
Դիլիջանի քաղաքապետ. «Ցանկացած տղամարդու կարողանում ենք ապահովել աշխատանքով»
Շուրջ 3 տարի է՝ Դիլիջանում մենկարկել է քաղաքի զբոսաշրջության զարգացման և բիզնես կենտրոն դարձնելու ծրագիրը: Այսօր այդ մասին հայտնեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Ծրագրի հիմնական փուլը կավարտվի այս տարվա վերջին:
Քաղաքապետի խոսքերով` մինչ այս ծրագրի մեկնարկը քաղաքում գործում էր 2 բանկ, սակայն այժմ ավելացել են 3-ը, նախատեսվում է, որ կավելանան նաև այլ բանկեր: Դրա շնորհիվ ստեղծվել են նոր աշխատատեղեր, որտեղ բոլորը աշխատողները դիլիջանցիներ են: Բացի այդ՝ պարբերաբար իրականցվող շինարարության շնորհիվ աշխատանքի տեղեր են լինում բանվորների և վարպետների համար, որոնց թիվը հասնում է 200-250-ի:
«Հիմա Դիլիջան քաղաքից և իր հարակից գյուղերից շատ քիչ են գնում արտագնա աշխատանքի, որովհետև մեծ ծավալների շինարարական աշխատանքներ ունենք: Ցանկացած տղամարդու կարողանում ենք ապահովել աշխատանքով շինարարությունում»,- ասաց Ա. Սանթրոսյանը:
Նրա խոսքերով` ներդրումների մեծ մասը կատարում են հիմնականում մասնավոր անձինք, սակայն կա որոշակի հովանավորություն նաև պետության կողմից` կապված ճանապարհների շինարարության, դպրոցների, հիվանդանոցների վերանորոգման հետ: Մյուս տարի 1,5 մլն դոլար է հատկացվելու ճանապարհների բարեկարգման համար: Քաղաքապետը կարևորեց նաև համայնքի դերը, որի շնորհիվ 2 տարի առաջ բացվել է ամֆիթատրոնը, ինչպես նաև քաղաքում թվով 3-րդ թանգարանը: Վերջերս էլ Մհեր Մկրտչյան ծննդյան օրվա առթիվ քաղաքում մեծ շուքով տեղադրվել է «Միմինո» արձանը:
Նախատեսվում է հիմնել նաև բուհեր, որպեսզի տեղի երիտասարդներն իրենց ուսումը ստանան իրենց քաղաքում և այդտեղ էլ մնան աշխատելու:
Այժմ քաղաքում կան 30-ից ավելի հանգստյան տներ և առողջարաններ և մի քանի տասնյակից ավելի մասնավոր տներ, որոնք վարձով տրվում են զբոսաշրջիկներին, հանգաստացողներին: Նրանց մի մասը գալիս է արտերկրից, մասնավորապես՝ Եվրոպայից և ԱՄՆ-ից, որոնց մեծ մասը սփյուռքահայեր են: Իսկ հանգստանալու օրավարձը տարբեր է` 3-180 հազար դրամ:
Քաղաքը համագործակցում է Կենտրոնական բանկի հետ: Վերջինս վերցրել է կենտրոնական գրադարանի շենքը, որը, ըստ քաղաքպետի, վթարային շենք է և վերանորոգվելու է: Այնտեղ նախատեսվում է հիմնել էլեկտրոնային գրադարան, օտար լեզուների ուսուցման կենտրոն: Ըստ ԿԲ-ի հետ համաձայնության` կհիմնվի մանկապարտեզ, ինչպես նաև դպրոց, համալսարան:
«2013-ին ակնկալում ենք մոտ 100 աշխատատեղ մեր քաղաքացիների համար»,-ասաց Սանթրոսյանը:
Որոշ խնդիրներ կան նաև կապված քաղաքի ջրի մատակարարման հետ, որի ներքին ցանցը պետք է փոխվի: Քաղաքապետի խոսքերով` այժմ մեծ աշխատանքներ են կատարվում մաքրման կայաններում, իսկ ամբողջ աշխատանքի համար պահանջվում են մեծ գումարներ:
Հուլիսի 1-ից Դիլիջանում մեկնարկել է Միջազգային դպրոց հիմնելու ծրագիրը: Այն նախատեսվում է ավարտել 2013-2014 թթ.-ին: Քաղաքապետի խոսքերով` այն նման է լինելու Թայլանդի թագավորական դպրոցին, լինելու է «քաղաք մեջ առանձին մի քաղաք»: Նախատեսվում է դպրոցում ունենալ 550 աշակերտ, կլինեն դիմորդներ նաև արտասահմանից:
«Եթե մեր երկրից սովորողները տանում են այդ գումարները այլ երկրում վճարում, իսկ ինչու՞ չենք նայում, որ այդ մարդիկ չեն գնա այլ երկրներում սովորելու, նախ այդ գումարները կմնան մեր ՀՀ-ում, և դրսից եթե որևէ երեխա գա, նաև նրանք այդ գումարները կբերեն հանրապետություն»,- ասաց Արմեն Սանթրոսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել