
Գյուղում բաղնիք-զուգարան ունենալն արդեն ճոխություն է
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում հաշվառված է 1360 բնակիչ, սակայն նրանց մի մասը գյուղում չի ապրում. կամ արտագաղթել են, կամ էլ՝ տեղափոխվել այլ բնակավայր: Գյուղը հայ-թուրքական սահմանից ընդամենը 3-4 կմ է հեռու:
Վարդանաշենի համայնքապետի տեղակալ Էդիկ Զաքարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Վարդանաշենը վերջին 2-3 տարիների ընթացքում որոշակի զարգացում է ապրել. գյուղը գազիֆիկացվել է, շուտով կվերանորոգեն նաեւ գյուղի ճանապարհները, սակայն խնդիրներն էլ շատ են:
Այս գյուղում առաջնային խնդիրներից մեկը խմելու ջուրն է: Համայնքապետի տեղակալն ասաց, որ վարդանաշենցիները արտեզյան հորերի ջուրն են խմում, որը տնտեսական օգտագործման համար է նախատեսված, սակայն մոտակա տարիներին հնարավոր է զրկվեն նաեւ այդ ջրից:
Ըստ նրա` գյուղում ունեին 18-20 հատ ինքնաշատրվանող հոր, սակայն արդեն 5 տարի է՝ հորերից ջուրը վերցնում են պոմպերի միջամտությամբ: Էդիկ Զաքարյանի խոսքով՝ պատճառը հարեւան գյուղերում եւ Մեծամոր քաղաքում հիմնադրված ձկնաբուծական տնտեսություններն են: Վերջիններս իրենց տնտեսությունները զարգացնելու համար հորատելով մեծ քանակությամբ ջուր են վերցնում, ինչի արդյունքում նվազում են գյուղի ջրերը:
Լինելով սահմանամերձ գյուղ` վարդանաշենցիների մտահոգություններից մեկն էլ ծնելիության ցածր մակարդակն է: Բնակչության թիվը գնալով պակասում է: «Ժողովուրդը մի տղա ու աղջիկ է ունենում ու վերջ, ո՞վ ա կարողանում շատ երեխա ունենալ: Ապրելու խնդիր ունեն, էլ չասեմ, որ տուն կառուցելը գրեթե անհնար բան է դարձել»,- ասում է համայնքապետի տեղակալը:
Նա գյուղի զարգացման միակ ճանապարհը տեսնում է կառավարության վարած «գյուղամետ» քաղաքականության մեջ:
«Գյուղնախարարությունը շատ թույլ է, պիտի արտահանությամբ զբաղվեն: Վերջերս Մոսկվա էի գնացել, այնտեղ «Գլոբուս» հիպերմարկետ կար, ծայրից ծայր բուլղարական ապրանքներ էին վաճառվում` պոմիդորից ու բիբարից սկսած: Մենք էլ ենք դա արտադրում, դե այնպես թող անեն, որ մեր արտադրանքն էլ արտահանվի, ժողովուրդը կարողանա ապրի: Ստեղ գյուղնախարարություն չկա, միայն փող ստացող են: Բայց մի կողմից էլ` սա կառավարության խնդիրն է, նրանք պիտի գյուղնախարարին փող տան, որ այդ հարցերով զբաղվի»,-ավելացրեց Էդիկ Զաքարյանը:
![]() |
![]() |
Հակոբ Հովասափյան | Էդիկ Զաքարյան |
Բնակչության թվի նվազումը անհանգստացնում է նաեւ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հակոբ Հովասափյանին: Նա ասաց, որ Վարդանաշենի դպրոցն ընդունել է 1992թ.: 1994-1995 ուսումնական տարում դպրոցում սովորել է 220 աշակերտ, իսկ 2012-2013թթ.` 160: «Պատճառն արտագաղթն է, հիմնականում եզդիներն են գնում: Այս տարի 2-3 ընտանիք արդեն գնացել է գյուղից»,-ավելացրեց Հ. Հովասափյանը:
Տնօրենի ասելով` արտագաղթողների 90 տոկոսը բանկերին պարտք են, գնացել են դրսում աշխատեն, որ բանկերի վարկերը փակեն:
«Ծնելիությունը շատ քիչ է, ընտանիքները 2 երեխայից ավելի չեն ունենում: Այն ժամանակ ես առաջին դասարան էի ընդունում 18-20 աշակերտ, իսկ անցյալ տարի 10 աշակերտ եմ ընդունել: Ավարտում են 20-22-ը, իսկ դպրոց գալիս են 10-12-ը»,- նշեց դպրոցի տնօրենը:
Նրա կարծիքով` ժամանակն է, որ կառավարությունն իր ուշադրությունը քաղաքից գյուղ տեղափոխի: Գյուղերում մարդիկ ապրում են տարրական սոցիալական պայմաններից զուրկ, նույնիսկ բաղնիք-զուգարան ունենալն է ճոխություն համարվում: «Նման բաների մասին մոռացեք, նման բան չկա»,-ավելացրեց Հակոբ Հովասափյանը:
Տնօրենն ասաց, որ կառավարությունն այս գյուղի միայն գազիֆիկացման խնդիրն է լուծել, հիմա էլ դպրոցն է վերանորոգվում:
Ըստ նրա` 4 տարի է, ինչ գյուղը գազիֆիկացված է, մինչ այդ գյուղացիներն աթար էին վառում: Բայց այդ ուրախությունը կարճ տեւեց: Գազը թանկացել է, եւ, դպրոցի տնօրենի կանխատեսմամբ, գյուղի 90 տոկոսը նորից անցնելու է աթարին: «Այդ գներով ո՞ր գյուղացին ի վիճակի կլինի գազ վառել: Ոչ մեկը: Գյուղի 90 տոկոսը վարկերի տակ է, գյուղացիները չգիտեն՝ որ բանկից վերցնեն, որ բանկի վարկը մարեն, գազի վճար ո՞նց են տալու»,-նշեց Հակոբ Հովասափյանը:
Մի քանի տարի հետո գյուղերում սրվելու է նաեւ մասնագետների հարցը: Օրինակ` անցյալ տարի Վարդանաշենի դպրոցն ավարտել է 17 աշակերտ, որոնցից 3-ն է ընդամենը բուհում սովորել, մնացածը կամ հողագործությամբ են զբաղվում, կամ էլ արտագաղթում են:
Այս պահին թեեւ դպրոցը կադրային խնդիր չունի, սակայն այդ հարցը կարգավորել են հարեւան գյուղերի մասնագետների շնորհիվ: Վարդանաշենի դպրոցն ունի 22 ուսուցիչ, որոնցից 8-ը Արազափ գյուղից են, իսկ 3-ը` Մարգարայից:
Գյուղում փորձեցինք զրուցել նաեւ գյուղացիների հետ: Գյուղի կիսախարխուլ մշակույթի տան դիմաց նստած տարեց մարդիկ խուսափեցին զրույցի բռնվել` պատճառաբանելով, թե «ձուկը գլխից է հոտած, ինչ էլ ասեն, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել