«2030-ին Հայաստանում ամեն 10-րդը կարող է դիաբետիկ լինել»
Հայաստանում շատ լուրջ առողջապահական խնդիր է շաքարային դիաբետը: Համաշխարհային առողջապահական կազմակերպության (WHO) տվյալներով տարածաշրջանում շաքարային դիաբետը` որպես մահացության պատճառ ցուցանիշով, Հայաստանի Հանրապետությունն առաջինն է, և շաքարային դիաբետի տարածվածությամբ Անդրկովկասում նույնպես առաջինն է: Դիաբետի միջազգային ֆեդերացիայի (IDF) ուսումնասիրության տվյալներով 2030 թ.-ին Հայաստանում ամեն 10-րդը կարող է դիաբետիկ լինել:
Հայաստանում շաքարային դիաբետ հիվանդությամբ ախտորոշված են մոտ 400 երեխա, սակայն նրանց թիվն օր օրի աճում է: Նրանց մոտ տիպ 1 շաքարային դիաբետն է, երբ օրգանիզմն ընդհանրապես ինսուլին չի արտադրում, և նրանց կյանքն անհնար է առանց ինսուլին ներարկելու: Դիաբետիկ երեխաների համար նաև պարտադիր է տնային պայմաններում արյան մեջ գլուկոզայի մակարդակի պարբերաբար չափումները գլյուկոմետր կոչվող սարքի միջոցով, ինչն էլ ուղղորդում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել հիվանդության անդառնալի բարդությունների դեմ պայքարում:
«Երազ» բարեգործական հիմնադրամը արդեն 3 տարի է պայքարում է այս խնդրի դեմ` «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գրանցված շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին տրամադրելով գլյուկոմետրեր, ստրիպեր, անհրաժեշտ դեղորայք, վճարելով նրանց անհրաժեշտ բուժ. հետազոտությունների համար, կազմակերպելով «Դիաբետի դպրոց» ուսուցողական դասընթացներ, տարբեր միջոցառումներ: Սակայն միայն հիմնադրամի ուժերով պայքարն արդյունավետ չի լինի, ուստի հիմնադրամը դիմում է տարբեր կառույցների օգնության` խնդրին համատեղ լուծում գտնելու նպատակով:
«Երազ» բարեգործական հիմնադրամի վերջին նախաձեռնություններից է դրամահավաքային ծրագիրը, որը հետապնդում է մեկ նպատակ. ապահովել շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին անհրաժեշտ թեսթ-երիզներով: Ցանկության դեպքում կարող եք օգնել` գումար նվիրաբերելով առցանց կամ տարածելով տեղեկատվությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել