
Սանահինի վերակառուցման նախագծի հեղինակ. «Պետք է խնամք լինի, գոնե 2 տարին մեկ պետք է պոկեն բույսերը» (ֆոտո)
Սանահինի վանքային համալիրի եկեղեցիները տարիներ շարունակ եղել են անխնամ: Եկեղեցու գմբեթների ծածկասալերին աճել են հսկա ծառեր, իսկ պատերը պատված են բույսերով:
Վանքային համալիրի վերակառուցման նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Հովսեփյանը, ով հունիսի 18-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ այցելել էր Սանահին, լրագրողներին հայտնեց, որ Սանահինի հուշարձանախումբը դիտողին ներկայանում է շատ վատ վիճակում: «Պատճառը առատ աճած բուսականությունն է, որը այս կլիմայական պայմաններում զարմանալի չէ»,- ասաց նա:
Համալիրի եկեղեցիների ծածկասալերին առատ բուսականության աճելու պատճառներից մեկը վերակառուցման նախագծի հեղինակը համարեց այն, որ եկեղեցին օգտագործվող չէ: Ճարտարապետը կարծում է, որ ամեն օր եկեղեցիների պատերի ու գմբեթների ծածկասալերի խոտը պետք է հեռացվի:
Աշոտ Հովսեփյանը նաև ասաց, որ իրենցից առաջ իտալացի և գերմանացի մասնագետներն ուսումնասիրել են համալիրի պատերի ճաքերի դինամիկան: Ըստ վերջիններիս ընդհանուր եզրակացության՝ կառույցները գտնվում են հանդարտ վիճակում: Ճաքերի շարունակական բացման երևույթ չի նկատվում: Ամրության տեսակետից էլ եկեղեցու վիճակը համեմատաբար կարելի է բավարար համարել:
Այսուհանդերձ, վերակառուցման նախագծի հեղինակն ասում էր, որ եկեղեցին այս վիճակում թողնել չի կարելի: «Եկեղեցիների տանիքները լրիվ խարխլված են, ծառերի արմատների պատճառով շուռումուռ եկած, շաղախից ընկած: Բնական է, որ մեծ ջրահոսք է կատարվում կոնստրուկցիաների մեջ»,- ասաց նա: Դրանք ակնհայտ դրսևորվում էին հենց եկեղեցու ներսի խոնավ պատերին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանին հետաքրքրեց, թե եկեղեցիների գմբեթների ծածկասալերին աճած հսկա ծառերից ինչպես են ազատվելու: Աշոտ Հովսեփյանը վարչապետին տեղեկացրեց, որ այդ ծածկասալերը 80-ական թվականներին վերականգնվել են:
«Բայց դե, էստեղ խնամք չկա: Պետք է խնամք լինի, գոնե երկու տարին մեկ պետք է պոկեն բույսերը»,- ասաց ճարտարապետը, ով նաև բացատրեց, որ հիմնականում վերականգնմանը զուգընթաց պետք է հանվի բուսականությունը:
Նախագծի հեղինակը վարչապետի հետ զրույցում վերակառուցման գործում հատկապես կարևորում էր եկեղեցու խնամքի խնդիրը, որի համար տեխնիկական և ֆինանսական միջոցներ են հարկավոր: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վարչապետին բացատրեց, որ եթե փորձեն հիմա ծառերը հանել, դեպի եկեղեցու ներսը ջրի ճանապարհը կբացվի:
Հետաքրքրքիր էր այն, որ Հասմիկ Պողոսյանը լրագրողներին տված իր ասուլիսում չանդրադարձավ Աշոտ Հովսեփյանի մատնանշած մասնագիտական կարևոր խնդրին՝ եկեղեցու խնամքի պահանջին: Նա ասաց, որ ինքը և վարչապետն անդրադարձան այն խնդիրներին, որոնք հանրությանը հետաքրքրում էին:
«Մասնավորապես, բուսականության աճի խնդիրը ցույց տվեցինք փոքր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիման վրա, թե ինչ ձևով է հեռացվում, ինչ հերթականությամբ: Նկատելով, որ դա վերականգնման աշխատանքներին համընթաց պետք է իրականացվի»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Մշակույթի նախարարը լրագրողներին ներկայացնում էր վարչապետի հետ քննարկման այն դրվագը, որին ինքը մասնակցել էր: Մինչդեռ նախագծի հեղինակը չէր հուսալքվում և շարունակում էր ահազանգել հուշարձանի վիճակի մասին:
«Անցած տարի անգամ վերականգնված Սուրբ Աստվածածին եկեղեցու ծածկասալերի բնական քարերի հրաբխային պղպջակի մնացած փոքր անցքերում արդեն հող է հավաքվում, և բույս է աճում: Դրա համար պետք է տեր լինի, եկեղեցին օգտագործող լինի, որ խնամքը տարվի»,- ասում էր Աշոտ Հովսեփյանը:
Սանահինի եկեղեցական համալիրի վերակառուցման համար պետբյուջեից նախատեսվել է հատկացնել 180 մլն դրամ: Աշոտ Հովսեփյանը, փաստորեն, վարչապետին և լրագրողներին ահազանգում էր, համալիրի եկեղեցիների խնամքը չապահովելու դեպքում, պետբյուջեի միջոցների հնարավոր անարդյունավետ ծախսման մասին, որին չարձագանքեցին վարչապետը և մշակույթի նախարարը:
Սանահինի եկեղեցական համալիրում ընդամենը 3 մարդ է աշխատում, որոնց միջոցով հնարավոր չէ կազմակերպել համալիրի եկեղեցիների ինչպես վերանորոգված, այնպես էլ չվերանորոգված ծածկասալերի և պատերի խնամքը: Խնամքի համալիր խնդիրների լուծումը ի պաշտոնե մտնում է մշակույթի նախարարի պարտականությունների մեջ, որոնք Հասմիկ Պողոսյանը պետք է քննարկի և լուծի Էջմիածնի հետ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել