
Կարին Առուստամյան. «Երեխաներին թվում է, թե դու կախարդում ես ավազով»
«Այն քո մտքի թռիչքն է, անում ես վայրկենական, և դրա մեջ ինչ-որ քաղցր բան կա: Պահի տակ կարող ես իրականացնել մի շարք մտքեր»,- ավազով նկարչությանն իր բնորոշումն է տալիս Կարին Առուստամյանը:
Երիտասարդ նկարչուհի Կարինա Առուստամյանն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է ավազով նկարչությամբ: Այս ընթացքում նա հասցրել է յուրացնել ոչ միայն նկարչության այդ ուղղության մի շարք նրբություններ ու հմտություններ, այլև ներկայացնել ավազով նկարչությամբ մի շարք շոուներ: Իր խոսքերով` նկարել է այնքան տարբեր ու բազմազան պատկերներ, որ արդեն չգիտի անգամ` ինչ չի նկարել:
Նա պատմում է, որ ավազով նկարչությունն ունի որոշ սկզբունքներ: Առաջին կանոնը, որ այստեղ գործում է` քո ձեռքերը, քո դեմքն են: Պետք է հնարավորինս ճկուն ու գեղեցիկ նկարել, անգամ ավազ հրելը կամ մատներով պատկերը ստանալը պետք է արվի շատ նուրբ: Սակայն նկարելու ընթացքում ցուցամատը ամենաքիչն է օգտագործվում: Կարինը բացատրում է, որ այդ մատով աշխատելը նախ վիզուալ գեղեցիկ չէ, և երկրորդ` պատկեր ստանալու համար այնքան էլ արդյունավետ չէ:
Նկարչուհին նաև զգուշացնում է, որ որքան էլ «գայթակղիչ» լինի ավազով նկարչությամբ զբաղվելը, այնուամենայնիվ, շատ երկար նկարել չի կարելի:
«Սկզբից ավազը քեզ շատ լիցքավորում է: Բայց ինչքան դու լիցքավորվում ես, այնքան այն քեզնից շատ էներգիա է վերցնում,- ասում է Կարինը:- Պետք է զգույշ լինել, որովհետև սկզբում ոգևորված նկարում են, բայց հետո միանգամից հոգնում ես: Առավելագույնը 2 ժամից հետո քո միտքը չի կարող այլևս աշխատել»:
Նկարչուհու համար ավազով նկարչությունը զարգացնում է երևակայությունը և թույլ է տալիս մտածել:
Ավազով նկարչության մյուս սկզբունքը փոքր քայլերով ամբողջական պատկերը ստանալն է: Սովորաբար, երբ ավազով նկարչության շոու է ներկայացվում, նկարողը սահմանափակ ժամանակ է ունենում: Եթե կտավի դեպքում կարող ես դրա վրա երկար աշխատել, ապա ավազով նկարչության դեպքում պետք է հասցնես կոնկրետ ժամանակահատվածում ստանալ ամբողջական պատկերը: Առավել ևս, որ շոուի ժամանակ բազմաթիվ մարդիկ նայում են էկրանին ու սպասում, թե ինչպես և ինչ ես նկարելու:
«Դու գիտես, որ չես կարող սխալվել: Շոուի ժամանակ, երբ հնչում է երաժշտությունը, նկարելը չպետք է ավարտես ոչ շուտ, ոչ էլ ուշ: Ժամանակը քեզ սահմանների մեջ է դնում: Արագության տակ չգիտես` ինչ արդյունք կստանաս: Այնինչ, երբ նկարում ես, բոլորին թվում է` շատ արագ, վայրկենական ու հեշտ ստացվեց»,- ասում է Կարինը:
Կարինի համար ավազով նկարչությունը դեկորատիվ է, ավելի շատ շոու է, բայց ոչ արվեստ: Լինելով նկարչուհի` Կարինը խոստովանում է, որ շատ խիստ է արվեստի նկատմամբ, այդ պատճառով էլ չի կարող ավազով նկարչությունն արվեստ համարել: Նա անգամ չի ցանկանում համեմատել գեղանկարչությունն ավազով նկարչության հետ:
«Երբ մոտենում ես կտավին, նկարում ես այն, ինչ քո մեջ կուտակվել է որոշակի ժամանակի ընթացքում: Իսկ երբ մոտենում ես ավազին, դու մոտենում ես ցույց տալու, թե ինչ կարող ես ավազից ստանալ,- ասում է նկարչուհին:- Բայց ամեն դեպքում դա ավազ է, այն ինձ համար սահմանափակ է: Եվ քանի որ ավազը սահմանափակում է ստեղծագործողին, ևս մեկ պատճառ, որ դա արվեստ չէ»:
Բացի ավազով նկարելուց ու շոուների մասնակցելուց` Կարինը նաև ավազով նկարչության դասեր է տալիս «Sand Land» կենտրոնում: Նրա խոսքերով` դասերի ժամանակ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե ինչ պատկեր կստանա ինքը, այլ թե ինչպես են երեխաներն արձագանքում: Մինչ Կարինը ավազի վրա նկարում է, երեխաներն այդ ամենը տեսնում են էկրանի վրա ու հիացմունքով արձագանքում լույսի ներքո ստացվող ավազե պատկերներին:
«Երեխաները նայում են, ու նրանց թվում է, թե դու կախարդում ես ավազով, ձեռքի մի շարժում ես անում և ահա, պատկերը պատրաստ է»,- ասում է Կարինը:
Նրա խոսքերով` երեխաների հետ աշխատելու գաղտնիք չկա. պարզապես պետք է փորձել դասը հետաքրքիր անցկացնել և ճիշտ մոտեցում ցույց տալ: Լսարան մտնելուց առաջ պետք է բոլոր բացասական էմոցիաները թողնել դրսում, քանի որ երեխաները շատ զգայուն են: Այդ դեպքում դասը շատ ավելի հաջող կստացվի: Բայց և խոստովանում է, որ հատուկ չի պատրաստվում դասերին, այլ փորձում է դասերն անցկացնել երեխաների առաջարկություններով:
Կարինի դիտարկամամբ` ինչպես իրեն, այնպես էլ երեխաներին ավազով նկարչությունը հնարավորություն է տվել արագ կոմնորոշվել և կարճ ժամանակահատվածում ստանալ պատկեր: Բացի այդ` երեխայի մոտ կոտրվում է այն կարծրատիպը, թե ինքը չի կարող ավազով նկարել կամ նկարչության դասերի տալ: Ավազով նկարչությունը սահմանափակ տարածքի վրա կարող է ստեղծել ստեղծագործական ազատ դաշտ:
Մեկնաբանել