
Ռեժիսորներ առանց սահմանների ֆորումում կպայքարի 12 կինոնախագիծ
Այս տարի Ռեժիսորներ առանց սահմանների (ՌԱՍ) 7-րդ տարածաշրջանային ֆորումն անցկացվելու է հուլիսի 9-14: Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրն իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում` ընդգրկելով Արևելյան գործընկերության անդամ երկրներին:
Ֆորումի շրջանակներում ներկայացված 12 կինոնախագծերը պայքարելու են 3 դրամաշնորհների համար: Դրանցից մեկը կազմում է 5000 եվրո, մյուս երկուսը` 3500:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և ՌԱՍ նախագծի ղեկավար Սուսաննա Հարությունյանի խոսքերով` իրենք այս ծրագրի միջոցով փորձում են խթանել Հայաստանում և տարածաշրջանում կինոարտադրության զարգացումը և նպաստել կինոյի ոլորտի գործիչների մասնագիտական որակների բարձրացմանը:
Նախագիծն իրականացվելու է սերբ կինոգետ և պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչի և Կատարի Դոհայի կինոինստիտուտի ծրագրերի բաժնի տնօրեն Լյուդմիլա Ցվիկովայի մասնակցությամբ:
Նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը նշում է, որ իրենց աշխատանքներն ընթանում են մի քանի հիմնական ուղղություններով: Նախ, իրենք նպատակ ունեն միավորել Հայաստանի և Արևելյան գործընկերության անդամ երկրների կինոգործիչներին: Բացի այդ` բարելավել Արևելյան գործընկերության անդամ երկրների կինոոլորտի օրենսդրությունը, որպեսզի համագործակցությունը լինի ավելի հեշտ և արդյունավետ:
ՌԱՍ ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի ուղղություններ:
Հուլիսի 8-10-ը անցկացվելու է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊԿՊ) նախագծերի զարգացման աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացվելու է 5 կինոնախագիծ Թուրքիայից և 5-ը` Հայաստանից, որոնք պետք է մրցեն 10.000 և 5000 ԱՄՆ դոլորին համարժեք մրցանակի համար:
Հուլիսի 4-14-ը նախատեսվում է իրականացնել Կինոլրագրություն առանց սահմանների (ԿԼԱՍ) դասընթացը, որին կմասնակցի 11 հոգի:
Իսկ Ֆիլմեր առանց սահմանների (ՖԱՍ) ծրագիրը կիրականացվի հուլիսի 7-14-ը: Ներկայացված ֆիլմերը ներկայացնում են տարածաշրջանի մշակույթը, պատմությունը, և հիմնականում ցուցադրվում են տարածաշրջանի փառատոների ընթացքում:
«Ադրբեջանի և Թուրքիայի հետ լարված հարաբերությույունների պատճառով Հայաստանը հաճախ դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից: Սակայն ՌԱՍ-ը տարածաշրջանային նախագիծ է, և Հայաստանը ոչ միայն մասնակցում է դրան, այլև հանդես է գալիս որպես առաջնորդ»,- նշում է Լ. Մարտիրոսյանը:
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի Արևելյան գործընկերության երկրների 10 ֆիլմ:
Մեկնաբանել