
Կաշենն արդեն շահագործվում է
«Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահագործում է երկու` Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց հանքավայրերը: Դրմբոնի հանքավայրը ընկերությունը շահագործում է 2002 թվականից: Պղնձի այս հանքավայրի պաշարները կազմել են 3,2 մլն տոննա: Հանքաքարի տարեկան արդյունահանումը և վերամշակումը վերջին տարիներին հասել է 350 հազար տոննայի: «Հիմա արդեն Դրմբոնի պաշարների մարման ժամանակահատվածն է սկսվում: Հանքավայրի մնացորդային պաշարները 500 հազար տոննա են, որը կբավականացնի 2-2,5 տարի աշխատելու համար»,- ասում է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի գործադիր վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը: «Բեյզ Մեթըլս»-ը 2012թ.-ին 6-ամսյա ժամկետում, մակաբացել է Կաշենի (Ծաղկաշենի) բաց հանքավայրը:
Կաշենը շահագործվել է 2013 թ.-ի մայիսի 1-ին: Հանքավայրը գտնվում է Դրմբոնից 40 կմ հեռավորության վրա: Հանքավայրը փռված է ձորի խորքում և շրջափակված է աստիճանահարթակներով: Ընկերությունը կարճ ժամանակամիջոցում կառուցել է նաև Կաշենից դեպի Դրմբոն տանող ճանապարհը: Կաշենի հանքաքարը պարունակում է պղինձ և մոլիբդեն: Արթուր Մկրտումյանը հավաստիացնում է, որ բաց հանքավայրում գոյություն չունեն ռադիացիոն էլեմենտներ պարունակող մետաղներ, և ընդհանրապես մթնոլորտային ազդեցության տակ արտանետումներ և արտադրանքներ չկան:
«Դա դասական պղինձ-պորֆիրային համակարգ է` ամբողջ աշխարհին վաղուց հայտնի, և, ի ուրախություն մեզ, որևէ վտանգ չենք տեսնում օգտակար կամ ոչ օգտակար պարունակության տեսքով»,- ասում է «Բեյզ Մեթըլսի» գլխավոր տնօրենը: Հանքավայրը նախագծով ունի 500 մետր սանիտարական գոտի, որտեղ առկա է 7 բնակելի տուն: Ընկերությունը որոշել է այդ ընտանիքներին տեղափոխել սանիտարական գոտուց, որի համար Լեռնային Ղարաբաղի կառավարությունը և գյուղապետարանը Վարդաձոր գյուղի դպրոցի հարևանությամբ տարածք են հատկացրել ընկերությանը: «Արդեն ունենք նախագիծ, յուրաքանչյուր տունը լինելու է 50-55 մլն դրամ արժողությամբ, 4 և 3-սենյականոց, առանձին անասնագոմով, բոլոր կոմունիկացիոն հարմարություններով: Տները կունենան կոյուղաջրերի հավաքման և վնասազերծման կայան: Բնակարանները կառուցվելու են մեկ տարվա ընթացքում»,- հայտնեց Արթուր Մկրտումյանը:
Ստորգետնյա հանքավայրի շահագործման 11 տարիներին Դրմբոնի երկու պոչամբարներում կուտակվել է 4 մլն տոննա արտադրական պոչանյութ: Մեկ տարի առաջ «Բեյզ Մեթըլզ»-ը Կաշենի բաց հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ Դրմբոնում կառուցել է 3-րդ պոչամբարը: Ընկերության Ընդհանուր հարցերով վարչության պետ Սամվել Իվանյանն ասում է, որ 3-րդ պոչամբարը կառուցված է 14 հա-ի վրա: Գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, սակայն պնդեց, որ Դրմբոնի 3 պոչամբարները միասին զբաղեցնում են 10 հա տարածք և տեղավորված են ձորի մեջ:
Ըստ նրա՝ պոչամբարները բավականին երկար են, եւ ունեն 80-100 մետր լայնություն: Երկրի ընդերքի կեղևը պոչանքային ազդեցություններից զերծ պահելու նպատակով 3-րդ պոչամբարի հատակը ծածկված է գերմանական արտադրության հատուկ թաղանթով:
Պոչամբարները շահագործվում են ջրի շրջառու համակարգով: Դրմբոնում առաջին անգամ կիրառվում են նաև պոչերի կրկնակի մշակման տեխնոլոգիաներ: Ֆլոտացիոն մեթոդով հարստացման արդյունքում պոչանքներում բավականաչափ կորզելի ոսկի է դեռ մնում, սրա համար Դրմբոնում նոր գործարան են կառուցում: Արթուր Մկրտումյանն ասաց, որ նախորդ 2 պոչամբարների պոչանքները ևս մեկ անգամ մեկ աստիճանով ոսկուց կորզվելուց հետո կվերադառնան 3-րդ պոչամբար` արդեն հիմնական տեղադրման համար: «Բնապահպանները զգուշացնում են պոչանքների տեղաշարժման վտանգների մասին»,- հիշեցրինք գլխավոր տնօրենին:
Ա. Մկրտումյանն ասաց, որ այդտեղ վտանգ չի տեսնում, քանի որ տեղափոխելուց հետո պոչանքները քիմիական գործընթացի ենթարկվում են հատուկ սարքավորումների և տարողությունների մեջ, տեղափոխումն էլ իրենից ներկայացնում է հատուկ տեսակի պոմպերի կիրառում: Տնօրենին հարցրինք նաև հանքարդյունաբերության հետևանքով Դրմբոնում և Կաշենում ընկերության կողմից իրականացրած անտառահատումների մասին: «Բարեբախտաբար, քիչ ենք հատել անտառներ: Կաշենում երևի թե մացառուտների տեսքով 3-4 հա անտառ ենք հատել, իսկ Դրմբոնում 11 տարիների ընթացքում, հաշվի առնելով պոչամբարային տնտեսությունը, ընդհանուր առմամբ հատած կլինենք 20-30 հա անտառներ»,- ասաց նա:
«Բեյզ Մեթըլս»-ի գլխավոր տնօրենը ասաց նաև, որ Ղարաբաղում կան նաև նոր ձևավորվող հանքարդյունաբերական 2 այլ ընկերություններ: Նրանցից մեկը տարեվերջին արտադրանք է տալու: Արթուր Մկրտումյանը բնապահպահպանական խնդրի լուծում համարեց բարոյական հանքարդյունաբերողի կարևոր գործը: Նա հայտնեց, որ Ղարաբաղում բնապահպանական խնդիրները վերահսկելու համար բնապահպանական ՀԿ-ներ կան:
Ակամայից սկսում ես մտածել` մի՞թե Ղարաբաղի անկրկնելի ու կուսական բնությունը նույնպես զոհ է դառնալու հանքարդյունաբերությանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել