
Ծիրանը մթերում են 50 դրամով. արմավիրցիները սպառնում են փակել ճանապարհը
Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան և մի քանի այլ գյուղերի բնակիչներ այժմ հավաքվել են Արմավիր-Բաղրամյ
Խնդիրն այն է, որ «Նոյան» գործարանի Վանանդի մասնաճյուղը հունիսի 22-ից սկսել է ծիրանի մթերման գործընթացը, սակայն գինը գյուղացիներին չի գոհացնում: Գործարանը ծիրանի կիլոգրամն ընդունում է 50 դրամով:
Գյուղացիները դժգոհ են գնից և պահանջում են մթերումն իրականացնել գոնե 120 դրամով, որպեսզի կարողանան իրենց ծախսերը փակել: Նրանք իշխանություններին այլընտրանք են առաջարկում՝ կամ մթերել 120 դրամով, կամ կարգավորել մաքսային հարցերը և թույլ տալ վրացիներին Հայաստանից ծիրան արտահանել:
Մյասնիկյանի համայնքապետ Անդրանիկ Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գյուղացիների բողոքի մասին տեղեկացրել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և սպասում են, որ նա էլ իր հերթին տեղեկացնի վարչապետին:
«Վանանդի գործարանին խնդրում ենք, որ գոնե 120 դրամով ընդունեն ծիրանը: Այնտեղ էլ հերթը շատ է, ծիրանն ընդունում են 50 դրամով, և գյուղացուն 1 լումա օգուտ չի մնում: Գոնե 120 դրամով մթերեն, որ գյուղացուն մի բան մնա, մենք էլ կարողանանք հողի հարկ հավաքենք: 50 դրամը մենակ աշխատողի գումարն է»,-ասաց Անդրանիկ Պետրոսյանը:
Համայնքապետը նշեց, որ գյուղացիներին մի կերպ են համոզել չփակել ճանապարհը, մինչև պատկան մարմիններն արձագանքեն: «Ճանապարհ փակելով հարց չի լուծվում: Ասել եմ՝ սպասեն, տեսնենք՝ ինչ է լինում»,- ավելացրեց համայնքապետը:
Խանջյանի համայնքապետ Սամվել Ավագյանի կարծիքով էլ այս վիճակից դուրս գալու միակ ելքը արտահանումն է: Ըստ նրա՝ այս տարի վրացիները գյուղ չեն եկել, գյուղացուց ապրանք չեն գնել, ինչն անում էին նախորդ տարիներին: «Վրացիները գործարաններից թանկ են ապրանքը գնում, եթե գան ծիրանը տանեն, խնդիրն ինչ-որ չափով կլուծվի»,- ասաց համայնքապետը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել