
Տաթևում մեկնարկեց ցուցահանդես-վաճառքը (լուսանկարներ)
Այսուհետև մինչև ամառային և աշնանային լավ եղանակների՝ Տաթևի զբոսաշրջային սեզոնի ավարտը, այցելուներիը, 10-րդ դարի վանքային համալիրը տեսնելուց և աշխարհի ամենաերկար ճոպանողին նստելուց բացի, հնարավորություն կունենան նաև տեղում ծանոթանալ սյունյաց վարպետների (նաղաշների) ձեռագործ աշխատանքներին:
«Տաթև արհեստավորաց թև» մշակութային հասարակական կազմակերպությունը վանքի մոտակայքում ցուցահանդես-վաճառք է կազմակերպել, որը բաց է լինելու շաբաթ-կիրակի օրերին: Կազմակերպիչների խոսքով՝ բացի տեղացի վարպետներից՝ մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, ովքեր ուզում են ներկայանալ իրենց աշխատանքներով:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ աղ ու հացով, հայկական ավանդական երգ ու պարով: Բացմանը ներկա զբոսաշրջիկների համար գուցե սկզբում մի փոքր անսովոր ու խորթ էր երկու ձեռքը դեպի երկինք պարզած տեղացիների պարը, բայց շուտով արդեն դժվար էր տարբերել տաթևցիին արտասահմանցուց և երևանցուց. բոլորը պարում էին զուռնա-դհոլի տակ:
Հյուրերի մեջ կային նաև զբոսաշրջիկներ հարևան Վրաստանից, նրանցից մի զույգ որոշեց, որ հայկական երաժշտությանը ամենահարմար պարը տանգոն է:
Արտասահմանցիներին հայ վարպետների աշխատանքները լավագույն կերպ ներկայացնելու համար Նիդերլանդներից հրավիրված Հանս Սիջսի խոսքով՝ Հայաստանը նույնիսկ տեղական մշակույթի տեսքով աշխարհին ներկայացնելու շատ բան ունի, պարզապես անհրաժեշտ է, բացի ստեղծագործելուց, պատշաճ ձևով այդ ամենը մատուցել: Հոլանդացին մի քանի օրով է եկել Հայաստան: Հանսը նշեց, որ Հայաստանում իր համար շատ բաներ նոր էին ու անհասկանալի, ամեն ինչ խառն է այստեղ՝ ի տարբերություն իր այցելած այլ երկրների, որտեղ հիմնականում ստանդարտների է հանդիպել:
Ցուցահանդեսի մասնակիցներից մեկի՝ Երևանում Գեղարվեստի ակադեմիան ավարտած Ժենյա Գրիգորյանի խոսքով՝ և մայրաքաղաքում, և իր ծննդավայր Սիսիանում ինքը բնակվելու, ստեղծագործելու և մասնագիտության՝ կերպարվեստի մեջ հմտանալու հնարավորություն ունի, սակայն, ի տարբերություն շատ հասակակիցների, ցանկանում է ամեն ինչ սկսել ծննդավայրից, որտեղ էլ հենց ունեցել է իր անհատական ցուցահանդեսը, իսկ այսպիսի միջոցառումները մարզում բնակվող երիտասարդ ստեղծագործողի համար ներկայանալու լավ հնարավորություն են:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Դերենիկ Եփրեմյանը հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի, իսկ «Տաթև արհեստավորաց թևը» հենց Տաթև գյուղում կունենա իր կենտրոնը՝ համապատասխան ենթակառուցվածքներով, եթե, իհարկե, լինեն աջակցողներ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել