերել: Օրինակ, եթե տարիներ առաջ Դիանան չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր սոցիալական թեմայով ֆիլմ կստեղծի, այսօր արդեն նմանօրինակ ֆիլմի սցենար ունի:

«Հիմա ինձ հետաքրքիր են այն սոցիալական շերտերը, որոնք թաքնված են, բայց գոյություն ունեն. ամեն պատուհանի հետևը մի պատմություն կա: Բայց առաջին հերթին թեման պետք է ինձ հետաքրքիր լինի, որպեսզի ես էլ կարողանամ այն ուրիշի համար հետաքրքիր դարձնել»,- ասում է Դիանան:

«Մի երկրում եմ ապրում, որտեղ երազները և իրականությունը շատ տարբեր են»

Այն հարցին, թե ինչպիսին է այն ֆիլմը, որը նա կցանկանար նկարահանել, եթե հաշվի չառներ բոլոր հնարավոր խոչընդոտները, Դիանան պատասխանում է.

«Այդ առումով ես շատ երազկոտ չեմ: Օբյեկտիվ եմ, որովհետև մի երկրում եմ ապրում, որտեղ երազները և իրականությունը շատ տարբեր են: Այդ պատճառով ես ինքս ինձ դաստիարակել եմ` մտածել միայն այն բոլոր ֆիլմերի մասին, որոնք հնարավոր է նկարահանել: Որոնք հնարավոր չէ, առայժմ պետք է դրա մասին լռել: Ես իզուր տեղն ինձ հույսեր չեմ տալիս, որովհետև ես տեսնում եմ` ինչ տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ կան»:

Մյուս կողմից` Դիանան գտնում է, որ դեռ այնքան ֆիլմեր չի նկարահանել, որ մտածի չնկարահանածների մասին: Իսկ այն կարճամետրաժ ֆիլմերը, որ մինչ օրս նկարահանել է, «փորձեր են մեծ ներկայացումից առաջ»: Այժմ Դիանան ունի պատրաստ սցենար և համապատասխան ֆինանսավորում գտնելու դեպքում «պատրաստ է նկարահանել նաև լիամետրաժ ֆիլմ»:

«Բայց կա այն խնդիրը, որ դու չես կարող ֆիլմ արտադրել: Ֆինանսական խնդիրներն անընդհատ մարդկանց հետ են գցում: Հայաստանում չկան այլընտրանքային ֆինանսավորման միջոցներ»,- ասում է երիտասարդ ռեժիսորը:

Դիանայի խոսքերով` Հայաստանում դժվար է գտնել հովանավորներ, քանի որ վերջիններիս սովորաբար հետաքրքրում են մեդիա դեմքերը: Մյուս կողմից` շատերը ֆիլմ նկարահանում են պարզապես հայտնի դառնալու նպատակով:

«Մարդիկ չեն հասկանում, որ ոչ թե մարդու, այլ ստեղծագործության մեջ պետք է ներդրում անել: Այդ դեպքում ստեղծագործությունը կարող է քո փոխարեն խոսել»,- կարծում է ռեժսիորը:

«Արագ դառնում ես ինչ-որ դեմք, բայց տակը բան չկա»

Մի խնդիր է ֆիլմ ստեղծելը, լրիվ մեկ այլ խնդիր է` այն հասցնել լսարանին: Ֆիլմը ստեղծվեց, պրեմիերան արվեց, բայց հետո այն ավելի զանգավածային լսարանին չի հասնում կամ հասնում է մեծ դժվարությամբ:

«Ֆիլմն արվում է հանդիսատեսի համար, այն միայն ինձ համար չէ: Մենակ ինձ համար ես այդքան փող չէի ծախսի»,- ասում է ռեժիսորը:

Իսկ ֆիլմը փառատոների ուղարկելու վերաբերյալ խոսակցություններին ռեժիսորը հաճախ անլուրջ է վերաբերում: Միամիտ է մտածել, որ լավ ֆիլմ ստեղծելուց և այն որևէ հայտնի փառատոնի ներկայացնելուց հետո հաջողությունը կթակի դուռդ: Լուրջ փառատոներում հաջողության հասնելը խոսում է լուրջ կապերի և գրագետ արված PR-ի մասին: Դիանայի խոսքերով` հայտնի փառատոները հազարավոր ֆիլմեր են ստանում, որտեղ նայում են ոչ թե բոլոր ֆիլմերը, այլ որոնց մասին իրենց զգուշացրել են, լսել են կամ ստեղծողներին ճանաչում են:

«Մենք սովոր ենք ամեն ինչի մասին արագ տեղեկացնել, բոլորը մեր մասին գրեն, արագ դառնում ես ինչ-որ դեմք, բայց տակը բան չկա,- ասում է Դիանա Կարդումյանը:- Ինձ համար ծիծաղելի է, երբ հարցնում են` ֆիլմդ ուղարկե՞լ ես այսինչ փառատոնին: Հա, հետո ի՞նչ, որ ուղարկել եմ, եթե չունես հնարավորություն ֆիլմդ PR անելու: Կամ ասում են` մեր ֆիլմն ուղարկեցինք Կաննի փառատոն: Բոլորն ազատ են ուղարկել իրենց ֆիլմը, բայց դրա մասին ասում են, երբ ֆիլմն ընտրվում է փառատոնում»:

«Արվեստի ընկալման հարցում շատ ենք փոքրացել»

Երիտասարդ ռեժիսորի կարծիքով` հայ ռեժիսորները խնդիր ունեն համախմբվելու, որպեսզի կարողանան համատեղ ուժերով իրենց արտադրածը ներկյացնել նաև դրսում: Ի վերջո, եթե որևէ հայկական ֆիլմ ներկայացվի հայտնի փառատոնում, դա բոլորի հաջողությունն է: Այդպես ճանաչում են նախ երկիրը, որի շնորհիվ ճանապարհ է հարթվում մյուս ռեժիսորների համար:

Իսկ համախմբմանը զուգահեռ անհրաժեշտ է նաև ստեղծագործական հանդուրժողականություն հասարակության շրջանում: Ամեն մեկը մյուսի գործի մեջ փնտրում է իր հարցի պատասխանը, և այն չգտնելու դեպքում այդ գործը բացասական գնահատում:

«Արվեստի ընկալման հարցում շատ ենք փոքրացել: Այսօր մենք ներքուստ այնքան չենք աճել, որ հասկանանք, որ այս տեսակի արվեստ էլ կարող է գոյություն ունենալ, որը ոչ քո ճաշակին, ոչ աշխարհընկալմանն է համապատասխանում, սակայն իրավունք ունի գոյություն ունենալ,- ասում է Դիանան:- Բայց ես համարում եմ, որ սա իմ ճանապարհն է. ես պետք է ֆիլմ նկարահանեմ, ու ոչ ոք ինձ հակառակում չի կարող համոզել»:

Լուս.՝ Դ. Կարդումյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter