
«Իսկ ինչո՞ւ պետք է ղարաբաղյան կոնֆլիկտը լուծվի». Թոմաս դը Վաալ
«Շատ բաներ են կատարվում կոնֆլիկտի շուրջ, բայց հենց կոնֆլիկտի ներսում, ցավոք, ոչինչ չի լուծվում, և նույնիսկ դեպի վատն է գնում»,- այսօրվա ասուլիս-քննարկման ժամանակ, խոսելով 2003 թ. գրված և վերջերս վերախմբագրած իր «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պատերազմի միջով» գրքի մասին, ասաց դրա հեղինակը՝ «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը:
Նրա կարծիքով՝ իր գիրքը, բնականաբար, չի կարող լուծել հակամարտությունը, սակայն մեծապես կարող է օգնել ղարաբաղյան հակամարտությունը հասկանալու հարցում, քանի որ այն որոշակի միֆեր է բացահայտում՝ թե ադրբեջանական, թե հայկական կողմի գործողությունների վերաբերյալ: Ռազմական առանձին դրվագների մասին հեղինակը փորձել է հնարավորինս շատ փաստերի լեզվով խոսել:
Սակայն Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքները հեղինակի դիտարկմամբ միֆ չեն, պատրանք չեն, այլ իրականություն: «Խորհրդային հասարակարգի ժամանակ էլ կար այն իրողությունը, որ կա հայկական ինքնիշխան շրջան Ադրբեջանի տարածքում, և խորհրդային իշխանության թուլանալու հետ մեկտեղ ինչ-որ ձևի պայթյունն անխուսափելի էր»,- ասաց Թոմաս դը Վաալը:
«Հակամարտությունների մասին պետք է խոսել, պետք է փորձել անկողմնակալ խոսել, պետք է փորձել ըմբռնել այն, ընդ որում, այդ ընթացքում անպայման սխալներ կգործես, և անպայման բոլորը դժգոհ կլինեն, դա նորմա է: Իսկ ահա հակամարտությունը լուծել գրքի միջոցով սկզբունքորեն անհնար է, բայց հնարավոր է արտաքին ընթերցողին տեղեկացնել, և այդ առումով առավել օգտակար է Թոմաս դը Վաալի գրքի հատկապես անգլերեն տարբերակը, քանի որ ղարաբաղյան հակամարտության մասին անգլալեզու գրականությունն աղքատիկ է, ունի թերություններ. կամ չափից դուրս ակադեմիական է, կամ չափից դուրս լրագրողական, և, որպես կանոն, միակողմանի»,- ասաց քաղաքագետ, կոնֆլիկտաբան Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նախորդ հրատարկության մեջ, երբ դեռ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, դը Վաալը չէր ներառել այն լուսանկարները, որոնցում Քոչարյանը 1986 թ. Յալթայում հանգստանում էր իր ադրբեջանցի ընկերների հետ:
Այս համատեքստում անդրադառնալով գրքի սյուժետային հիմքին՝ ղարաբաղյան կոնֆլիկտին՝ Իսկանդարյանը նշեց, որ դրանում աստիճանաբար ավելի շատ նկատվում է պատմություն դառնալու միտումը, և ավելի քիչ՝ թարմ քաղաքագիտությունը: Քաղաքագետն օրինակ բերեց Նորմանդիայի դուքս Վիլհելմ Առաջին Նվաճողին, ով 1066 թ. նվաճեց Անգլիան: «Հիմա արդեն ոչ ոքի հետաքրքիր չէ, թե նա անգլոսաքս ընկերներ ունեցե՞լ է, թե՞ ոչ, նրանց հետ Յալթայում ժամանակ անցկացրե՞լ է, թե՞ ոչ: Դա էական չէ, էականն այն է, որ նա գրավեց Անգլիան, և ներկայիս Բրիտանիան այդ նվաճման արդյունքն է, մնացածը պատմագետների գործն է»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով այն հարցին, թե այժմ ինչն է խանգարում ղարաբաղյան հակամարտության լուծմանը՝ Թոմաս դը Վաալն ասաց, որ բազմաթիվ գործոններ կան, բայց կարելի է հարցն այլ կերպ ձևակերպել՝ իսկ ինչո՞ւ պետք է հակամարտությունը լուծվի: «Դա մի փոքր ցինիկ հարց է, բայց ամեն դեպքում, ստատուս քվոն իրականում ավելի ուժեղ է: Իհարկե, ցանկություն կա հակամարտությունը լուծելու, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք խաղաղ կերպ հիմնականում չեն լուծվում»,- ասաց գրքի հեղինակը:
Լուսանկարում ձախից՝ Ալեքսանդր Իսկանդարյան, Թոմաս դը Վաալ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել