HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մեկնարկած 6-րդ միջազգային «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին մասնակցում է 62 կազմակերպություն

Հունիսի 21-ին, մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Այն բացեցին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ֆորումի աշխատանքները կտևեն հունիսի 21-22-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումին այս տարի կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար կներկայացնեն 62 կազմակերպություն և ծրագիր, որից 43-ը` տեղական, իսկ 19` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները և այլն:

Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումները գործարար այցելուներին կցուցադրեն Locator, Instigate, Unicopm, Synergy International Systems, Goods.am, MobRest.com, ScanCity, Webex Technologies, Impera Studio, Online-taxi.am, IT Service, Web Security, Pegasus Logic, PappleSoft, 3D Modeling Union, Clean Energy, Oktell, Sitronics, Cross Social և այլ կազմակերպություններ: Պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացնեն Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, ֆինանսների նախարարությունը, սոցիալական և աշխատանքների հարցերի նախարարությունը և Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը: Ֆորումին ֆինանսաբանկային լուծումներ կներկայացնի հայաստանյան երկու բանկ` Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը և Ամերիաբանկը:

«Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող «ԴիջիԹեք» բիզնես ֆորում 2013-ում ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու բիզնես ոլորտի ՏՏ լուծումները կներկայացնեն կազմակերպություններ Սինգապուրից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից: Արտասահմանյան մասնակիցների թվին են պատկանում հետևյալ կազմակերպությունները` International Union of Intstruments and ITT Engeneering, National Research University Moscow Power Engineering Institute (MPEI), Moscow State University of Instrument Engineering and Computer Sciences (MGUPI), AzRy, Bit4ID, High Tech Solutions և այլն:

«Ֆորումը մեծ հնարավորություն է տալիս արդիականացնել թե գործարար, թե պետական և թե հասարակական գործընթացները` կիրառելով տեխնոլոգիական ընկերությունների ներուժը և նրանց առաջարկած ինովացիոն լուծումները: Այս առումով ֆորումի երկօրյա աշխատանքները կարող են հանգեցնել կտրուկ փոփոխությունների մեր երկրի տնտեսության համար: Առաջնային նպատակ համարելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսության այլ ոլորտներում` դեռևս 2008 թվականից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Համաժողովի իրականացմանն աջակցում է նաև ԱՄՆ ՄԶԳ ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: Աջակցության հիմնական նպատակն է քաջալերել և ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ընկերությունների մասնակցությունը ֆորումին: «Այսօր Հայաստանի նորաստեղծ ընկերություններն առաջարկում են նորարար և բավականին հետաքրքիր տեխնոլոգիական գաղափարներ և լուծումներ, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել բիզնեսի տարբեր ճյուղերում և առօրյա խնդիրների լուծման ընթացքում»,- նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Քորնելիոն:

Երկօրյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը բաղկացած կլինի հետևյալ միջոցառումներից.

  • Տեխնոլոգիական սեմինարներ – տեղական և արտասահմանյան ընկերություններ կներկայացվեն տեխնոլոգիական վերջին լուծումներն ու ծառայությունները:
  • Տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանս - կքննարկվեն ՏՀՏ և այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձևերը, մեթոդները և խնդիրները տնտեսությունում
  •  DigiTec Business” ցուցահանդես:

Ֆորումի մուտքն անվճար է: Աշխատանքային ժամերն են`10:00-18:00:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter